Մատչելիության հղումներ

Հղիության դեղորայքային ընդհատումը նույնպես անվնաս չէ


Վերջերս ասուլիսներից մեկի ժամանակ ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը նշել էր, որ այն կինը, ով թեկուզ մեկ անգամ աբորտ է արել չի կարող համարվել առողջ: Սա գիտեն ու գիտակցում են աբորտի դիմող կանանց մեծ մասը, սակայն նրանք կնշեն նաեւ, որ այլընտրանք այդ պահի համար չունեն:

2008 թվականին առողջապահության նախարարության թույլտվությամբ Կանանց իրավունքների կենտրոնը սկսեց զբաղվել Հայաստանում անցանկալի հղիության դեղորայքային ընդհատման մեթոդի ներդրմամբ` համարելով սա չարիքի փոքրագույնն ու մեթոդներից ամենաանվտանգը:

Վերարտադրողական առողջության, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական իստիտուտի կոնսերվատիվ գինեկոլոգիայի եւ հղիների պաթոլոգիայի բաժանմունքի վարիչ Ռուզաննա Աբրահամյանը նշում է. - «2008 թվականին Հայաստանում կատարվել էր հետազոտություն` որոշելու անպտղության տարածվածությունը: Արդյունքում 17 տոկոսը կանանց անպտղությունն էր կազմել եւ դրանց զգալի պատճառը հանդիսացել են հետաբորտային բարդությունները: Դրա համար շատ կարեւոր էր ներդնել այս մեթոդը»:

Ընտանիքի պլանավորման եւ սեռական առողջության կենտրոնի օպերատիվ գինեկոլոգիայի բաժնի վարիչ Արմինե Հարությունյանը նշում է, որ ինքն անձամբ դեմ է աբորտներին, սակայն անհրաժեշտության դեպքում դեղորայքային ընդհատումը համարում է անհամեմատ անվնաս տարբերակ, նշելով նաեւ, որ սա հետագայում չի բերում անպտղության, կինը կարող է հղիանալ նույնիսկ մեկ ամիս հետո:

Արմինե Հարությունյանը նշում է, որ չնայած հղիության ընդհատումն արվում է մինչեւ 12-րդ շաբաթը, սակայն այս մեթոդը գործում է մինչեւ 9 շաբաթական հղիության դեպքում. - «Դրանք դեղորայքային հաբեր են: Առաջին հաբը ցանկալի է, որ հիվանդը խմի բժշկի հսկողության տակ: Եթե դեղորայքը ճիշտ է օգտագործվում 98,99 տոկոս արդյունավետ է: Ընդհանուր վիժումը տեւում է մաքսիմում 14 օր` առաջին երկու օրում լինում է առատ արյուն, հետո նվազում է»:

Սակայն բժիշկները նշում են` որքան էլ մեթոդն անվտանգ է, այնուամենայնիվ ունի հակացուցումներ, եւ չնայած այն փաստին, որ դեղերն ազատ վաճառվում են դեղատներում, քանի որ դրանք այլ հիվանդությունների բուժման համար նախատեսված հաբեր են, այնուամենայնիվ տնային պայմաններում եւ սեփական նախաձեռնությամբ օգտագործել մասնագետները խորհուրդ չեն տալիս:

Կանանց իրավունքների կենտրոնի տնօրեն Սուսաննա Վարդանյանը խորհուրդ է տալիս այն իրականացնել միայն բժիշկների հսկողության տակ` բերելով հետեւյալ օրինակը. - «Կինը գնել է միայն մեկ դեղը, որն ավելի էժան է եւ շատ մեծ քանակով է ընդունել, որ ընդհատի հղիությունը, լողասենյակում առաջացել է գլխապտույտ, ընկել է, գլուխը հարվածել է լոգարանին ու մահացել է»:

Մասնագետները նշում են, որ դեղը հակացուցված է արտաարգանդային հղիությունների, գինեկոլոգիական որոշ հիվանդությունների դեպքում, իսկ դրանք տնային պայմաններում ախտորոշել ուղղակի անհնար է: Մասնագետները նշում են նաեւ, որ գոյություն ունի երկու դեղ` թանկ եւ էժան, այստեղ էլ կանայք հիմնականում ընտրում են էժանն ու կրկին կանգնում խնդրի առաջ:

«Միֆեփրիստոնը թանկ դեղն է: Դա առաջին դեղահաբն է, որ պետք է խմել, քանի որ դա կանգնեցնում է հղիության զարգացումը, իսկ միզոպրոստոլը էժան դեղն է, եւ մեր կանայք նախընտրում են երկրորդ հաբը եւ առանց հղիությունը կանգնեցնելու, առանց արգանդը նախապատրաստելու վիժմանը, միանգամից խմում են երկրորդ հաբը` առաջացնելով բարդություններ, արյունահոսություն»,- նշում է Ռուզաննա Աբրահամյանը:

Մասնագետները համաձայն չեն, թե մեթոդի մեթոդի կիրառումն ու դեղերի ազատ վաճառքը խոսում է աբորտների պրոպագանդայի մասին:

«Անշուշտ ոչ: Մենք քարոզում ենք ծնելիությունը, մենք քարոզում ենք վերարտադրողական առողջության ընդունված օրենքների պահպանումը, բայց պետք է ասեմ, որ եթե այնպես է ստացվում, որ կինը այս կամ այն պատճառով պետք է դիմի հղիության ընդհատման, միայն այս դեպքում մենք կարող ենք առաջարկել ավելի անվտանգ մեթոդը», - նշում է Սուսաննա Վարդանյանը:

Իսկ Արմինե Հարությունյանը հավելում է. - «Այնպես չէ, որ հաճույք է բժշկի համար այդ դեղորայքը տրամադրել, մանավանդ այս օրերին, որ մենք հանրապետությունում ծնելիություն պետք է բարձրացնենք, բայց եթե կա մեթոդ, որ մարդու համար կարող է անվնաս լինել եւ ամբողջ աշխարհում կիրառվում է, ինչու մենք չկիրառենք»:

please wait

No media source currently available

0:00 0:04:59 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG