Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ պետ. «2007-ից բիզնեսի հետ առնչություն չունեմ»


ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյան
ԴԱՀԿ ծառայության ղեկավար Միհրան Պողոսյան
Հայաստանի արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ղեկավար, արդարադատության գնդապետ Միհրան Պողոսյանը այսօր ակնարկեց, որ համաձայն չէ մոտ մեկ տարի առաջ իր մասնակցությամբ տեղի ունեցած սկանդալային դեպքի վերաբերյալ վարչապետի հայտարարության հետ:

Հենց վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Միհրան Պողոսյանին նկատողություն չտալու համար էր, որ այն ժամանակվա արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը ազատվեց պաշտոնից, ինչի առնչությամբ 2010-ի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել էր. - «Հարկադիր կատարման ծառայության ղեկավարը թույլ է տվել էթիկայի կանոնների լուրջ խախտում: Արդարադատության նախարարին հանձնարարվել է հրապարակային պատժել Հարկադիր կատարման ծառայության ղեկավարին իր այդ պահվածքի համար: Ցավոք սրտի, արդարադատության նախարարը այս հանձնարարականը չի կատարել»:

Հիշեցնենք` 2010 թվականի դեկտեմբերին լրատվամիջոցները գրեցին, թե Միհրան Պողոսյանը ծեծի է ենթարկել ծառայության բաժիններից մեկի պետ Ռուբեն Միրաքյանին, երբ վերջինս խորհրդակցության ժամանակ իրեն անվայելուչ է պահել:

Այսօր` ավելի քան մեկ տարի անց, պատասխանելով վերոհիշյալ միջադեպի մասին «Ազատություն» ռադիոկայանի հարցին, ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը, մասնավորապես, ասաց. - «Ես չեմ գտնում, որ երկրի վարչապետի հայտարարությունից հետո պետական որեւիցե մի պաշտոնյա իրավունք ունի մեկնաբանել դա, անգամ եթե ես համաձայն չեմ: Ես ընդգծում եմ` անգամ եթե ես համաձայն չեմ»:

Այսօրվա ասուլիսին Պողոսյանը հերքեց նաեւ վերջին շրջանում լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությունները, թե ինքը ցանկանում է պատգամավոր ընտրվել, կամ գլխավորելու է Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբը, կամ որ իրեն առաջարկել են ղեկավարել Հանրապետության նախագահի Վերահսկողական ծառայությունը:

«Ազատություն» ռադիոկայանի խնդրանքով Միհրան Պողոսյանը անդրադարձավ իր բիզնես գործունեության մասին շրջանառվող լուրերին: Հաստատելով, որ 1995 թվականից զբաղվել է բիզնեսով եւ հիմնադրել «Քեթրին» կազմակերպությունը, ԴԱՀԿ ղեկավարը հայտարարեց, որ 2007 թվականից ինքը դադարել է բիզնեսով զբաղվել:

«Ես պետական պաշտոնյա եմ եւ 2007-ից այս կողմ ոչ մի բիզնեսի հետ առնչություն չունեմ», - ասաց Պողոսյանը` հավելելով. - «Ասեմ` ինչ բիզնեսի հետ ունեմ առնչություն: Նույն այդ «Քեթրինում» շենքը հանդիսանում է իմ սեփականությունը: Եվ «Ֆրեշ»-երի [սուպերմարկետների ցանցի] մասին բարձրացրեցիք հարցը` այնտեղ կան որոշակի խանութներ, որոնց շենքի սեփականատերը ես եմ եւ դա վարձով տրված է այդ կազմակերպություններին: Այսօր այդքան մասով են իմ բիզնեսները»:

Վերջում նշենք, որ այսօր ԴԱՀԿ ղեկավարը ամփոփում էր ծառայության նախորդ տարվա արդյունքները եւ ասաց, որ 2011-ին բռնագանձել են ավելի քան 14 միլիարդ դրամ, ինչը ավելի քան կրկնակի անգամ շատ է 2009-ի 6 միլիարդ դրամ ցուցանիշից: Նշվածը, ըստ Պողոսյանի, ծառայության աշխատանքի արդյունավետության բարձրացման օգտին է խոսում:

please wait

No media source currently available

0:00 0:03:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG