Մատչելիության հղումներ

«Ազատ դեմոկրատներն» ու «Ժառանգությունը» դաշինքի մասին որոշում կընդունեն մի քանի շաբաթից


«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյան
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյան
Նախկին արտգործնախարար, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության անդամ Ալեքսանդր Արզումանյանը հինգշաբթի կայացած ասուլիսում հայտարարեց, թե մի քանի շաբաթից պարզ դառնա` արդյոք կհաջողվի «Ժառանգությանն» ու «Ազատ դեմոկրատներին» նախընտրական դաշինք կազմել:

«Չենք բացառել ոչ մենք, ոչ «Ժառանգություն»-ը, որ կարող է նպատակահարմար գտնենք միասնական թիմով հանդես գալ: Որեւէ խնդիր չենք տեսնում, բայց դեռ քննարկումները գնում են, որովհետեւ երկուսն էլ կուսակցություններ են, որոնք անդամներ ունեն, պետք է քննարկել խորհուրդներում, որոշումներ կայացնել, նպատակահարմարության անհրաժեշտությունը կթելադրի համագործակցության ձեւը», - ասաց Արզումանյանը:

Արզումանյանն ասում է` «Ազատ դեմոկրատներ»-ը ընտրությունները վերահսկելու, հնարավոր ընտրակեղծիքների դեմ պայքարելու հարցում պատրաստ են համագործակցել ընդդիմադիր բոլոր քաղաքական ուժերի հետ, սակայն նախընտրական դաշինք կազմելը ընդդիմադիր կուսակցություններից միայն «Ժառանգության հետ են հնարավոր համարում. Դաշնակցության պարագայում գաղափարական տարբերությունն է պատճառը, իսկ Հայ ազգային կոնգրեսի դեպքում Արզումանյանն ասաց` «նույն գետը երկու անգամ չեն մտնում»:

«Ազատ դեմոկրատներ»-ի ներկայացուցիչը համոզված է, որ ինչպիսի ընտրություններ էլ անցկացվեն, հաջորդ գումարման խորհրդարանում նախորդից շատ ընդդիմադիր կուսակցություններ ներկայացված կլինեն, եւ «Ազատ դեմոկրատներ»-ը, նրա կարծիքով, անկասկած նրանց շարքում լինելու են:

«Կա ձեւավորված ընդդիմություն, կա պայքարող ինստիտուցիոնալ ընդդիմություն, դա ՀԱԿ-ն է, կա «Ժառանգություն»-ը, մենք, կա Դաշնակցությունը, որն այսօր պայքարում է ընդդիմադիր դաշտում, այնպես որ այդ առումով [ընդդիմադիրների ներկայացվածությունը ԱԺ-ում] կարծում եմ, ավելի շատ կլինի», - ասաց Արզումանյանը:

«Ազատ դեմոկրատներ»-ը կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից են, կարծում են, որ գործող նախագահական համակարգը պետք է փոխել:

«Նախագահական համակարգը Հայաստանում չի գործում: Ցանկացած մարդ, դառնալով Հայաստանի նման երկրի նախագահ` այսօրվա օրենսդրությամբ, այսօրվա համակարգով, ձեռք է բերում ավտորիտար, տոտալիտար նկրտումներ եւ սկսում է իր տակ մտցնել ամբողջ համակարգը: Դա բացառելու լավագույն տարբերակը, ըստ մեզ, խորհրդարանական համակարգին անցնելն է: Կարծում եմ, կմտնենք [խորհրդարան] այս հարցերը կբարձրացնենք, եւ դա լավ ներկայացնելու պարագայում հնարավոր է եւ փոխենք», - հույս ունի Արզումանյանը:

Իբրեւ կառավարման խորհրդարանական համակարգի կողմնակից` Արզումանյանը կարծում է, որ 2013-ին չարժե ունենալ նախագահի թեկնածու. եթե լինի մեկը, ով հայտարարի, թե գալիս է կառավարման համակարգը փոխելու ծրագրով, իրենք նրան կպաշտպանեն: Արզումանյանը հավաստիացնում է, թե ընտրացուցակ կազմելու կռիվ կուսակցությունում չկա, իր կուսակիցների համար կարեւոր չէ, թե ով որերորդը կլինի այդ ցուցակում, սակայն նախընտրելի է, որ այդ ցուցակի առաջին տեղերում լինեն հանրությանը ծանոթ, քաղաքական կշիռ ունեցող գործիչներ: Նա ասաց` նախընտրական շտաբն ինքը չի ղեկավարի, թեեւ ունի նման փորձ, (2008-ին նախագահի թեկնածու Լեւոն Տեր-Պետրոսյանի նախընտրական շտաբը Արզումանյանն էր ղեկավարում): Նա ՀՀՇ-ի անդամ էր եւ կուսակցությունը պաշտոնապես լքեց անցած տարվա ամռանը` պատճառաբանելով, թե ՀՀՇ-ն ազատական գաղափարախոսությունից նահանջ է ապրել:

Մամուլում տեղեկություններ էին հայտնվել, թե մի քանի օր առաջ «Սիվիլիթաս» հիմնադրամում տեղի է ունեցել Ալեքսանդր Արզումանյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Վարդան Օսկանյանի հանդիպումը, եւ երեք նախկին արտգործնախարարները քննարկել են դաշինք կազմելու հնարավորությունները: Արզումանյանն այսօր ասաց, որ ինքը արտգործնախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո չի հանդիպել Վարդան Օսկանյանին, երբեմն-երբեմն ընդունելությունների ժամանակ հեռվից իրար տեսել են, չեն էլ մոտեցել, իսկ մի քանի օր առաջ իբրեւ հյուր հրավիրված է եղել «Սիվիլիթաս»-ում կազմակերպված քննարկմանը: Լինելով այդ հիմնադրամի նախագահը` նրան Օսկանյանն է դիմավորել: «Մեր շփումը դրանով սահմանափակվել է», - հավաստիացրեց Արզումանյանը, ով Օսկանյանի հետ դաշինք ձեւավորվելու հարցին ի պատասխան կրկնեց նրա մասին ավելի վաղ արտահայտած կարծիքը. - «Նա մարտի 1-ի կարեւորագույն պատասխանատուներից մեկն է, որովհետեւ Վարդան Օսկանյանն էր, ով երբ ժողովրդի վրա կրակում էին, հանդես էր գալիս նախագահականում, տարածում էր ճշմարտությանը չհամապատասխանող լուրեր` ընդդիմադիր խաղաղ ցուցարարների վերագրելով ապօրինի գործողություններ եւ պաշտպանում էր իշխանության` նախապատրաստվող սպանդի ողջ գործընթացը եւ նաեւ նախապատրաստում էր հատուկ դրություն մտցնել: Այդքանով նա կիսում է մյուս իշխանավորների հետ պատասխանատվությունը մարտի 1-ի զարգացումների համար»:

Անդրադառնալով ներքաղաքական հարցերին, մասնավորապես, Հանրապետական-«Բարգավաճ Հայաստան» լարված հարաբերություններին, Արզումանյանն ասաց, թե անկեղծ պայքար նրանց մեջ, այնուամենայնիվ, կա:

«Որովհետեւ շահի խնդիր կա: Հանրապետական կուսակցությունը այս ընտրությունները դիտարկում է որպես նախաբան նախագահական ընտրությունների, այսինքն սա գլխավոր փորձն է ընտրություններից առաջ: Այդ առումով կարծում եմ, հակասությունները իրականում կան», - ասաց նա:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG