Մատչելիության հղումներ

Չաուշի շենքի բնակարանատերերը արդարության հույս չունեն


Հայաստան -- «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհում են իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքից, Երեւան, 12-ը հունվարի, 2012թ.
Հայաստան -- «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի անդամները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժգոհում են իրենց նկատմամբ անարդար վերաբերմունքից, Երեւան, 12-ը հունվարի, 2012թ.
Շուտով կլրանա մեկ տարի, ինչ Գեւորգ Չաուշի 14/3 հասցեի բնակիչները ամենատարբեր ատյաններում պայքարում են իրենց գնած բնակարանները ետ ստանալու համար:

Օրերս Հատուկ քննչական ծառայությունում ավարտվեց «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահի եւ նրա գործընկերոջ կողմից խարդախություն կատարելու, հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու, ինչպես նաեւ մի խումբ անձանց կողմից վաշխառություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով զբաղվող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը, եւ գործն ուղարկվել է դատարան: Գործով 6 անձանց մեղադրանք է առաջադրվել` խարդախության, վաշխառության համար:

Սակայն 3 սենյականոց բնակարանի համար 18 մլն դրամ վճարած Շուշանիկ Աղաբաբյանը պնդում է, որ իր բնակարանը դեռ գտնվում է վաշխառուի ձեռքերում:

«Մեղադրականի մեջ այնպես են գրել, որ Դավիթ Բեգլարյանը բարեխիղճ ձեռք բերող է եւ մենք հույս չունենք բնակարան հետ բերելու», - ասում է Աղաբաբյանը:

Դավիթ Բեգլարյանը Ազգային ժողովի պատգամավոր, Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Հերմինե Նաղդալյանի ամուսինն է: Նաղդալյանը օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չէր ժխտել, որ դեռեւս չկառուցված շենքի 8 բնակարաններ փաստաթղթերով իրեն ու ամուսնուն են պատկանում, սակայն հերքել էր տեղեկությունը, թե «Նորաշեն 2007»-ի սեփականատերերը իր ամուսնուց տոկոսով գումար են վերցրել:

Մինչդեռ Շուշանիկ Աղաբաբյանի պնդմամբ, «Նորաշեն 2007»-ի գրասենյակում գտնվել է աշխատանքային ցուցակ, որը գործին կցվել է որպես փաստաթուղթ:

«Թուղթը տոկոսչիների, վաշխառուների ցուցակն է: Բոլորը վաշխառուներ են ճանաչվել, բացի Դավիթ Բեգլարյանից», - պատմեց նա:

Հիշեցնենք` մոտ մեկ տարի առաջ պարզ դարձավ, որ Չաուշի շենքի բնակարանները միաժամանակ մի քանի մարդկանց են վաճառվել կամ խոստացվել: Գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահն ու իր գործընկերը գանձել եւ հափշտակել են ընդհանուր առմամբ 2.5 մլրդ դրամ: Բացի այդ, չարամտորեն խուսափել են 51 միլիոն դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց:

Բնակիչներին պատճառված վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է մոտ 663 միլիոն դրամը:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կառուցած կիսավարտ շենքը Գեւորգ Չաուշի 14/3 հասցեով
«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կառուցած կիսավարտ շենքը Գեւորգ Չաուշի 14/3 հասցեով
Բնակարանների մի մասը վերադարձվել են, մյուս բնակարանների սեփականատերերին կորոշի դատարանը: Սակայն Չաուշի շենքի այն բնակարանները, որոնք պատկանում են Նաղդալյանին եւ իր ամուսնուն, բնակիչները հույս չունեն վերադարձնել: Բնակիչները պատմում են, որ Հատուկ քննչական ծառայության քննիչ Վաղինակ Ջանազյանի որոշումը, թե Դավիթ Բեգլարյանը տոկոսով գումար է վերցրել, սակայն եկամուտներ չի ստացել, 4 օրից փոխվել է ավագ դատախազ Հարությունյանի կողմից Դավիթ Բեգլարյանի օգտին: Նրանց կարծիքով` դա պատահական չի արվել:

«Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի անդամները մի քանի անգամ ցույցեր են անցկացրել նախագահական նստավայրի առջեւ, նամակով դիմել են Սերժ Սարգսյանին, որ հետամուտ լինի իրենց խնդրին, սակայն նախագահին ուղղված նամակի պատասխանը դեռ չեն ստացել: Նախագահի կուսակից Հերմինե Նաղդալյանի հետ էլ առանձնակի հույսեր չեն կապում նույնիսկ դատարանում:

please wait

No media source currently available

0:00 0:04:28 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG