Մատչելիության հղումներ

Հունվարի 31-ի մամուլ


«Ժամանակ» օրաթերթն անդրադարձել է նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի տարածած հայտարարությանը, որում նա ցանկալի է համարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի կողմնակից քաղաքական ուժերի կողմից քաղաքացիական շարժում ձեւավորելը: Նախկին արտգործնախարարը, հիշեցնենք, նաեւ նշել էր, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ իր ներգրավվածության մասին խոսակցությունները անհիմն չեն: Թերթն այս կապակցությամբ գրում է. - «Դժվար է ասել, սա քաղաքական սեզոնի լրջագույն իրադարձությունների՞ց է, թե՞ անեդոտ։ Բանն այն է, որ գրեթե ոչ մի կասկած չկա, որ Վարդան Օսկանյանն արտահայտում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը, որոնք, հասկանալի պատճառներով, Քոչարյանն ինքը չի կարող անձամբ արտահայտել։ Սակայն նույնիսկ նման դեպքում ըստ էության ստացվում է, որ Քոչարյանը հանդես է գալիս ներքաղաքական կոնսոլիդացիայի ջատագովի դերում, ընդդեմ ընտրակեղծիքների։ Սա արդեն իսկ անեկդոտ է»։

Գնահատելով իշխանական կոալիցիայում առկա հակասությունները` «Երկիր» օրաթերթը գրում է. - «Բոլորը գիտեն, որ երկու ամենակենտրոնացված կուսակցություններում` ՀՀԿ-ում եւ ԲՀԿ-ում, գրեթե բոլոր որոշումները, հատկապես` միմյանց հետ հարաբերությունների հետ կապված, կայացնում են լիդերները` Սերժ Սարգսյանը եւ Գագիկ Ծառուկյանը: Եվ երբ երկու կուսակցությունների ոչ շարքային անդամները, գործի դնելով լեզվի ու մտքի ողջ ճարտարությունը, մեծ հաճույքով հրապարակային լեզվակռիվ են սկսում, իսկ ԲՀԿ-ի անդամների եւ համակիրների նկատմամբ սկսվում են բացահայտ ճնշումներ, պարզ է դառնում, որ ինչ-որ շատ կարեւոր բան վաղուց խախտվել է, որ գործընթացները գնալով դառնում են անվերահսկելի, եւ այս կուսակցություններում ոչ ոք այլեւս չի փորձում թաքցնել միմյանց նկատմամբ ունեցած հակակրանքը: Փաստորեն, ներկոալիցիոն հակասությունների մասին` երկար ժամանակ շրջանառվող խոսակցությունները, չնայած այս կուսակցությունների ղեկավարների հավաստիացումներին, ստորագրված ու վերաստորագրված հուշագրերին եւ հայտարարություններին, իրար դեմ չպայքարելու ու իրարից ձայն «չփախցնելու» խոստումներին, ոչ միայն չեն դադարում, այլեւ օր օրի նորանոր դրսեւորումներ են ստանում»:

«168 ժամ»-ը զրուցել է Հայ ազգային կոնգրեսին անդամակցող «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ: «Կարծիք կա, թե ՀԱԿ-ի մաս կազմող կուսակցությունները դժգոհություններ ունեն ցուցակում իրենց հատկացվելիք տեղերի հետ կապված: Այսինքն` ավելի շատ են ուզում, քան ՀԱԿ-ի ղեկավարությունը պատրաստ է տրամադրել». լրագրողի այս դիտարկմանը Արամ Սարգսյանը պատասխանում է. - «Նախ ասեմ, որ միանշանակ սուտ է, նման քննարկում անգամ չի եղել: Ինչ վերաբերում է մեր կուսակցությանը, մենք միշտ վերցրել ենք ավելի քիչ, քան առաջարկել են: Ովքե՞ր են այդ լուրերը հնարում կամ ինչո՞ւ են հնարում` չգիտեմ: Միգուցե փորձում են իրենց ու մեզ նույն չափանիշներով չափել, կամ` այլ խնդիրներ ունեն: Մինչդեռ մենք փորձում ենք ելքեր գտնել եւ հակված ենք հաղթելու ոչ միայն ընտրությունները, այլեւ ընդհանրապես` հաղթելու այս իշխանություններին»: «Ճի՞շտ են այն խոսակցությունները, թե ցուցակի կամ մոտեցումների հետ կապված տարաձայնություններն այնքան խորն են, որ կարող են հանգեցնել ՀԱԿ-ի փլուզմանը» հարցին Սարգսյանը պատասխանում է. - «Չեն առաջանա այնպիսի խնդիրներ, որոնք կհանգեցնեն Կոնգրեսի փլուզմանը: Ընդունում եմ, որ հասարակության մոտ ՀԱԿ-ի գործունեության հանդեպ որոշակի թերահավատություն առաջացավ, բայց հավատացեք, որ ՀԱԿ-ի ցուցակը հայտարարելուց հետո հստակություն է մտնելու, եւ ՀԱԿ-ը սկսելու է միավորներ հավաքել` անկախ այն հանգամանքից, թե ովքեր են ներգրավված լինելու այդ ցուցակում: Այս իշխանությունները ոչինչ չեն արել, որ բողոքող մարդու կյանքն ինչ-որ չափով լավանա: Եվ դուք կտեսնեք, որ ընտրություններից մեկ շաբաթ առաջ հասարակության մեծ մասն ասելու է, որ այս ընտրություններում հաղթողը լինելու է ՀԱԿ-ը, ԱԺ-ում մեծամասնություն ունենալու է ՀԱԿ-ը»:

«Առավոտ»-ի խմբագիրը վստահ է, որ «ժողովրդավարությունը, արդար ընտրությունները եւ իշխանության լեգիտիմությունը նույնպես ՀՀ քաղաքացիների համար առաջնահերթ խնդիրներ չեն». - «Հասկանում եմ, որ մեր քաղաքական ուժերը կարող են նման պնդումից վիրավորվել, բայց դա ցավալի իրողություն է: Այդ խնդիրների վերաբերյալ անկեղծ պատասխանը կլինի հետեւյալը. «Ով ուզում է՝ թող լինի, ինչպես ուզում են՝ թող անեն, միայն թե ես նորմալ, ցանկալի է՝ լավ ապրեմ»: Եթե հարգարժան կուսակցությունները մեղադրեն մարդկանց սխալ քաղաքացիական կեցվածքի համար, ապա նրանք մեծագույն սխալ կգործեն: Որովհետեւ քաղաքական համակարգի նրբությունները ոչ միայն Հայաստանում, այլեւ որեւէ այլ երկրում հուզում են շատ քիչ մարդկանց: Կան չափազանց ոչ ժողովրդավար ռեժիմներ (օրինակ՝ Չինաստանը), որտեղ ընտրություններ, ըստ էության, չեն էլ անցկացվում, եւ որտեղ, սակայն, ապահովվում է բնակչության նորմալ կենսամակարդակը: Մի քանի այլախոհ մտավորականների դա չի բավարարում, բայց նրանք եղանակ չեն ստեղծում: Սակայն փաստ է, որ մեր երկրին պետք են, օդի պես անհրաժեշտ են ժողովրդավարություն, լեգիտիմություն եւ արդար ընտրություններ: Պետք է, հավանաբար, նաեւ 100 տոկոսանոց համամասնական համակարգ: Սակայն ցավն այն է, որ մեր քաղաքական ուժերը չեն կարողանում նորմալ բացատրել ժողովրդին, թե ինչի համար է այդ ամենը պետք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:54 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG