Մատչելիության հղումներ

Տոներից հետո տրամադրության անկո՞ւմ, թե՞ դեպրեսիա


Տոնական տրամադրությունից, ճոխ սեղաններից հետո աշխատանքի անցնելը շատերիս համար դառնում է խնդիր:

Բացի այն, որ առավոտյան վաղ արթնանալն է տանջանք դառնում, դրան գումարվում է ալարկոտությունն ու չաշխատելու մեծ ցանկությունը: Վերջնական արդյունքը` տրամադրության անկում կամ ինչպես բոլորս ենք սովոր ասել` հետտոնական դեպրեսիա: Հոգեբանները վստահեցնում են` սա դեպրեսիա չէ, այլ ուղղակի տրամադրության անկում:

«Մաքսլիբերթ»-ին զրուցել է համաքաղաքացիների հետ` պարզելու նրանց աշխատանքի անցնելու տրամադրվածությունը: Ոմանք նշեցին, որ դժվար է օրվա ռիթմին համակերպվել, իսկ առավոտյան վաղ արթնանալու մասին խոսել անգամ չեն ցանկանում: Ոմանք էլ մտահոգված նշում էին, որ չի կարելի 8 օր տոն նշել, երկու օրը բավական է. «հա'մ տեմպից չենք ընկնի, հա'մ էլ հետո դեպրեսիա ու սրտանոթային հիվանդություններ չենք ունենա»:

Հոգեբան Ինգա Մուկուչյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշում է, որ տրամադրության անկման պատճառը հիմնականում տոնական օրերին բնականոն ռեժիմից շեղվելն է. - «Գիշերները շատ ուշ ենք քնում, առավոտյան շատ ուշ արթնանում, անկանոն որոշակի սնունդ, ինչու ոչ` նաեւ ալկոհոլի չարաշահում, որը օրգանիզմը ինչ-որ ձեւով հյուծում է»:

Հոգեբանը չի բացառում, որ տրամադրության անկումը կապված է նաեւ մարդկանց անհատական դիրքորոշումների ու կյանքի հանդեպ ունեցած պատկերացումների հետ. - «Նոր տարի է: Մարդիկ շատ հաճախ պատկերացումներ ունեն. կախարդական գիշեր, կախարդական նորություններ: Սպասելիքները երբեմն լինում են ոչ իրական, որ ամեն ինչ Նոր տարում պետք է փոխվի, սակայն գնում են աշխատանքի ու տեսնում են, որ իրականում ամեն ինչ նույն է, նույն աշխատանքը, նույն գործերը, ինչու ոչ, կարող են լինել անցած տարվանից մնացած գործեր: Այստեղ սպասումների եւ իրականության ոչ ճիշտ համընկնում է»:

Հոգեբանի խոսքով, «հետտոնական դեպրեսիայի» համար որոշակի տարիք գոյություն չունի, այն ավելի շատ կապված է մարդու անձնային առանձնահատկության հետ. - «Այն մարդիկ, որոնք ավելի ներշնչվող են, ավելի հուզական են, այն մարդիկ, ովքեր հաճախ են ունենում տրամադրության փոփոխություններ, նրանք էլ ավելի հակված են հետտոնական դեպրեսիայի»:

«Մաքսլիբերթի»-ի հարցին, թե ինչպես դուրս գալ այս վիճակից, Ինգա Մուկուչյանը պատասխանեց. - «Պետք է չկորցնել իրականության զգացումը, որ կյանքը շարունակվում է, պետք է դրական տրամադրվել Նոր տարվան, ավելի հասկանալ իրատեսական սպասումները, փոքր նպատակներ դնել ու գնալ առաջ: Պետք է ուշադիր լինել նաեւ օրգանիզմի ու մարմնի նկատմամբ, կարգավորել քնի ռեժիմը, կարգավորել սննդի ռեժիմը, որը որ կբերի ընդհանուր բալանսի, իսկ մինչ այդ խաթարված էր այդ բալասնը»:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG