Մատչելիության հղումներ

Սասուն Միքայելյանը հրազդանցիներին կոչ է անում ընտրել իրենց կամքով


Սասուն Միքայելյանը Հրազդանում նախընտրական հանդիպման ժամանակ, 25-ը հունվարի, 2012թ.
Սասուն Միքայելյանը Հրազդանում նախընտրական հանդիպման ժամանակ, 25-ը հունվարի, 2012թ.
Սասուն Միքայելյանը հրազդանցիներին կոչ է անում առանց վախենալու ընտրել նրան, ում իսկապես ուզում են տեսնել Հրազդանի քաղաքապետի աթոռին: Նա հրազդանցիներին բարեկարգ քաղաք եւ արժանապատիվ կյանք է խոստանում:

Երեկվանից մեկնարկել է Հրազդանի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Փետրվարի 12-ին Հրազդանցիները ընտրություն կկատարեն գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի ու Հայ ազգային կոնգրեսի անդամ, 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների հետեւանքով երեք տարի բանտարկված Սասուն Միքայելյանի միջեւ:

«Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում անդրադառնալով իր հանրապետական մրցակցին` Միքայելյանը հայտարարեց, որ Հրազդանի գործող քաղաքապետն ու Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, օգտագործեով վարչական լծակները, փորձում են մարդկանց ահաբեկելու, ճնշումներ գործադրելու միջոցով ստիպել ընտրել գործող քաղաքապետին:

Միքայելյանը վստահեցրեց, սակայն, որ ինքը թույլ չի տա գործող քաղաքապետին կեղծիքների միջոցով կրկին հայտնվել քաղաքապետի աթոռին:

«Երկուսն էլ համարյա տասը տարի աշխատում են` թող անեին այս տարիների ընթացքում, հիմա էլ ժողովուրդն ասեր, թե «մենք ունենք նորմալ քաղաքապետ, գնում ենք ընտրության», ոչ թե այս խեղճ ժողովրդին ամեն տարի, չորս տարին, հինգ տարին մեկ սկսեն բացատրել, համոզել, ահաբեկել։ Վերջիվերջո, այս ժողովուրդը պետք է մի անգամ իր ողնաշարն ուղղի՞», - ասաց Հրազդանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն` շարունակելով. - «Անձամբ ես եմ պատժելու` եթե իրենք անօրինական բաներ անեն, ես` անձամբ ես, ոչ մեկի թույլ չեմ տա»։

Այս մասին Միքայելյանը հայտարարեց նաեւ Հրազդանի թաղամասերից մեկում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ: Սա ընդդիմադիր թեկնածուի առաջին հանդիպումն էր ընտրողների հետ:

«Ո՞վ կարող է թույլ չտալ էն մարդուն, որ ժողովրդի ձայնով աթոռ են վստահել, չգնա վերցնի-նստի ծառայի ժողովրդին, ոչ թե ժողովրդին ծառայեցնի իրեն, որ անում են հիմա։ Էդ ո՞վ կարող է ինձ թույլ չտալ` ես աշխատեմ», - ասաց նա։

Միքայելյանը հրազդանցիներին կոչ արեց ընտրել իրենց իսկ կամքով` առանց վախենալու որեւէ մեկից:

«Ես չեմ ասում` գնացե՛ք, Միքայելյան Սասունի՛ն ընտրեք։ Էսօր ունեք երկու թեկնածու` Դանիելյան Արամ, Միքայելյան Սասուն։ Բայց խնդրում եմ` ձեր գաղափարով, ոչ մեկը չի կարող ձեզ ճնշի, ոչ մեկի ճնշման, ահաբեկումների, կամ, չգիտեմ, բռնել տալու` էդ կարգով մենք երբեք ո՛չ առաջ կգնանք, ո՛չ էլ ինչ-որ հաջողությունների կհասնենք», - հայտարարեց ընդդիմադիր թեկնածուն։

Հանրահավաքին մասնակցում էին մոտ 100 մարդ: Նրանցից ոմանք Միքայելյանի նկարներով, մի քանիսն էլ` արդարության կոչերով պաստառներ էին վեր պահել:

Իշխանության հասցեին Միքայելյանի հնչեցրած քննադատություններին հրազդանցիները բուռն էին արձագանքում:

«Ժողովրդին էս ապրելակե՞րպն էր վայել։ Հերիք չի՞, ժամանակը չի՞` մեր ողնաշարը ուղղենք», - հայտարարեց Սասուն Միքայելյանը։

Հանրահավաքն անցավ առանց բախումների ու խոչընդոտների:

please wait

No media source currently available

0:00 0:02:48 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG