Մատչելիության հղումներ

Ներմուծվում է քվեարկության էլեկտրոնային ձեւը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երեւանում:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի շենքը Երեւանում:

ԿԸՀ-ի` այսօր ընդունած որոշմամբ համապետական ընտրություններում ներմուծվում է քվեարկության էլեկտրոնային եղանակը:

Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր աշխատում են արտերկրում Հայաստանի դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում, կամ Հայաստանում գրանցված ընկերությունների օտաերկրյա մասնաճյուղերում, հետայսու կարող են Հայաստանի խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների ժամանակ քվեարկել նաեւ էլեկտրոնային եղանակով` այցելելով Կենտորնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքէջ:

Այդպես քվեարկել կարող են նաեւ նշված անձանց ընտանիքների անդամները, ովքեր վերջիններիս հետ բնակվում են արտերկրում:

Նշենք, որ ըստ Ընտրական նոր օրենսգիրքի 60-րդ հոդվածի, նշված խումբ անձանց համար պետք է սահմանվի քվեարկության նաեւ էլեկտրոնային եղանակ, եւ այսօրվա իր որոշմամբ ԿԸՀ-ն, փաստորեն, կատարեց օրենսգրքի պահանջը:

Ներկայացնելով հարցը` ԿԸՀ անդամ Տաթեւիկ Օհանյանը մանրամասնեց, թե էլեկտրոնային քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից ինը օր առաջ` Երեւանի ժամանակով առավոտյան 8-ին, եւ ավարտվում է քվեարկության օրվանից հինգ օր առաջ` Երեւանի ժամանակով երեկոյան 8-ին:

Ըստ Օհանյանի, քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 50 օր առաջ արտգործնախարարությունը եւ հայաստանյան այն ընկերությունները, որոնք արտերկրում ունեն մասնաճյուղեր, Ոստիկանության Անձնագրային եւ վիզաների վարչություն են ներկայացնում այն աձանց ցանկը, ովքեր կարող են քվեարկել էլեկտրոնային եղանակով: Նշված վարչությունը ստուգում է, թե արդյոք տվյալ անձինք իրոք հանդիսանում են Հայաստանի քաղաքացիներ եւ ունեն ընտրելու իրավունք, ինչից հետո ցանկը փոխանցվում է ԿԸՀ: Ի վերջո` ԿԸՀ-ն ցանկը հրապարակում է իր կայքէջում:

«Ցուցակը ստանալուց հետո Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ոչ ուշ, քան 10-օրյա ժամկետում Արտաքին գործերի նախարարությանը եւ համապատասխան իրավաբանական անձի տնօրենին տրամադրում է էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների թվին համապատասխան անհատական ծածկագրեր, որոնց միջոցով քաղաքացիները մուտք են գործելու համակարգ եւ գրանցվելու են, որպեսզի հետագայում ստանան համացանցով քվեարկելու հնարավորություն», - պարզաբանեց Օհանյանը:

Նշվեց նաեւ, որ այն բանից հետո, երբ վերջնականապես պարզ է դառնում էլեկտրոնային եղանակով քվեարկող անձանց ցանկը ու այն հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքէջում, ԿԸՀ-ն, միաժամանակ, այսպես ասենք, սովորական եղանակով քվեարկելու իրավունք ունեցող անձանց ցանկից հանում է այդ մարդկանց տվյալները` կրկնակի քվեարկությունը բացառելու համար:

Այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ եւ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը կարծիք հայտնեց, թե նշված էլեկտրոնային համակարգը նույնպես կծառայեցվի ընտրակեղծիքներին:

«Հնարավոր է մի այնպիսի ցուցակ ներկայացնել, որ, ենթադրենք 15 հազար մարդ են ապրում եւ աշխատում այդ երկրում: Եվ կբացատրեն դա շատ հիմնավոր կերպով: Ես կարծում եմ, որ եթե մինչ այժմ նման գործելաոճ չկար, այս պահին դա անակնկալ որպես մատուցել հանրությանը, սխալ է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց նա:

Թադեւոսյանը նաեւ կասկած հայտնեց, թե ԿԸՀ-ն կկարողանա 100 տոկոսանոց անվտանգություն ապահովել կայքէջի համար, որպեսզի այն չենթարկվի հաքերային հարձակման ու քվեները հանկարծ չբաշխվեն հօգուտ իշխող կուսակցությունների:

Ազգային ժողովում «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նախ ողջունեց նորմածությունը` նշելով, թե քաղաքակիրթ աշխարհը աստիճանաբար անցնում է էլեկտրոնային քվեարկության, սակայն ավելացրեց. - «Նախ եւ առաջ այդ ցուցակների հարցը, ինչպես են դրանք կազմվելու, ինչպես են դրանք հրապարակային եւ թափանցիկ լինելու քաղաքացիական հասարակության շահագրգիռ կողմերի համար: Եվ երկրորդը` լավագույն օրենքները բերվում են Հայաստան եւ զարմանալի ձեւով տալիս են վատ արդյունքներ: Դա նրանից է, թե ինչ նպատակադրում է ունենում այս կամ այն քաղաքական ուժը»:

Բարձրացված մտահոգություններին, որոնք ԿԸՀ նախագահին ներկայացրեց «Ազատություն» ռադիոկայանը, Տիգրան Մուկուչյանը արձագանքեց. - «Իրականացման բուն մեխանիզմը, ես նկատի ունեմ էլեկտրոնային ծրագրերը եւ այլն, այդ ամենը նախատեսվում է իրականացնել այն հաշվով, որպեսզի առավելագույնս թափանցիկ լինեն բոլոր ընթացակարգերը»:

please wait

No media source currently available

0:00 0:05:26 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG