Մատչելիության հղումներ

«Սոչիի հանդիպումը` նոր լիցք ղարաբաղյան կարգավորման համար»


Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար
Սերգեյ Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի մոսկովյան ստուդիայում, արխիվային լուսանկար
Արդյո՞ք Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահների` Սոչիում կայանալիք հանդիպումը շրջադարձային կլինի ղարաբաղյան կարգավորման գործընթացում: Վաշինգտոնում գործող Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովի կարծիքով` նախագահների առաջիկա հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունենալ չարժե. առավելագույնը, ինչին կարող են հավակնել կողմերը, պատերազմի վերսկսման բացառումն է:

«Սոչիի գագաթնաժողովը կարող է որոշակի լիցք հաղորդել բանակցային գործընթացին, որն ութերորդ ամիսն է արդեն ինչ լճացման փուլում է գտնվում: Դա տեղի ունեցավ Կազանում կայացած բանակցությունների տապալումից հետո: Այդ լճացումն ինքնին բանակցային պրոցեսի վախճան չի նշանակում, սակայն այն անառողջ հոգեբանական մթնոլորտ է ձեւավորում, երբ բացահայտ հակամարտությանն անցնելն ավելի դյուրին է դառնում», - նշում է Մարկեդոնովը «Ազատություն» ռադիոկայանի համար պատրաստած մեկնաբանության մեջ` նաեւ ընդգծելով. - «Նույնիսկ իմիտացիոն բնույթ կրող բանակցությունները որոշակի երաշխիք են ստեղծում, որ գործը չի հասնի պատերազմի վերսկսման»:

Վերլուծաբանի խոսքով` մեծ է նաեւ պաշտոնական Մոսկվայի շահագրգռությունն այս հարցում: Ռուսական դիվանագիտության համար շատ կարեւոր է հայ - ադրբեջանական բանակցություններում որպես միջնորդ հանդես գալը, համոզված է Մարկեդոնովը:

«Ի տարբերություն Վրաստանի` ղարաբաղյան հիմնահարցը Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները չեն ընկալում որպես աշխարհքաղաքական մրցակցության դաշտ: Սա է պատճառը, որ Ռուսաստանը չի ցանկանում ձեռքից բաց թողնել խաղաղ կարգավորման վերահսկողությունը` փորձելով վերջ տալ ռուսական դիվանագիտության կարողությունները կասկածի տակ դնող այս լճացման փուլին», - ասում է վերլուծաբանը` հավելելով. - «Բացի այդ, երբ անցած սեպտեմբերին Դմիտրի Մեդվեդեւն ու Վլադիմիր Պուտինը հայտարարեցին իրենց առաջիկա փոխատեղման մասին, թե՛ Երեւանում եւ թե՛ Բաքվում դա ընկալեցին որպես եռակողմ ֆորմատի յուրատեսակ մայրամուտ: Սոչիի հանդիպման նպատակն է ցույց տալ` Մոսկվան չի կորցրել ղարաբաղյան կարգավորման հանդեպ իր նախկին հետաքրքրությունը»:

Դրա հետ մեկտեղ, Մերգեյ Մարկեդոնովի համոզմամբ, Մոսկվան ղարաբաղյան խնդրում կտրուկ փոփոխություններ իրագործելու հնարավորություն չունի:

«Պետք չէ գերագնահատել Մոսկվայի հնարավորությունները խաղաղ գործընթացում: Ռուսաստանը պետք է պահպանի իր դիրքերը թե՛ Ադրբեջանում եւ թե՛ Հայաստանում, պայմաններում, երբ երկու կողմն էլ պահանջում են «վերջնական ընտրություն» կատարել: Ռուսաստանը կարող է որոշակի դերակատարություն ունենալ բանակցային գործընթացի` որպես պատերազմի այլընտրանքի ամրապնդման հարցում: Ինչ վերաբերում է ճեղքումներին, ապա առանց հայկական եւ ադրբեջանական վերնախավերի հավաքական կամքի` բանակցություններում որեւէ կտրուկ տեղաշարժ անհնարին է», - նշում է հայտնի վերլուծաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG