Մատչելիության հղումներ

Ցեղասպանության օրինագծի ընդունման դեպքում Էրդողանը այլեւս չի գնա Ֆրանսիա


Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երդվել է այլեւս Ֆրանսիա չայցելել, եթե ֆրանսիական Սենատը այսօր ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։

«Ես այլեւս Ֆրանսիա չեմ գնա, եթե օրինագիծը հավանության արժանանա», - Hurriyet Daily News պարբերականի փոխանցմամբ` ասել է Էրդողանը։

Թուրքիայի վարչապետը հերթական անգամ հայտարարել է, թե օրինագիծը հակասում է խոսքի ազատությանը եւ սոսկ նախընտրական նպատակներ է հետապնդում։

Էրդողանը հույս է հայտնել, որ նախագիծը կմերժվի ֆրանսիացի սենատորների կողմից։

Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն, իր հերթին, սպառնացել է, թե օրինագծի ընդունման դեպքում պաշտոնական Անկարան «նոր պատժամիջոցներ» կկիրառի Փարիզի նկատմամբ։

«Մենք նախապես որոշել ենք քայլերը, որոնք ձեռնարկվելու են, եթե օրինագիծը վերջնականապես ընդունվի։ Թող ոչ ոք չկասկածի դրանում», - «Անադոլու» լրատվական գործակալության վկայությամբ` հայտարարել է Դավութօղլուն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG