Մատչելիության հղումներ

Արագածոտնում «Նիգ-Ապարանի» երկու անդամներ իրար դեմ կպայքարեն


Արագածոտնի թիվ 14 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դառնալու համար մտադիր են պայքարել երեք ապարանցիներ` Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Մյասնիկ Մալխասյանը, անկուսակցականներ Վրեժ Մարկոսյանն ու Լյովա Խաչատրյանը:

Վերջին երկուսը «Նիգ-Ապարան» հայրենակցական միության անդամներ են: Եթե նրանք առաջադրվեն, ապա միությունը ընտրության առաջ է կանգնելու, թե ում սատարել: Ինչքան էլ «Նիգ-Ապարանում» հավաստիացնում են, թե իրենք չեն զբաղվում քաղաքականությամբ, բայց նման պրակտիկա կա. երբեմն-երբեմն հայրենակցական միությունը պաշտպանում է այս կամ այն թեկնածուին: Օրինակ 2006-ին ապարանցիները հայտարարեցին, թե միությունը Աջափնյակում կայանալիք թաղապետի ընտրություններում պաշտպանելու է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եղբոր` Ռուբեն Հովսեփյանի թեկնածությունը: Նա ընտրվեց թաղապետ: 2007-ին պաշտպանեցին Լյովա Խաչատրյանին, նա էլ պատգամավոր ընտրվեց: Հիմա Լյովա Խաչատրյանի հետ նույն ընտրատարածքում առաջադրվում մտադրություն ունի նրա երբեմնի մտերիմը` «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը:

Խոսակցություններ կան, որ «Նիգ-Ապարանի երկու անդամներ ընտրություններում միմյանց դեմ են պայքարելու, որովհետեւ վատացել են Լյովա Խաչատրյանի եւ գլխավոր դատախազ, «Նիգ-Ապարան» հայրենակցական միության պատվավոր նախագահ երբեմնի ջերմ հարաբերությունները: Նա այլեւս չի սատարում Խաչատրյանին:

Լյովա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ իր եւ գլխավոր դատախազի հարաբերությունները նախկինի նման ջերմ չեն, բայց ասաց, թե թշնամություն էլ չկա:

«Երբ ձեր աչքը կտեսնի, որ ես առաջադրվել եմ, ու մեկ ուրիշն էլ է առաջադրվել, նման հարցերի պատասխանը այդ ժամանակ կհնչի: «Նիգ-Ապարանի» հետ ոչինչ չի եղել է, ոչ էլ կարող է լինել: Առաջադրվում է Հայաստանի քաղաքացին, ոչ թե «Նիգ-Ապարանի» անդամը: Սահմանադրությամբ, Ընտրական օրենսգրքով Հայաստանի ցանկացած քաղաքացի իրավունք ունի առաջադրվելու եւ առաջադրվում է: Իհարկե, երբ ընկերներ են առաջադրվում, [եթե իրոք առաջադրվեն միմյանց դեմ], ապա նրանք պարտավոր են իրար բացատրել, թե որն է պատճառը, որ մեկը, ոչ թե մյուսը», - ասաց Խաչատրյանը:

«Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ հեռախոսազրույցում վերահաստատեց թիվ 14 ընտրատարածքում իր թեկնածությունը առաջադրելու մտադրությունը: Նա ասաց, որ Լյովա Խաչատրյանի հետ մտերիմ հարաբերություններ ունի:

«Շատ նորմալ երեւույթ է», - ասաց Մարկոսյանը` ի պատասխան այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում երկու մտերիմների` իրար դեմ պայքարելուն:

«Նիգ-Ապարան» հայրենակցական միության ներկայացուցիչ Օֆելյա Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ միությունը առաջիկա ընտրություններում այս կամ այն թեկնածուին պաշտպանելու որոշում չունի:

Անկախ «Նիգ-Ապարանի» կայացրած որոշումից Լյովա Խաչատրյանը ասում է` ինքը հայրենակցական միությունից դուրս չի գալու. - «Դա իմ փոքր ընտանիքն է, ես ո՞նց կարող եմ հրաժարվել: Ես նրա ստեղծման ակունքներում եմ կանգնած», - ասաց նա:

Մյասնիկ Մալխասյանը դատարանում, արխիվային լուսանկար
Մյասնիկ Մալխասյանը դատարանում, արխիվային լուսանկար
2008-ի մարտյան իրադարձություններից հետո գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդությամբ կալանավորված նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը կարծում է, որ երբեմնի երկու համախոհների միմյանց դեմ առաջադրվելու ցանկությունը պատճառներ ունի:

«Իշխանությունը իր լծակները կօգտագործի, չի թողնի իշխանական երկրորդ թեկնածուին առաջադվելու: Ես ուղղակի դրանում համոզված եմ, եթե թեկնածուները իրենց մեջ ուժ կգտնեն եւ իշխանական այդ ճնշումներին կդիմանան, դա միայն ինձ մոտ հարգանք կարող է առաջացնել, փառք ու պատիվ իրենց: Ակնկալենք հետաքրքիր ընտրարշավ», - ասաց Մալխասյանը:

Մալխասյանը նույն ընտրատարածքում 2003-ին մրցել է Լյովա Խաչատրյանի հետ: Ընտրությունների արդյունքներով հաղթել է Խաչատարյանը: Նա կարծում է, որ ՀԱԿ-ը կսատարի իրեն, թեեւ որոշում դեռ չունի: Մալխասյանի խոսքով`
թիվ 14 ընտրատարածքի ժողովուրդը դժգոհ է իշխանություններից, նաեւ` Լյովա Խաչատրյանից, որին ՀԱԿ-ի անդամը իշխանությունների ներկայացուցիչ է համարում:

«Լյովա Խաչատրյանը նույն իշխանական թեկնածուն է: Մենք բոլորս գիտենք, թե իշխանական թեկնածուները ինչ ճանապարհով եւ ինչպես են դառնում պատգամավոր, եւ պատգամավոր դարձած անձինք ծառայում են նրանց, ովքեր իրենց դարձրել են պատգամավոր», - ասաց Մալխասյանը:

Խաչատրյանն ու Մալխասյանը 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու կողմնակիցներ են: Մեծամասնականով ընտրված Խաչատրյանն ասաց, որ խորհրդարանում մեծամասնականը վերացնելու ընդդիմության նախաձեռնությանը կողմ է քվեարկելու:

«Արդեն մեկ տարուց ավելի ես օրենսդրական նախաձեռնություններ ունեմ շրջանառության մեջ եւ չեմ կարողանում դրանք նպատակին հասցնել: Եթե ես որեւէ քաղաքական ուժի անդամ լինեի, հավանաբար այդ ուժը կպաշտպաներ իմ նախաձեռնությունը: Որպես անկախ պատգամավոր` ինձ համար դժվար է», - ասաց պատգամավորը` հավելելով. - «Եվ ամենագլխավոր պատճառը, որ ես այսօր դեմ եմ մեծամասնականին, այն է, որ ոչ մի ընտրության արդյունք չարժի այն հետեւանքները, որ թողնում է մեծամասնական ընտրակարգը, այն թշնամանքը, որ առաջացնում է մարդկանց մեջ»:

please wait

No media source currently available

0:00 0:05:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG