Մատչելիության հղումներ

Դինքի սպանության գործով վճռից դժգոհ է անգամ դրա հեղինակը


Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.
Թուրքիա - Հրանտ Դինքի բարեկամները ակցիա են անցկացնում դատարանի շենքի մոտ` «Այս դատավարությունը չպետք է նման ձեւով ավարտվի» կարգախոսով, Ստամբուլ, 17-ը հունվարի, 2012թ.
Ստամբուլի «Ակոս» թերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով երկու օր առաջ կայացված դատավճռից դժգոհ են բոլորը, անգամ ինքը` դատավճռի հեղինակը։

Ստամբուլի քրեական դատարանի դատավոր Ռուստեմ Էրյլըմազը Vatan օրաթերթին տված հարցազրույցում այսօր ասել է. - «Ես նույնպես այդ վճռով բավարարված չեմ: Որպես անհատ` ես չեմ կարող հերքել այն իրողությունը, որ Դինքի սպանությունը լավ կազմակերպված գործողություն էր: Դատարան ներկայացված նյութերում, սակայն, դրա որեւէ ապացույց չկար»:

Vatan-ի լրագրողի հարցին, թե ինչու ոստիկանության նախկին գործակալ Էրհան Թունջելը Դինքի սպանության դրվագով արդարացվեց, դատավորը արձագանքել է. - «Արդարացման վճիռը կայացվեց հանցավոր կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով: Դա չի նշանակում, որ նման կազմակերպություն գոյություն չի ունեցել, դա նշանակում է, որ դատարանին բավարար ապացույցներ չեն ներկայացվել»:

Դատավորի այս հարցազրույցը արդեն իսկ արժանացել է խիստ քննադատության:

Փոխվարչապետ Բյուլենթ Առընջը, օրինակ, մի քանի ժամ առաջ հայտարարել է. - «Ես չեմ կարծում, որ դատավորի համար սազական է ասել` «Գիտեք, խիղճս իմ իսկ կայացրած վճռից տանջում է»:

Թուրք պաշտոնյաները նաեւ շարունակ պնդում են, որ Դինքի գործով դատական պրոցեսը չի ավարտվել:

Kanal D ալիքին տված հարցազույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանն ասում է. - «Ես ուշի ուշով հետեւում եմ այս գործին: Թերթերի հրապարակումներից, հեռուստատեսային ռեպորտաժներից պարզ դարձավ, որ հանրությունը դժգոհ է այս վճռից: Կարծում եմ, որ գործն այսքանով չի ավարտվել: Դեռ կա բողոքարկումների փուլ, եւ այն կարող է միանգամայն այլ արդյունքի հանգեցնել»։

Իսկ երկրի նախագահ Աբդուլա Գյուլը հայտարարեց, թե շուտով Անկարայում հատուկ զեկույց է հրապարակվելու։

«Ես հրահանգել էին Պետական վերահսկողական ծառայությանը քննության առնել Դինքի գործը, եւ շուտով այս կառույցի տեսուչները կներկայացնեն իրենց նկատառումները: Ամեն դեպքում, եկեք սպասենք դատական պրոցեսի հետագա ընթացքին ու վերջնական վճռին», - ասաց Թուրքիայի նախագահը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG