Մատչելիության հղումներ

Ինքնաբացարկներ` ՏԻՄ ընտրություններին ընդառաջ


Հայոց համազգային շարժում կուսակցության անդամ Անանիկ Նիկողոսյանը չորեքշաբթի օրը թիվ 29 ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացրել ինքնաբացարկի դիմում` քարոզարշավի մեկնարկի օրվանից հրաժարվելով պայքարել Սպիտակի քաղաքապետի պաշտոնի համար: Այս տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց Անանիկ Նիկողոսյանը` հայտարարելով, որ ինքը ճնշումների ազդեցության տակ չի կայացրել այդ որոշումը:

«Պատճառներից մեկն այն է, որ հնարավոր չէր քարոզարշավը նորմալ ձեւով տանել», - պատճառաբանեց Նիկողոսյանը:

Անանիկ Նիկողոսյանն ինքն էր առաջադրել իր թեկնածությունը: Նա դժգոհեց, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսն իրեն չէր աջակցում:

«Հիմնական ուժերը կենտրոնացրել են Հրազդանում: Դա է պատճառը: Նույնիսկ Վանաձորի տղերքը ի վիճակի չէին գալ այստեղ տեղամասերը հսկելու: Տեղի ուժերով դժվար կլիներ մենակ: Ավելի լավ է պատվով նահանջել», - ասաց նա:

Նիկողոսյան ասաց, որ ինքը մինչ ինքնաբացարկը ընտրախախտումներ չի արձանագրել, բայց, նկատի ունենալով իշխող կուսակցության ընտրական ավանդույթները, վստահ է, որ առանց ընտրակաշառքի եւ ընտրախախտումների Հանրապետականն ընտրություն չի անցկացնի. - «Դե, հետո կսկսեն կամաց-կամաց ընտրախախտումներ անել», - ասաց նա:

Նիկողոսյանի ինքնաբացարկից հետո մնաց մեկ թեկնածու` գործող քաղաքապետ, հանրապետական Գագիկ Սահակյանը։ Հենց նա էլ փետրվարի 12-ին կմասնակցի Սպիտակի քաղաքապետի ընտրությանը: Սահակյանն «Ազատություն» ռադիոկայանին ասաց` եթե իր նախկին մրցակիցը մտահոգություններ ուներ ընտրախախտումների վերաբերյալ, ապա միեւնույնն է պետք էր մասնակցեր ընտրություններին եւ բացահայտեր նման դեպքերը:

Իշխող Հանրապետական կուսակցության Սպիտակի տարածքային կազմակերպության ղեկավար, Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Հովհաննես Սահակյանը ափսոսանք հայտնեց Նիկողոսյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

«Երբ որ կլիներ ընդդիմադիր թեկնածուն, գործընթացը շատ ավելի հեշտ եւ հետաքրքիր կլիներ: Մենք կտեսնեինք, թե իշխանական եւ ընդդիմադիրը թեւերը ներկայացնող թեկնածունները ինչ ձայներ են հավաքում, այնուհետեւ պարզ է, որ դա պրոյեկցվելու է նաեւ ընդդիմության վրա` Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ», - ասաց Սահակյանը:

Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախկին անդամ Զոյա Թադեւոսյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց Անանիկ Նիկողոսյանի բացարկը. - «Ցանկացած մեկը, ով իր թեկնածությունը ցանկացած մակարդակի ընտրություններում առաջադրում է, անպայման պետք է նախապես հաշվի իր հնարավորությունները: Եթե նա մենակ գնալու պարագայում գտնում է, որ ինքը հաղթանակ չի կարող ապահովել, ուրեմն պետք էր սկզբից դրա մասին մտածել եւ չասել, թե ՀԱԿ-ն է մեղավոր այն հարցում, որ իրեն չեն աջակցում»:

Նշենք, որ մի շարք այլ համայնքներում բացարկ են հայտնում կոալիցիայի մաս կազմող կուսակցությունների` Հանրապետականի, «Բարգավաճ Հայաստան»-ի ներկայացուցիչները: Երեկ ինքնաբացարկի դիմում է գրել Կոտայքի մարզի Սեւաբերդ գյուղի գյուղապետի թեկնածու, գյուղապետարանի հաշվապահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Ահմեդ Խդրյանը: Նրա հետ երկու օր առաջ զրույցից պարզվեց, որ նախընտրական ծրագիր չէր կազմել, քանի որ նախապես մտադիր է եղել ինքնաբացարկ հայտնել:
Սեւաբերդում գյուղապետի ընտրությունները եւս նշանակված են փետրվարի 12-ին: Այս համայնքում միակ թեկնածուն, փաստորեն, բացարկ հայտնածի կուսակից, գործող գյուղապետ, այս համայնքը վեց տարի ղեկավարած Հակոբ Բաբայանն է:

Ի սկզբանե մի շարք համայնքներում երկու թեկնածուի առաջադրումը ութ ամիս առաջ փոխված Ընտրական օրենսգրքի պահանջն է: Օրենքով համայնքի ղեկավարի ընտրությունը համարվում է չկայացած, եթե գրանցված թեկնածուների թիվը պակաս է երկուսից: Եվ հիմա ակնհայտ է, որ նույն կուսակցության երկու ներկայացուցիչների առաջադրումը պարզապես արձանագրային նպատակ ունի:

Հարցին, թե այս իրավիճակում կարելի՞ է ասել, որ Հայաստանում Ընտրական օրենսգրքի փոփոխությունից հետո կան բավարար պայմաններ ընտրական համակարգի լիարժեք գործունեության համար, ընդդիմադիր Զոյա Թադեւոսյանը պատասխանեց. - «Այս խաղերը, այս անիմաստ անցուդարձը ուղղակի ձեւականություն է ինչ-որ տպավորություն թողնելու, թե իբր այլընտրանքային ընտրություն են կատարում կամ որոշել են միջազգային հանրությանը ցույց տալ, որ ահա այսպիսի ժողովրդավարական նախապայմաններ են ստեղծվում արդար եւ ազատ ընտրությունների համար: Ես, անկեղծ ասած, նման կապիկությունները չեմ հասկանում, եւ լավ կլինի, որ մեր իշխանավորները ընտրական համակարգին ավելի լուրջ մոտեցում ցուցաբերեն»:

please wait

No media source currently available

0:00 0:04:53 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG