Մատչելիության հղումներ

Խորհրդարանական ընդդիմությունը Պրեսկոտին կողմնակալ է համարում


ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտ
ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտ
Խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության» գնահատմամբ, երկուշաբթի աշխատանքային այցով Երեւան ժամանած Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ջոն Պրեսկոտը կողմնակալ է, նա պաշտպանում է հայաստանյան իշխանությունների տեսակետը:

Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամների հետ առավոտյան կայացած հանդիպման ընթացքում բարձրացրել է 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելու հարցի կարեւորությունը: Ռուստամյանը ասել է, որ մեծամասնական ընտրակարգը ծառայում է իշխանության վերարտադրման խնդրին, եւ եթե իշխանությունը ուզում է ոչ թե վերարտադրվել, այլ վերընտրվել, պետք է համաձայնի փոխել ընտրակարգը: Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Արմեն Ռուստամյանը, այդ դիտարկումը զայրացրել է Ջոն Պրեսկոտին:

«Այս իմ դիտարկումը, չգիտես ինչու, զայրացրեց պարոն Պրեսկոտին, ինչն ինձ համար էլ էր, իհարկե, անհասկանալի, եւ այդտեղ բանավեճը տաքացավ մեր մեջ: Չհասկացա, թե ինչու ինքը այդպես շատ կրքոտ արձագանքեց, ես, բնականաբար, հակադարձեցի ինչպես պետք էր. ձեր առջեւ հարց ենք բարձրացնում, բարի եղեք այդ հարցի վերաբերյալ լուրջ ուսումնասիրություն իրականացնել, հասկանալ ինչ իրավիճակ է այսօր Հայաստանում, հետո պարտավոր եք որպես զեկուցող անդրադառնալ առկա տեսակետներին եւ անել ամեն ինչ, որպեսզի ընտրություններից առաջ մեծանա վստահությունը ընտրությունների նկատմամբ, որովհետեւ դա է ԵԽԽՎ-ի բանաձեւերի մեջ կարմիր գծով գնացող պահանջը», - ասաց Ռուստամյանը:

Պրեսկոտի հետ հանդիպման ժամանակ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի նպատակահարմարության հարցը նաեւ «Ժառանգությունն» է բարձրացրել: Դաշնակցության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ տեղի ունեցած թեժ քննարկումից հետո, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանի խոսքով, Պրեսկոտի տրամադրվածությունը փոխված է եղել եւ նա խոստացել է, որ պատրաստվող զեկույցում կնշի, որ հայաստանյան ընդդիմությունը այդ հարցում աննախադեպ համերաշխ է: Սակայն երբ «Ժառանգության» պատգամավորները փորձել են ներկայացնել, նրանց բնորոշմամբ, Հայաստանում տիրող իրավիճակը, ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Պրեսկոտը չի ցանկացել լսել ոստիկանության կողմից իրականացվող բռնությունների, դատախազության վատ աշխատանքին առնչվող կոնկրետ դեպքերի մասին եւ ընդհատել է նրանց: «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ համազեկուցողը չի ցանկացել խոսել նաեւ 2008 թվականի մարտյան դեպքերի մասին, ասել է, թե ինքը եկել է այսօրվա իրավիճակն ուսումնասիրելու:

«Ցանկություն չկար լսելու, եւ հիմնականում նրա խնդիրը այն էր, որ եկել եմ փաստագրեմ, թե այսօր ինչ է տեղի ունենում», - ասաց պատգամավորը` եզրակացնելով. - «Երբ փաստեր ես ներկայացնում կամ կարծիք ես հայտնում, եւ այդ կարծիքին բռունցքով խփում են սեղանին, սա նշանակում է, որ կողմնակալությունը միանշանակ էր: Պրեսկոտը չէր ցանկանում մեզնից ապացույցներ ստանալ, քանի որ այդ ապացույցներին պետք է տրվեր գնահատական իր զեկույցում: Սա է խնդիրը: Նա հնարավորինս ուզում էր չունենալ որեւէ փաստաթուղթ, որպեսզի ապագայում նաեւ այդ փաստարկներին չանդրադառնար ե'ւ իր զեկույցում, ե'ւ բանաձեւում»:

«Ակնհայտ է, որ Պրեսկոտի ժամկետը ավարտվում է եւ վերջում իր արջի ծառայությունն է ուզում մատուցել: Կարծում եմ, որ հիմա եթե փորձ անեն համազեկուցողի միջոցով ասել, որ, «գիտեք, պետք չէ փոխել մեծամասնական ընտրակարգը, սրան նաեւ Եվրախորհուրդն է դեմ, ես վստահ եմ, որ Հայաստանի իշխանություններն այդ ուղղությամբ հաստատ աշխատում են», հիմա Պրեսկոտը կարող է` դրա գործիքն է ուզում լինել: Հենց հիմիկվանից հայտարարում եմ` եթե այդպիսի հայտարարություն եղավ, ուրեմն սա Պրեսկոտի հետ նախապես պայմանավորված խաղի մի էպիզոդ էր, որ դրսեւորվեց ավելի վաղ, քան մենք կարող էին լսել: Ես չեմ բացառում, որ նույնը նա կարող է կրկնել մոնիտորինգի հանձնաժողովի նիստին Ստրասբուրգում», - կարծում է դաշնակցական Արմեն Ռուստամյանը:

ԵԽԽՎ-ի մոնիտորինգի հանձնաժողովի երկու համազեկուցողներից միայն Ջոն Պրեսկոտն է Երեւանում, Աքսել Ֆիշերը վատառողջության պատճառով չի ժամանել Հայաստան: Համազեկուցողի այցի նպատակը Վեհաժողովի բանաձեւերի կատարման ընթացքը գնահատելն ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական հարցերը քննարկելն է: Նա այսօր հանդիպել է հայաստանյան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության, Ազգային ժողովի ընդդիմադիր եւ իշխանական կուսակցությունների ներկայացուցիչներին: Նա ծանոթացել է նաեւ արտախորհրդարանական Հայ ազգային կոնգրեսի տեսակետներին: Համազեկուցողը վաղը կհանդիպի Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, գլխավոր դատախազի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավարի հետ: Պրեսկոտի հանդիպումների շարքում նախատեսված չէր մարտի 1-ի զոհերի հարազատների հետ հանդիպում, սակայն այսօր պարզ դարձավ, որ համազեկուցողը վաղը առավոտյան համաձայնել է հանդիպել նրանց: Մինչ այդ «Ժառանգություն»-ը խնդրել է համազեկուցողին Հայաստանի նախագահի մոտ հետեւյալն խնդիրը բարձրացնել. - «Հայաստանի Հանրապետության նախագահը պարբերաբար հավաքում է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, դատարանների նախագահներին, գլխավոր դատախազին, Ազգային անվտանգության ծառայության պետին, սակայն այլ կողմի կարծիքը իրեն բացարձակ չի հետաքրքրում, որովհետեւ մենք ականատես չեղանք, որ նա հրավիրեր փաստաբաններին, ովքեր ներկայացնում են այդ մարդկանց իրավունքները, հրավիրեր այն մարդկանց, ովքեր այն կողմն են ներկայացնում, հրավիրեր իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչների եւ լսեր հակառակ կողմին, եւ ինչ-որ չափով տեղի ունենար բանավեճ եւ հանրային քննարկում», - ասաց Զարուհի Փոստանջյանը:

Մարտի 1-ի դեպքերը հանրապետական Գալուստ Սահակյանը կուսակցությունների, այդ թվում` Հանրապետականի քաղաքական օրակարգից դուրս հարց է համարում. - «Դրան պետք է արդեն նայել իրավական հարթության մեջ», - ասաց նա:

Գալուստ Սահակյանը համոզված է, որ առաջիկա ընտրություններին ընդառաջ իշխանության կատարած դրական աշխատանքը չի կարող անտեսվել եւ չձեւակերպվել համազեկուցողների կողմից: Իշխանությունը պնդում է` կա Ընտրական բարեփոխված օրենսգիրք, լավ ընտրությունների համար իշխանությունների քաղաքական կամքն առկա է, իշխանությունների եւ ընդդիմության միջեւ ձեւավորված է հանդուրժողականության մթնոլորտ:

«Ես չեմ կարծում, որ մեր տեսակետները չեն կիսում նաեւ Մոնիտորինգի խմբի անդամները», - «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Գալուստ Սահակյանը:

please wait

No media source currently available

0:00 0:07:05 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG