Մատչելիության հղումներ

Նախկին ԲՀԿ-ականը նշանակվեց Արարատի ոստիկանապետ


«Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) նախկին անդամ Կարեն Խաչատրյանը նշանակվել է Ոստիկանության Արարատ քաղաքի բաժանմունքի պետ։

Ինչպես այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին Ոստիկանության լրատվական ծառայությունից, Կարեն Խաչատրյանը դիմել էր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին` համակարգում ծառայության անցնելու խնդրանքով, եւ երեկ ուշ երեկոյան ոստիկանապետի հրամանով նշանակվել է Արարատի ոստիկանության պետ:

Ոստիկանությունից փոխանցեցին, որ Խաչատրյանը ժամանակին ծառայել է Ռազմական ոստիկանությունում:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Արարատ եւ Վեդի քաղաքների տարածքային կառույցի փոխնախագահն էր:

Խաչատրյանի հետ միասին ԲՀԿ-ից դուրս էին եկել նաեւ նրա համախոհները:

Նա մամուլին փոխանցել էր, թե իր հետ «Բարգավաճ Հայաստան»-ից դուրս է եկել 400 հոգի, մինչդեռ կուսակցության Արարատի մարզային կառույցի ղեկավար Տիգրան Ստեփանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պնդել էր, թե ԲՀԿ-ից դուրս գալու մասին ընդամենը 58 դիմում են ստացել, որոնց մի մասն էլ կեղծ են եղել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG