Մատչելիության հղումներ

Հրատարակվել է «Գրպանի երգարան»


Գործարար Վահագն Հովնանյանի աջակցությամբ եւ ֆինանսավորմամբ լույս է տեսել «Գրպանի երգարան» ժողովածուն:

Այն ներկայացնում մեր լավագույն, սիրված երգերը: Յոթ փոքրիկ գրքույկները եւ մեկ խտասկավառակը ներկայացնում են հայկական ժողովրդական, աշուղական եւ մեր կոմպոզիտորների գրած լավագույն երգերը:

Երգերն ընտրել ու հանրությանն է ներկայացրել հատուկ այս նպատակով ստեղծված խմբագրակազմը` հրատարակիչ Սամվել Հարոյանի գլխավորությամբ:

«Ինչպես Կոմիտասն է ասում` խոսքը, մեղեդին եւ պարը Տիրոջ ընծան են մարդուն: Արժանավոր շարունակողը լինենք մեր նախնյաց ժառանգության», - լրագրողների հետ հանդիպմանը այսօր մեջբերեց Հարոյանը` հավելելով, որ ժողովածուի վրա աշխատել են երկու տարուց ավելի, քանի որ «գնալով մենք համոզվեցինք, որ ավելի ակադեմիական պետք է ներկայացնել հայ երգը». - «Ինչո՞ւ: Որովհետեւ կարեւորագույնը խոսքն է, բանաստեղծությունը, եւ խոսքը ներկայացնելու համար մենք հասանք մինչեւ սկզբնաղբյուրներ: Սկզբնաղբյուրներով եւ խմբագրելով` վերջնական տեսքի բերելով: Սա մեր լավագույն երգերն են, հարյուրամյակների ընթացքում ստեղծված բոլոր ժանրերի երգերը: Եվ այս գործընթացը պիտի շարունակվի»:

Նախատեսում են այս մատենաշարով ներկայացնել եւս 30 ժողովածու, որոնք կամփոփեն նաեւ արեւմտահայ երգերը:

Խմբագրակազմում ընդգրկված են երգիչներ Թովմաս Պողոսյանը, Արմեն Դարբինյանը, Ալիկ Հարությունյանը, Կոմպոզիտորների միության փոխանախագահ Դմիտրի Առաքելյանը, դերասան Ազատ Գասպարյանը: Մատենաշարի խմբագիրը երաժշտագետ Անի Փաշինյանն է:

Ծրագրի հովանավոր Վահագն Հովնանյանը ասաց, որ ինքը երգի մեծ սիրահար է, մանկուց սիրել է երգը եւ երգում է մինչեւ հիմա. - «Կսիրեմ երգը, կսիրեմ երգել խումբի հետ, ժողովուրդի հետ»:

Անի Փաշինյանը շեշտեց, որ շատ հաճախ հանրագիտարաններում չես գտնի այս կամ այն հայտնի, սիրված երգի հեղինակի ամբողջական անունը. - «Բացում ենք «Կիլիկիա» երգը եւ տեսնում ենք գրված է` Ն. Ռուսինյան եւ Գ. Երանյան: Եվ ժամանակի ընթացքում փաստորեն մեր երգասերը, մեր ունկնդիրը այնքան կհեռանա …Նույնիսկ այդ մասին չկա հանրագիտարանում… Բայց այս անունները շատ կարեւոր են մեր մշակույթի եւ սերունդների համար»:

Ազատ Գասպարյանը ասաց. - «Այս երգարանի խորհուրդը ինձ համար հետեւյալն է. որ վերջապես կիմանանք, թե այս երգը ով է գրել, խոսքը ով է գրել, երաժշտությունը... եւ վերջ կդրվի ինքնագործունեությանը, երբ ամեն մեկը ասում է` ժողովրդական երգ է: Առանց իմանալու, որ կոմպոզիտոր է գրել այս երգը, բանաստեղծ է գրել այս երգը»:

Բանախոսները նշեցին, որ այսօր էլ լավ երգեր ստեղծվում են, բայց դրանց մի մասը կորչում է, քանի որ դրանք ժողովրդականացնելու խնդիր կա:

please wait

No media source currently available

0:00 0:04:47 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG