Մատչելիության հղումներ

Պետական պարգեւներ եւ զինվորական կոչումներ` բանակի 20-ամյակի առթիվ


Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի զինված ուժերի ստեղծման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, բանակաշինության գործում մատուցած նշանակալի ծառայությունների, ինչպես նաեւ հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության եւ անձնվիրության համար Զինված ուժերի մի խումբ զինծառայողներ եւ ազատամարտիկներ պարգեւատրվել են Հայաստանի Հանրապետության շքանշաններով եւ մեդալներով, մի շարք զինվորականների շնորհվել են կոչումներ:

Պետական բարձր պարգեւների մի մասը նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը այսօր պարգեւատրվածներին հանձնել է իր նստավայրում:

«Հարգելի՛ գեներալներ, սպաներ, զինվորներ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման հոբելյանի առիթով ձեզ հանձնվող պարգեւների միջոցով մեր երկիրն ու ժողովուրդն իր վերաբերմունքն են արտահայտում ձեր անձնուրաց ծառայության հանդեպ: Այսօր դուք պարգեւատրվում եք ձեր հաջողությունների եւ ձեռքբերումների համար, որոնք Հայաստանը դարձնում են ավելի ամուր` բոլոր առումներով: Մենք հպարտ ենք ձեզնով ու ձեր զինակից ընկերներով», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է, մասնավորապես, Սերժ Սարգսյանը:

Նախագահի հրամանագրով, գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել Զինված ուժերի գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար, գնդապետ Արիս Բրուտյանին, Զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ, գնդապետ Իշխան Մաթեւոսյանին, պաշտպանության նախարարության խաղաղապահ ուժերի բրիգադի հրամանատար, գնդապետ Արթուր Սիմոնյանին եւ պաշտպանության նախարարության 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Հովիկ Օհանյանին, գեներալ-լեյտենանտի կոչում` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-մայոր Ստեփան Գալստյանին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG