Մատչելիության հղումներ

Հայաստանը նշում է Զինված ուժերի ստեղծման 20-ամյակը


20 տարի առաջ այս օրը` հունվարի 28-ին, Հայաստանի կառավարությունն ընդունեց «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, որով իրավականորեն ազդարարվեց ազգային բանակի ստեղծումը:

Հոբելյանական միջոցառումները սկսվել են դեռ երեկ: Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար պետական պարգեւներ է հանձնել Զինված ուժերի մի խումբ զինծառայողների եւ ազատամարտիկների:

Այսօր Սերժ Սարգսյանը բարձրաստիճան այլ պաշտոնյաների ուղեկցությամբ այցելել է Եռաբլուր պանթեոն:

Պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը, ով նույնպես ուղեկցում էր նախագահին, ասաց, որ առաջիկա տարիներին Հայաստանի Զինված ուժերը շարունակելու է ձեռք բերել հեռահար, գերճշգրիտ սպառազինություններ:

«Վերջին տարիներին մենք սպառազինությունների ձեռք բերմամբ ավելացնում ենք մեր մարտական կարողությունները: Ամենակարեւորն այն է, որ մեր բարեփոխումների հիմնական ուղղություններից մեկը դա ռազմավարական պլանավորմանն անցնել է, որի մեջ նաեւ սպառազինության եւ ռազմական տեխնիկայի զարգացման ծրագիրն է, որի համաձայն յուրաքանչյուր տարի` մինչեւ 2015 թվականը, մենք ձեռք են բերելու նոր սպառազինություններ, որոնք լինելու են հեռահար, գերճշգրիտ: Այսինքն լուծելու են այն խնդիրները, որ դրված են բանակի առջեւ», - պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին` ասաց Օհանյանը:

Նախարարը նաեւ տեղեկացրեց, որ կառավարությունը գերակա խնդիր է համարում Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, եւ այդ ուղղությամբ քայլերն արդեն ընթացքի մեջ են. - «Անցած տարի Անվտանգության խորհրդում հաստատվեց Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերության հայեցակարգը, որի շրջանակներում միջոցառումների մեծ ծրագիր է նախատեսված»:

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նույնպես անդրադարձավ հայկական բանակի սպառազինության արդիականացմանը` մասնավորապես նշելով, թե սպառազինության «թարմացումը» շարունակվում է:

Խաչատուրովը նաեւ ասաց, թե ծրագրեր կան սպառազինության ավելացման ուղղությամբ` չմանրամասնելով, սակայն, թե սպառազինության ինչ տեսակների ու քանակի մասին է խոսքը:

Գլխավոր շտաբի պետը շարունակեց. - «Շատ ուրախ եմ, որ 20 տարի անցել է, եւ մենք, ինչ որ ունենք, պահում ենք մինչեւ հիմա, ու լավ ենք պահում: Մենք փոխվել ենք, մենք շատ պինդ բանակ ենք դարձել, շատ նոր զինամթերք է ավելացել բանակում: Գլխավոր մեր հարստությունը բանակում մեր սպաներն են, երիտասարդ սպաներն են»:

Հայաստանի Զինված ուժերի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանը հանդես է եկել նաեւ շնորհավորական ուղերձով, ուր մասնավորապես ասված է. - «Քսան տարի առաջ մենք շրջեցինք պատմության անիվը: Այդ առանցքային ժամանակահատվածում մեր ժողովուրդը վերստեղծեց իր անկախ պետականությունը` ամբողջությամբ ստանձնելով պատասխանատվությունն իր իրավունքների ու ազգային շահերի պաշտպանության համար: Վերելքի այդ պատմական պահին կարեւորագույն նվաճումներից մեկը հայոց բանակն էր: Հայ ժողովրդի եւ մանավանդ արցախահայության գլխին կախված ցեղասպանության վերահաս վտանգը կանխելու անհրաժեշտություն կար: Բանակաստեղծման այդ բեկումնային իրադարձությունը ժամանակի պահանջն էր»:

Նախագահը այնուհետև եզրափակել է. - «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը մեր տարածաշրջանում հավասարակշռության, ուստի եւ խաղաղության ու կայունության պահպանման ամենակարեւոր երաշխավորներից են: Այսօր մեր զինվորը պաշտպանում է Հայաստանի խաղաղությունն ու անդորրը, բայց նա ներգրավված է նաեւ միջազգային խաղաղապահ առաքելություններում, որտեղ իրեն դրսեւորում է լավագույն կողմերով եւ բազմապատկում իր` կարգապահ ու քաջարի զինվորականի համբավը»:

please wait

No media source currently available

0:00 0:04:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG