Մատչելիության հղումներ

«Մեծամասնական ընտրակարգը վերացնելու նախաձեռնությունը չի ընդունվի»


Խորհրդարանական ընդդիմության` Դաշնակցության եւ «Ժառանգության» նախաձեռնությունը կմտնի Ազգային ժողովի օրակարգ, բայց չի ընդունվի, համոզված է խորհրդարանի Հանրապետական խմբակցության անդամ Հովհաննես Սահակյանը:

Հիշեցնենք, խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նպատակ ունեն Ընտրական օրենսգրքում մեծամասնական ընտրակարգը վերացնող օրենսդրական փոփոխություն հեղինակել: Նրանք առաջարկում են իշխանական մեծամասնությանը` անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի:

«Ընդդիմության ներկայացրած որեւէ նախագիծ վերջին 2 տարիների Ազգային ժողովի աշխատանքների արդյունքում ուղղակի չի մերժվել: Դրանք բոլորը անցել են քննարկման որոշակի փուլ եւ իրենց համապատասխան այդ փուլում կամ ընդունվել են, կամ չեն ընդունվել», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում երեքշաբթի օրը ասաց Հովհաննես Սահակյանը: - «Այս նախագիծը, եթե նման մտադրություն կա, չի կարող լինել բացառություն եւ չընդունվել օրակարգ»:

Այդուհանդերձ, իշխող կուսակցության ներկայացուցիչն ասում է` խորհրդարանական մեծամասնությունը քաղաքական որոշում է կայացրել, որ ընտրություններից առաջ նպատակահարմար չէ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ անելը, ընդդիմության նախաձեռնությունը հենց այդ պատճառով կմերժվի:

«Հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցնելը այս պահին ունի որոշակի խոչընդոտներ: Նախ պետք է Սահմանադրության մեջ որոշակի փոփոխություններ կատարվեն, եւ այնուհետեւ Ընտրական օրենսգրքում, որը ժամկետների առումով գրեթե անհնար է», - նշեց Հովհաննես Սահակյանը:

Ինչո՞ւ է ընդդիմությունը ցանկանում փոխել գոյություն ունեցող ընտրակարգը` պարզաբանում է Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ, պատգամավոր Արմեն Ռուստամյանը:

«Բոլորի համար պարզ է, որ մեծամասնական ընտրակարգը ծառայել է իշխանությունների վերարտադրման համար: Եվ բոլոր այդ մանդատները, որ մեծամասնական ընտրակարգով ստացել են պատգամավորները, գերակշիռ մեծամասնությունը եղել են իշխանության ներկայացուցիչներ: Սա լավագույն միջոցն է եղել` ընդդիմությանը դուրս մղելու խորհրդարանից: Հիմա` մենք ասում ենք, որ եկեք այս վիճակը վերացնենք», - ասում է Դաշնակցության ներկայացուցիչը:

Ընդդիմադիրների փաստարկները Հովհաննես Սահակյանին ծանրակշիռ չեն թվում: Ավելին` պատգամավորն այսօր փոքր-ինչ բացեց փակագծերը եւ ասաց, որ մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավորները ազատ են, նրանք կարող են հաջորդ ընտրություններում էլ առաջադրվել, չնայած իր ելույթներից մեկում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ գործարարությունը պետք է տարանջատվի իշխանական համակարգից, իսկ մեծամասնական ընտրակարգով խորհրդարանում հայտնված պատգամավորների գերակշիռ մեծամասնությունը գործարար պատգամավորներ են:

Նրանք ունեն բացակայություններ, նիստերին հիմնականում չեն մասնակցում, խորհրդարանում հայտնվում են միայն կարեւոր քվեարկություններից առաջ:

«Սկզբունքային առումով` մենք կողմ ենք, որպեսզի տարանջատվի, եւ այս խնդիրը կարտացոլվի նաեւ մեր համամասնական ցուցակի մեջ: Բայց մեծամասնական առումով` մենք չենք կարող արգելել որեւէ մեկին, որպեսզի առաջադրվի», - այս առնչությամբ պարզաբանեց Հովհաննես Սահակյանը:

Համամասնական ընտրակարգին միշտ կողմ է եղել իշխանական կոալիցիայի անդամ «Բարգավաճ Հայաստանը»: Եթե հարցը հայտնվի խորհրդարանում, կուսակցությունը ինչպիսի՞ դիրքորոշում կորդեգրի հարցին կուսակցության ներկայացուցիչ Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց. - «Ես ինքս, որպես անհատ պատգամավոր, պաշտպանում եմ «Ժառանգության» եւ Դաշնակցության ներկայացրած տեսակետը, որովհետեւ մեկ բան հստակ է. եթե մենք ուզում ենք ունենալ իրապես քաղաքական խորհրդարան, քաղաքական մարմին, որտեղ կլինեն ոչ թե անձնական մոտիվացիաներ, այլ կլինեն քաղաքական մոտիվացիաներ, եթե մենք ուզում ենք կայացնել մեր քաղաքական կուսակցությունները, ապա, բնականաբար, պիտի անցում կատարվի 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Ես զրուցել եմ ֆրակցիայի իմ գործընկերներ մի քանի պատգամավորների հետ, որոնք եւս պաշտպանում այս տեսակետը, եւ, իհարկե, երբ որ քննարկումներ լինեն խորհրդարանում, մեզանից յուրաքանչյուրը մեր տեսակետը անպայմանորեն կարտահայտի: Սակայն, խոսել հիմա խմբակցության հավաքական եւ միասնական տեսակետի մասին ես ինձ այս պահին իրավունք չեմ վերապահում»:

please wait

No media source currently available

0:00 0:04:55 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG