Մատչելիության հղումներ

Համարբերգը շուտով կթողնի ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը


Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ, արխիվային լուսանկար
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգ, արխիվային լուսանկար
Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համարբերգը հինգշաբթի օրը հանդես է գալու Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) մշտական խորհրդի նիստում։ Սա մշտական խորհրդին ուղղված նրա վերջին ուղերձն է, վերջին ելույթը` պաշտոնից հեռանալուց առաջ։

Այսօրվա ելույթում Համարբերգը ուշադրություն է հրավիրելու, որ միջազգային հանրությունը, ներառյալ` Եվրոպայի խորհուրդը եւ ԵԱՀԿ-ն, կարող են միասին ավելի լավ գործել` աջակցելու, որ մարդու իրավունքների հիմնարար չափանիշները տեղ գտնեն քաղաքական որոշումներում։

Թոմաս Համարբերգի գործունեությունը կապված է նաեւ Հայաստանի հետ։ 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո նա այցելել է Հայաստան, զեկույց հրապարակել։

Անցյալ տարի գարնանը հրապարակած իր զեկույցում 2008-ի մարտի 1-ին եւ 2-ին ոստիկանության կողմից ուժի գործադրումը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը որակել էր անհամաչափ, իսկ 10 զոհերի մահվան պատճառների բացահայտման ուղղությամբ կատարված քայլերը` անարդյունավետ։

2011 թվականի հունվարին այցելելով Հայաստան` Համարբերգը նաեւ իշխանություններին կոչ էր արել ազատ արձակել մարտիմեկյան իրադարձությունների կապակցությամբ բանտարկվածներին։

Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում անդրադառնալով Համարբերգի` հայաստանյան մասով գործունեությանը, ասաց. - «Թոմաս Համարբերգը այն քչաթիվ եվրոչինովնիկներից է, ով բավականին հետեւողական եղավ, որ վերջին շրջանում, հատկապես 2008 թվականի նախագահական ընտրություններից հետո քաղբանտարկյալների հարցով, նա տուրք չտվեց դիվանագիտությանը, որպես իրավապաշտպան հանդես եկավ եւ հետեւողական էր քաղբանտարկյալների ազատ արձակման խնդրում եւ պահանջներում»։

«Այսինքն, նա որպես եվրոչինովնիկ չփորձեց իշխանությունների հետ դիվանագիտություն խաղալ։ Նա մնաց իրավապաշտպան` ե՛ւ իր պահանջներում, ե՛ւ իր քայլերում, եղավ բավականին հետեւողական», - ընդգծեց Հարությունյանը` շարունակելով. - «Այդ իմաստով, ես կարող եմ դրական գնահատել իր գործունեությունը Հայաստանում` ե՛ւ Հայաստանի հետ կապված, ե՛ւ հետընտրական պրոցեսների հետ կապված ընդհանրապես»։

Թոմաս Համարբերգը Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը ստանձնել էր 2006 թվականի ապրիլի 1-ին։ 2012 թվականի ապրիլի 1-ին նրան փոխարինելու է լատիշ Նիլս Մյուժնիեկսը, ով մարդու իրավունքների հանձնակատար է ընտրվել Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի այս տարվա հունվարի 25-ին նիստում. Հայաստանը եւս սատարել է նրա թեկնածությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG