Մատչելիության հղումներ

«Հայփոստ»-ի բաժանմունքի «ինքնասպան եղած» գանձապահի մոտ խոշոր գումարի պակասորդ է հայտնաբերվել


«Հայփոստ» ՓԲԸ Կոտայքի բաժանմունքի 49-ամյա ավագ գանձապահ Անդրանիկ Մանուկյանը մահացել է էսենցիայի լուծույթի թունավորումից: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, հունվարի 12-ին Մանուկյանը «ինքնասպանություն գործելու նպատակով Աբովյան - Ջրաբեր ճանապարհին` ծառերի տակ խմել է 3 շիշ էսենցիայի լուծույթ»:

Թունավորված գանձապահին նախ տեղափոխել են Աբովյանի բժշկական կենտրոն, այնուհետեւ «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ ժամը 20.00-ի սահմաններում գիտակցության չգալով մահացել է:

Ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից կազմվել է համապատասխան հանձնաժողով, կատարվել է «Հայփոստի» Կոտայքի բաժանմունքի դրամարկղի գույքագրում, որի արդյունքում պարզվել է, որ դրամարկղից պակասում է 17 միլիոն 113 հազար 474 դրամ, որը, ենթադրաբար, յուրացվել է Անդրանիկ Մանուկյանի կողմից:

Փաստի առթիվ ոստիկանության Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է` յուրացնելը կամ վատնելը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG