Մատչելիության հղումներ

Պաշտոնական վիճակագրությունը բնակչության աճ է արձանագրել


Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան
Ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյան
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) այսօր հրապարակած տվյալների, Հայաստանի բնակչությունը 0.4 տոկոսով աճել է: 2012-ի առաջին ամսվա դրությամբ ընդհանուր բնակչության թիվը շուրջ 3 միլիոն 274 հազար է, 12 հազարով ավելի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:

Այդուհանդերձ, ԱՎԾ-ն մի շարք բացասական արդյունքներ է արձանագրել ժողովրդագրական ցուցանիշներում, մասնավորապես շուրջ 3 տոկոսով նվազել է ծնելիությունը: ԱՎԾ-ի Մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանի խոսքով, Հայաստանը շարունակում է գտնվել ծնելիության ցածր ցուցանիշ ունեցող երկրների շարքում, որտեղ պարզ վերարտադրությունը լուրջ խնդիր է:

«2011 թվականի հունվար-դեկտեմբերի ընթացքում գրանցվել է 43 447 կենդանի ծնունդ, այսինքն յուրաքանչյուր 1000 բնակչի հաշվով 2011 թվականի ծնունդները կազմել են 13 երեխայից մի քիչ ավելի», - ասաց Կույումջյանը:

Ծնելիության ամենաբարձր ցուցանիշը Երեւանում է, ամենաքիչը երեխաներ ծնվել են Սյունիքի մարզում: 100 աղջկա հարաբերակցությամբ ծնվել է 114 տղա, սակայն ընդհանուր բնակչության մեջ գերակշռում են կանայք: Կյանքի միջին տեւողությունը Հայաստանում 74 տարեկանն է: 0.4 տոկոսով աճել են մահացության դեպքերը` կազմելով շուրջ 28 հազար:

Շատացել են ինքնասպանության փորձերը` մոտ 650, որոնցից 200 ավարտվել է մահով: Ինքնասպան են եղել հիմնականում կենսաթոշակառուները կամ գործազուրկները` գերակշիռ մեծամասնությունը 30-ից 65 տարեկան տղամարդիկ են: Բացասական են նաեւ հաշվառման տվյալները. շուրջ 8 հազար մարդ գրանցվել է բնակության վայրում, մինչդեռ մոտ 12 հազարը դուրս են եկել գրանցումից: Ինչ վերաբերում է Հայաստանից հեռացած մարդկանց թվաքանակին, ապա, ըստ Կարինե Կույումջյանի, իրենց տվյալները ամբողջությամբ չեն պատկերում արտագաղթը, քանի որ միայն արձանագրում են, թե քանի մարդ է հատել սահմանը: Ըստ այդմ Հայաստան ժամանող եւ Հայաստանից հեռացող Հայաստանի քաղաքացիների տարբերությունը բացասական է` մոտ 49 հազար մարդ: Նրանց մոտ 70 տոկոսը տղամարդիկ են: Հարցին, թե այսքան բացասական ցուցանիշների դեպքում ինչպես ընդհանուր բնակչության թիվը աճել, Կարինե Կույումջյանը պատասխանեց. - «Սահմանահատումները չեն կարող հիմք հանդիսանալ մշտական բնակչության քանակի ցուցանիշի ճշգրտման համար: Բնակչության թվաքանակը նորացվում է միայն մշտական բնակչության թվաքանակի մասով, իսկ մշտական բնակչության թվաքանակը նորացնելու համար պետք է լինեն գրանցումներ, պաշտոնապես հաշվառման ենթարկվածներ»:

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը կասկածելի է որակում այսօր հրապարակված տվյալները: Նրա խոսքով` անգամ պաշտոնական տվյալները համադրելով բնակչության աճ չէր կարող արձանագրվել:

«Ցավալի է, բայց տարօրինակ չեմ համարում, որ մենք ունենք սպասվածից տարբեր պատկեր, սկզբունքորեն բոլոր պետական վիճակագրական ծառայություններում էլ կան, մեղմ ասած, սխալներ: Ես կարծում եմ, որ կան նաեւ թվերը ինչքան հնարավոր է պաշտոնական ցանկալիին մոտեցնելու միտումներ: Ես նույնիսկ չեմ կարծում, որ սրանք ընտրությունների հետ ուղղակի կապ ունեցող թվեր են: Ես ենթադրում եմ, որ սա բնակչության մեջ արտագաղթի հետ կապված տագնապները մի փոքր մեղմելու նպատակ ունեցող թվեր են», - ասաց Խառատյանը:

Ըստ Հրանուշ Խառատյանի` նոր մարդահամարի արդյունքները, որոնց հրապարակումը կսկսվի աշնանը, էական փոփոխություն չեն արձանագրելու: Ազգագրագետի խոսքով, Հայաստանից մշտական մեկնողների թիվը անհամեմատ ավելի բարձր է, քան ցույց է տալիս վիճակագրական ծառայությունը:

«Իմ դիտարկումներով 2011-ի ընթացքում 2010-ի համեմատ ավելի շատ մարդ պետք է գնացած լինի: Դա վկայում են նաեւ այլ նյութերը, օրինակ, այս տարի տասնյակ բնակավայրերում առաջին դասարանցի չկա, իսկ մարզպետարանների կրթության բաժինները եւ դպրոցների տնօրենները խոսում են այն մասին, որ շատ հաճախ ծնողները վերցնում են բարձր դասարանների աշակերտների փաստաթղթերը` տեղափոխվելու կապակցությամբ», - ասաց ազգագրագետը:

Կարինե Կույումջյանի փոխանցմամբ, 2011 թվականին շուրջ 10 տոկոսով աճել են ամուսնությունները` հասնելով 20 հազարի: Միեւնույն ժամանակ մոտ 6 տոկոսով ավելացել են ամուսնալուծությունները, 3 հազար զույգ է անցած տարի ապահարզանի է դիմել: Ամուսնալուծվող զույգերը ամենաշատը Լոռու մարզում են:

Հայաստան եկած արտասահմանցիների շարքում առաջին տեղում Վրաստանի քաղաքացիներն են` շուրջ 300 հազար, այնուհետեւ Ռուսաստանի, ապա Իրանի քաղաքացիները: Հայաստանցիները իրենց աղջիկներին ամենաշատը կնքել են Մանե անունով, այնուհետեւ Միլենա, Մարի: Տղաների անունների շքերթում առաջին տեղում Նարեկն է, այնուհետեւ Դավիթը եւ Գոռը:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG