Մատչելիության հղումներ

Օբամա. «Տնտեսությունը պետք է աշխատի յուրաքանչյուր քաղաքացու օգտին»


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման իր ուղերձն է հրապարակում Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, Վաշինգտոն, 24-ը հունվարի, 2012թ.
ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման իր ուղերձն է հրապարակում Կոնգրեսի երկու պալատների համատեղ նիստում, Վաշինգտոն, 24-ը հունվարի, 2012թ.
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման այս գիշեր Վաշինգտոնում հրապարակեց իր հերթական ուղերձը երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, հիմնականում կենտրոնանալով երկու խնդրի` տնտեսության ու արտաքին քաղաքականության վրա։

Ուղերձի հենց սկզբում նախագահն ընդգծեց` տնտեսությունը պետք է աշխատի Նահանգների յուրաքանչյուր քաղաքացու օգտին, եւ ներկայացրեց իր ծրագիրը՝ տնտեսական դաշտում արդարություն ապահովելու եւ հարուստների ու աղքատների միջեւ անհավասարությունը կրճատելու ուղղությամբ։

«Մենք կանգնած ենք ընտրության առջեւ. կա՛մ կլինենք երկիր, որտեղ կա մարդկանց մի անշեղորեն կրճատվող խումբ, որն իսկապես լավ է ապրում, մինչ գնալով ավելի ու ավելի շատ ամերիկացիներ հազիվ ծայրը ծայրին են հասցնում, կա՛մ մենք կարող ենք վերականգնել այն տնտեսությունը, որտեղ յուրաքանչյուրը ստանում է իր արդար բաժինը եւ յուրաքանչյուրի համար գործում են խաղի միեւնույն կանոնները», - հայտարարեց Օբաման։

Սոցիալական արդարության հասնելու համար նա կրկին առաջարկեց փոխել հարկային օրենսգիրքն ու հարկային առավել մեծ պարտավորություն սահմանել միլիոնատերերի համար` մի բան, որին դեմ են արտահայտվում Կոնգրեսում ներկայումս մեծամասնություն կազմող հանրապետականները։ «Խաղասեղանին են, սակայն, ոչ թե հանրապետականների ու դեմոկրատների սկզբունքները, այլ ողջ ամերիկյան ժողովրդի արժեքները», - հայտարարեց Օբաման` ընդգծելով, որ անհրաժեշտ է վերագտնել ամերիկյան երազանքը` յուրաքանչյուրին արժանավայել աշխատանք, երեխաներին կրթելու հնարավորություն ու բարեկեցիկ ծերություն։

Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններից առաջ հղած իր թերեւս ամենամեծ լսարանն ունեցող ուղերձում Բարաք Օբաման կրկին ներկայացրեց` ինչ է արել նախագահության ընթացքում եւ որն է իր տեսլականը Միացյալ Նահանգների ապագայի վերաբերյալ։

«Մեր երկիրը գնալով հզորանում է», - հայտարարեց նախագահը` հպարտորեն ընդգծելով, որ Միացյալ Նահանգները կրկին վերագտնում է իր առաջատար դիրքը համաշխարհային հարթակում, եւ նրանք, ովքեր կասկածի տակ են առնում այդ պնդումը, «չեն հասկանում` ինչ են խոսում»։

Ուղերձի` արտաքին քաղաքականությանը նվիրված հատվածում Օբաման հավաստիացրեց, որ պաշտոնական Վաշինգտոնը այսուհետեւ եւս կշարունակի աջակցել արաբական աշխարհում սկիզբ առած ժողովրդավարական շարժումներին, ողջունեց բռնապետական վարչակազմերի տապալումն ու Մուամար Քադաֆիի անկումը եւ զգուշացրեց` Սիրիայի նախագահությունն էլ շուտով կհասկանա, որ «անհնար է ծնկի բերել փոփոխություններ պահանջող ուժերն ու ոտնահարել մարդկանց արժանապատվությունը»։

Իրաքում պաշտոնապես ավարտված պատերազմից ու Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումն սկսելուց հետո` վերջին տասնամյակում առաջին անգամ, ԱՄՆ-ի նախագահի ուղերձը չկենտրոնացավ Նահանգների անվտանգությանը սպառնացող վտանգների վրա։ Այս շարքում Օբաման միայն առանձնացրեց Իրանի միջուկային ծրագիրը` ընդգծելով, որ Վաշինգտոնը վճռական է կանխարգելել Թեհրանի կողմից միջուկային զենքի ստեղծումը` հնարավոր ցանկացած եղանակով, սակայն դեռեւս շարունակում է նախապատվությունը տալ խնդրի կարգավորմանը խաղաղ ճանապարհով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG