Մատչելիության հղումներ

«Լավատեսության պատճառներ դեռ չկան»


Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Լյուսի վան դեր Լաանը Երեւանում մասնակցում է ընտրությունների թեմայով միջազգային կոնֆերանսին:
Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Լյուսի վան դեր Լաանը Երեւանում մասնակցում է ընտրությունների թեմայով միջազգային կոնֆերանսին:
Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցության փոխնախագահ Լյուսի վան դեր Լաանը «լավատես» չէ վերջին 20 տարում Հայաստանում լավագույն ընտրություններն անցկացնելու իշխանությունների վստահեցումների առումով:

«Կարծում եմ, Հայաստանի իշխանությունների շահերից է բխում կազմակերպել իրական ընտրություններ, որովհետեւ եթե դրանք չանցնեն ազատ եւ արդար, ոչ միայն իշխանությունների վստահության հարցը կդրվի, այլեւ եթե հասարակության լայն շերտը գործընթացի վերաբերյալ վստահություն չունենա, դա կհանգեցնի անհանգստությունների: Հաշվի առնելով 2008 թվականի փորձը, ինչպես նաեւ Հայաստանի քաղաքական ազատության մասին վերջին զեկույցները, լավատեսության պատճառներ դեռ չկան», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շաբաթ օրը ասաց նա:

Լյուսի վան դեր Լաանը վկայակոչում էր ԵԱՀԿ-ի, Եվրոպայի խորհրդի, հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները, որոնք բարձրաձայնում են մտահոգություններ` դատական համակարգի անկախության, մամուլի ազատության եւ այլնի առչությամբ. - «Այս ամենը հանգեցնում է կոռուպցիայի, որի պատճառով մարդիկ տառապում են եւ իհարկե տնտեսությունը, որը այնքան ազատ չէ, որքան պետք է լիներ: Կարծում եմ, դեռ անելու շատ բան կա, իսկ ընտրությունները բավական մոտ են: Հայաստանի վրա միջազգային ուշադրությունը մեծ է լինելու, եւ իշխանությունների վրա ճնշում կլինի, որպեսզի բարեփոխումներ իրականացվեն: Հույս ունեմ, որ իշխանությունները փոփոխությունների կգնան ոչ այն պատճառով, որ ստիպված են, այլ որ իսկապես հավատում են, որ դա ավելի լավ է Հայաստանի ապագայի համար»:

Իսկ հարցին, թե իր տպավորությամբ իշխանություններն ունեն այդ քաղաքական կամքը, Լյուսի վան դեր Լաանը կարճ պատասխանեց` դեռ ոչ:

Հիշեցմանը, որ ԵԱՀԿ-ն ոչ իրատեսական է համարում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջարկը` ամեն ընտրատեղամասում առնվազն մեկ միջազգային դիտորդ ապահովելը, նա արձագանքեց. - «Ընտրական օրվա վերջում տեղական դիտորդները եւ ժողովուրդն են վստահություն արտահայտելու` անկախ նրանից, թե քանի միջազգային դիտորդ ներկա կլինի: Աշխարհում բազմիցս է եղել, որ միջզագային դիտորդները արձանագրել են, թե ամեն ինչ լավ է անցել, բայց ժողովուրդը համամիտ չի եղել եւ տարբեր եղանակներով արտահայտել է իր դժգոհությունը»:

Անդրադառնալով տնտեսական ազատ մրցակցության խնդրին, որը իր կուսակցության առաջնահերթություններից է` Լյուսի վան դեր Լաանը ասաց, որ թեեւ լավ ծանոթ չէ Հայաստանի տնտեսական իրավիճակին, բայց արդեն հասկացել է, որ կան մոնոպոլ, օլիգարխիկ կառույցներ, որոնք իրենց տնտեսական խնդիրները քաղաքական ճանապարհով են լուծում:

Եվրոպայի ազատական ժողովրդավարական եւ բարեփոխումների կուսակցությանը Հայաստանից անդամակցում է ՀՀՇ-ն, որի հրավերով էլ Լյուսի վան դեր Լաանը Երեւանում էր: Կուսակցությունը մտադիր է խորհրդի նիստը գարնանը Երեւանում անցկացնել, ակնկալվում է 36 երկրներից ավելի քան 100 պատվիրակների մասնակցություն:

ՀՀՇ-ի հետ համագործակցության մասին խոսելով` Լյուսի վան դեր Լաանը հիշեցրեց 2008-ի հետընտրական իրադարձություններից հետո ստեծված իրավիճակը. - «Երբ մեզ անդամակցող կուսակցություններից մեկը իր երկրում քաղաքական ճնշումների է ենթարկվում եւ անգամ քաղբանտարկյալներ են լինում, շատ հեշտ է մոբիլիզացնել եվրոպական ընտանիքի այլ կուսակացություններին` իշխանությունների վրա ճնշում բանեցնելու նպատակով»:

Լյուսի վան դեր Լաանին այսօր առավոտյան ընդունել է ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, այնուհետեւ նա մասնակցում էր ՀՀՇ-ի կազմակերպած` ընտրությունների թեմայով սեմինարին, որին հրավիրված էին ՀԱԿ-ին անդամակցող կուսակցությունների, ինչպես նաեւ «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացուցիչները:

please wait

No media source currently available

0:00 0:04:42 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG