Մատչելիության հղումներ

Հունվարի 18-ի մամուլ


Բաքվում կայանալիք «Եվրատեսիլ-2012» երգի մրցույթին մասնակցելու Հայաստանի ներկայացրած հայտի կապակցությամբ «ժամանակ» թերթը գրում է. - «Պե՞տք էր արդյոք Հայաստանին մասնակցել Բաքվի մրցույթին, թե՞ ոչ: Այս հարցին դժվար է միանշանակ պատասխանել: Պարզապես պետք է նկատի ունենալ մի քանի կարեւոր հանգամանք. Հայաստանի երգիչը բեմ է բարձրանալու մի երկրում, որտեղից մեզ ամեն օր սպառնում են պատերազմով, որտեղից անընդհատ վիրավորում են հայության պատիվն ու արժանապատվությունը, ուր գողանում են սահմանամերձ գյուղերի հայ բնակիչներին եւ տանջում, տանջամահ անում, եւ վերջապես՝ որի դիպուկահարները պարբերաբար հայ զինվորներ են սպանում, ինչը մատնվում է միջազգային հանրության լռությանն ու քար անտարբերությանը` համեմված ինչ-որ ամորֆ եւ ընդհանրական հայտարարություններով: Այս պայմաններում արդյոք որքանո՞վ է նպատակահարմար մեկնել Բաքու եւ երգել ու պարել Բաքվի բեմի վրա»:

«Հայկական ժամանակ»-ը հավանական չի համարում Ռոբերտ Քոչարյանի մասնակցությունը առաջիկա քաղաքական գործընթացներին. - «Արդեն քաղաքում սողացող լուրեր են պտտվում, թե առաջիկայում Ռոբերտ Քոչարյանը ընտրությունների հետ կապված ինչ-որ հայտարարություն է անելու: Թե ինչպիսին կլինի այդ հայտարարությունը, դժվար է ասել, բայց քիչ հավանական է, որ որեւէ բան կփոխի քաղաքական պրոցեսների տրամաբանության մեջ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ ընթացիկ քաղաքական շրջափուլը վերջնական եւ անշրջելի կդարձնի Ռոբերտ Քոչարյանի` Հայաստանի ամենաերիտասարդ թոշակառուի կարգավիճակը, եւ նրա ակտիվ քաղաքականություն վերադառնալու հնարավորությունը կվերանա անշրջելիորեն: Քոչարյանի հույսը մեծ հաշվով այն է, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների փորձությունը հաջող անցնելով` ԲՀԿ-ն 2013 թվականի ընտրություններում կպաշտպանի իր թեկնածությունը: Բայց թե ինչու պիտի ԲՀԿ-ն վարվի այդպես, որեւէ կերպ չի հասկացվում: Խորհրդարանական ընտրությունների փուլը հաջող անցնելուց հետո ԲՀԿ-ն Քոչարյանի թեկնածությունը չպաշտպանելու ավելի շատ պատճառներ կունենա, քան` պաշտպանելու: Ընդհակառակը, տեսակետ կա, որ ԲՀԿ-ն ինքը շահագրգռված է, որ Քոչարյանի ազդեցությունը ոչ միայն նվազի, այլեւ զրոյանա վերջնականապես»:

«Հայոց Աշխարհ» թերթը գրում է. - «Ո՞ւմ համար է գաղտնիք, որ եթե 100% համամասնականի համար այդչափ ինքնամոռաց պայքարող քաղաքական ուժերը հնարավորություն ունենային մի քանի մարդ անցկացնել մեծամասնականով, ապա նրանց եռանդը նկատելիորեն կմարեր։ Այն, որ պետք է մանուկ լինել սրտով, բայց ոչ ուղեղով, իսկ մանկության հակառակ տարբերակն անարդյունավետ է, ասված է վաղուց։ Բայց մեր այսօրվա պարագայում ականատես ենք այն տարբերակին, երբ ո՛չ ուղեղը, ո՛չ սիրտն ընդհանրապես չեն օգտագործվում»։

«Առավոտ»-ի խմբագիրը գնահատում է. - «ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը Հայաստանում այնպիսի «մուննաթով» էր հանդիպում ԱԺ որոշ խմբակցությունների ներկայացուցիչների եւ մարտի 1-ին զոհվածների հարազատների հետ, կարծես բոլորովին եվրոպացի չլիներ, այլ փնթփնթան հայ հարս լիներ, որին ստիպում են հյուրերի համար հերթական անգամ սեղան գցել: Նա գրեթե շպրտեց ափսեները սեղանին՝ իր ամբողջ տեսքով ցույց տալով, թե որքան ծանր եւ անհետաքրքիր գործ է կատարել: Պրեսկոտի պահվածքի մեջ չկար տրամաբանություն. եթե Հայաստանում ամեն ինչ լավ է, եթե մենք անկասելի քայլերով գնում ենք դեպի ժողովրդավարություն, ապա ինչի առթիվ է ԵԽԽՎ-ն մեր վերաբերյալ բանաձեւեր ընդունում, մոնիտորինգի հանձնաժողով ձեւավորում եւ այդ հանձնաժողովի համազեկուցողներ նշանակում: Թող այդ դեպքում հայտարարի, որ ոչ մի մոնիտորինգի կարիք չկա, եւ մենք Եվրոպայի խորհրդում ճիշտ այնպիսի կարգավիճակ ունենք, ինչպիսին ունի իր հարազատ Բրիտանիան»:

Թեման ընդհանրացնում է «Երկիր»-ը. - « Ռուսաց թագավորին նամակ գրելու մեր սովորությունը չենք կորցրել: Պարզապես փոխել ենք հասցեատիրոջը: Սկզբից ցարն էր, հետո` պոլիտբյուրոն, հիմա էլ` Եվրախորհուրդը: Եթե այն ժամանակ համակ ուշադրությամբ հետեւում էինք մեզ հյուր եկած Կրեմլի «պրեդստավիտելների» շրթունքների շարժմանը եւ միմիկայից փորձում հասկանալ նրանց տրամադրվածությունը, ապա այսօր արդեն` պրեսկոտների: Ու որքան էլ այդ հասցեատերերը տրորում են մեր քիթն ու գոտկատեղից ներքեւ հարվածներ հասցնում, որքան էլ հասկանում ենք, որ նրանք ոչ թե մեր ցավով են տապակվում, այլ իրենց անձնական կամ քաղաքական շահերով, առաջնորդվում են real politic-ի դաժան կանոններով, էլի շարունակում ենք մեր կյանքը կառավարելու կարողությունը, փոփոխությունների հասնելու հույսերը մեծ մասամբ նրանց հետ կապել»:

please wait

No media source currently available

0:00 0:04:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG