Մատչելիության հղումներ

Հարգանքի տուրք` Հրանտ Դինքին


Հինգ տարի առաջ Հրանտ Դինքի հուղարկավորության օրը ծնված` «Բոլորս հայ ենք, բոլորս Հրանտ ենք» կարգախոսն այսօր կրկին հնչում էր Ստամբուլի փողոցներում:

Առավոտից տասնյակ հազարավոր մարդիկ էին հավաքվել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում` հարգանքի տուրք մատուցելու «Ակոսի» սպանված խմբագրի հիշատակին: Կեսօրին մոտ ցուցարարները շարժվեցին դեպի Հալիասքարգազի պողոտա, որտեղ 2007-ի հունվարի 19-ին սպանվել էր Դինքը:

Որոշ տվյալներով, երթին շուրջ 40 հազար մարդ է մասնակցել: Այն ձգվել էր մոտ երկու կիլոմետր` Թաքսիմից մինչեւ «Օսմանբեյ» մետրոյի կայարան, որի հարեւանությամբ էլ գտնվում է «Ակոսի» խմբագրությունը:

Ակցիան թերեւս այսքան հուժկու չէր լինի, եթե Ստամբուլի քրեական դատարանը երկու օր առաջ չհրապարակեր Դինքի սպանության գործով վճիռը, որը ոչ միայն չտվեց հնգամյա դատավարության ընթացքում ծագած հարցերի պատասխանները, այլեւ նոր հարցեր առաջացրեց:

Երբ երթը տեղ հասավ, «Ակոսի» աշխատակիցները հայերեն եւ թուրքերեն լեզուներով ընթերցեցին երկրի կառավարությանն ու հանրությանն ուղղված կոչը` ավարտին հասցնել Դինքի սպանության քննությունն ու բացահայտել իրական կազմակերպիչներին:

«Այսօր խոսելու օր չէ, այսօր խոստման օր է: Խոստանանք, որ այս դատը դեռ չի ավարտվել: Խոստանանք, որ պետությունը դեռ չի մաքրել բոլոր հաշիվները», - նշված էր Դինքի բարեկամների ու հարազատների համատեղ հայտարարության մեջ, որն ընթերցեց հայազգի գրող Կարին Կարաքաշլին: - «Նրանք ասում են, որ գործը փակված է: Սա պարզ քրեական գործ չէ, սա վերք է, որն այդքան հեշտ չի փակվում», - հայտարարում են Դինքի հարազատները:

Բնական է, թերեւս, որ այսօրվա բազմահազարանոց ցույցն ի վերջո վերածվեց ոչ միայն Հրանտ Դինքի, այլեւ 1915-ի ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ակցիայի: Ինչպես եւ ապրիլի 24-ին, այս անգամ էլ ցույցի կազմակերպիչները բարձրախոսով ընթերցում էին Ցեղասպանության զոհ դարձած հայ մտավորակաների անունները` այդ ցանկին կցելով նաեւ Հրանտ Դինքի անունը:

Նշենք, որ Դինքի գործով կայացված դատավճռից դժգոհությունն առկա է ոչ միայն ազատական հայացքների տեր թուրքերի շրջանում: Դատավճռից դժգոհ է անգամ դրա հեղինակը` Ստամբուլի քրեական դատարանի դատավոր Ռուստեմ Էրյըլմազը, ով Vatan օրաթերթին տված հարցազրույցում այսօր ասել է. - «Ես նույնպես այդ վճռով բավարարված չեմ: Որպես անհատ, ես չեմ կարող հերքել այն իրողությունը, որ Դինքի սպանությունը լավ կազմակերպված գործողություն էր: Դատարան ներկայացված նյութերում, սակայն, դրա որեւէ ապացույց չկար»:

Vatan-ի լրագրողի հարցին, թե ինչո՞ւ ոստիկանության նախկին գործակալ Էրհան Թունջելը Դինքի սպանության դրվագով արդարացվեց, դատավորը արձագանքել է. - «Արդարացման վճիռը կայացվեց հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: Դա չի նշանակում, որ նման կազմակերպություն գոյություն չի ունեցել, դա նշանակում է, որ դատարանին բավարար ապացույցներ չեն ներկայացվել»:

Դատավորի այս հարցազրույցը արդեն իսկ խիստ քննադատության է արժանացել: Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, օրինակ, հայտարարել է. - «Ես չեմ կարծում, որ դատավորի համար սազական է ասել` գիտե՞ք, խիղճս իմ իսկ կայացրած վճռից տանջում է»:

Թուրք պաշտոնյաները նաեւ շարունակ պնդում են, որ Դինքի գործով դատական պրոցեսը չի ավարտվել:

Kanal D ալիքին տված հարցազրույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասել է. - «Ես ուշի ուշով հետեւում եմ այս գործին: Թերթերի հրապարակումներից, հեռուստատեսային ռեպորտաժներից պարզ դարձավ, որ հանրությունը դժգոհ է այս վճռից: Կարծում եմ, որ գործն այսքանով չի ավարտվել: Դեռ կա բողոքարկումների փուլ, եւ այն կարող է միանգամայն այլ արդյունքի հանգեցնել»։

Իսկ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարել է, որ շուտով Անկարայում հատուկ զեկույց է հրապարակվելու։

«Ես հրահանգել էին Պետական վերահսկողական ծառայությանը քննության առնել Դինքի գործը, եւ շուտով այս կառույցի տեսուչները կներկայացնեն իրենց նկատառումները: Ամեն դեպքում, եկեք սպասենք դատական պրոցեսի հետագա ընթացքին ու վերջնական վճռին», - ասել է Թուրքիայի նախագահը: - «Այս հարցի արդարացի ու թափանցիկ լուծումը համապատասխանում է մեր երկրում ընդունված օրենքի տառին: Դա մեզ համար նաեւ կարեւոր քննություն կլինի»,- հավելել է Գյուլը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG