Երկուշաբթի օրը Ցյուրիխում ՖԻՖԱ-ն հրապարակել է 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստի, մարզչի եւ գոլի հեղինակի անունները։
Մեսիի երրորդ Ballon d’Or-ը
Արգենտինայի հավաքականի եւ իսպանական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսին ճանաչվել է մոլորակի 2011 թվականի լավագույն ֆուտբոլիստ եւ վաստակել է ՖԻՖԱ-ի ամենապատվավոր մրցանակը` «Ոսկե գնդակը»։
24-ամյա Մեսին առաջին մարզիկն է ֆուտբոլի պատմության ընթացքում, ով երրորդ անգամ անընդմեջ է ստանում Ballon d’Or-ը։ Մեսիի հետ այդ մրցանակի համար պայքարում էին Պորտուգալիայի հավաքականի եւ Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ «Բարսելոնա»-ի հարձակվող Շավի Հերնանդեսը։
Ballon d’Or-ի դափնեկիրը որոշվում է ազգային հավաքականների մարզիչների, ավագների եւ մարզական մամուլի ներկայացուցիչների քվեարկությամբ։ Մեսին շահել է քվեների 48 տոկոսը։
Մրցանակաբաշխությունը, ավանդույթի համաձայն, տեղի է ունեցել Ցյուրիխում, որտեղ գտնվում է ՖԻՖԱ-ի կենտրոնակայանը։
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` հանդիսավոր արարողությունից հետո Լիոնել Մեսին խոստովանել է, որ Արգենտինայի հավաքականը դեռ զիջում է հիմնական մրցակիցներին։
«Շատ թիմեր են մեզանից առաջ, սակայն մենք ունենք ցանկություն եւ հավակնություններ, եւ դեռ կա ժամանակ 2014 թվականի [Բրազիլիայում անցկացվելիք] աշխարհի առաջնությանը լավ նախապատրաստվելու համար», - ասել է Մեսին։
Լավագույնը «Բարսելոնա»-ի մարզիչն է
Երկուշաբթի օրը Ցյուրիխում ՖԻՖԱ-ն հրապարակել է նաեւ այլ անվանակարգերում մրցանակներ վաստակողների անունները։ 2011 թվականի լավագույն մարզիչ է ճանաչվել Պեպ Գվարդիոլան «Բարսելոնա»-ից, երկրորդ եւ երրորդ տեղերն են գրավել «Մանչեսթր Յունայթեդ»-ի եւ Մադրիդի «Ռեալ»-ի մարզիչներ Ալեքս Ֆերգյուսոնը եւ Ժոզե Մոուրինյոն։
Գվարդիոլան ասել է, թե ֆուտբոլում երբեւէ չի կարելի կորցնել զգոնությունն ու պարտվելու հավանականության գաղափարը։
«Միշտ պետք է գիտակցես, որ մրցակիցդ ձգտում է հաղթել քեզ, մենք մրցում ենք տպավորիչ նվաճումներ արձանագրած մի թիմի հետ, եւ եթե մրցակիցդ հիմա քեզնից 5 միավորով առաջ է անցել, ուրեմն պարզապես այս պահին քեզնից ուժեղ է, ֆուտբոլում չկա ոչ մի գաղտնիք», - ասել է Գվարդիոլան, որի ղեկավարած «Բարսելոնա»-ն հիմա 5 միավորով ետ է մնում Մադրիդի «Ռեալ»-ից։
Երեկ Ֆերգասոնը շատ ջերմ է խոսել Գվարդիոլայի մասին։ «Ֆուտբոլում երբեմն պարտադրված ես ձեռքերդ վեր պարզել եւ խոստովանել` «նրանք մեզանից ուժեղ են»։ Չեմ կարծում, որ կատալոնացիները որեւէ մեկին զիջեն Եվրոպայի լիգայի գավաթը, թերեւս, միայն «Ռեալ»-ն է նրանց մրցակիցը», - ասել է Ֆերգյուսոնը, ով նաեւ Մեսիի մասին է գովեստով խոսել։
«Մեծ ֆուտբոլիստները կարող են խաղալ ցանկացած ժամանակաշրջանում։ Մեսին կարող էր խաղալ 1950-ականներին, Ալֆրեդո դի Ստեֆանոն կարող էր խաղալ այնպես, ինչպես Դիեգո Մարադոնան, Յոհան Կրուիֆը եւ Պելեն, Մեսին հենց այդ կարգի ֆուտբոլիստ է»,- ասել է «Մանչեսթր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչը։
Նեյմար` լավագույն գոլ, Սավա` լավագույն կին-ֆուտբոլիստ
2011 թվականի լավագույն գոլի մրցանակը տրվել է Բրազիլիայի հավաքականի եւ բրազիլական «Սանթոս» թիմի հարձակվող Նեյմարին` «Ֆլամենգո»-ի դարպասն անցկացրած աներեւակայելի գեղեցիկ գոլի համար։
2011 թվականի լավագույն կին-ֆուտբոլիստի մրցանակը ստացել է Ճապոնիայի հավաքականի ավագ Հոմարե Սավան։ Ճապոնիայի թիմը անցյալ տարի աշխարհի առաջնության եզրափակիչում հաղթել է ԱՄՆ-ի հավաքականին։
«Ես կարծում էի, թե այս գավաթը շատ ծանր է», - երեկ Ցյուրիխում ընդունելով մրցանակը` ասել է 33-ամյա Սավան։
Նորիո Սասակին, որի ղեկավարությամբ Ճապոնիայի թիմը հաղթել է անցյալ տարի Գերմանիայում տեղի ունեցած աշխարհի առաջնությունում, ճանաչվել է 2011 թվականի կանանց թիմերի լավագույն մարզիչ։
Լիոնել Մեսին նորից շահեց «Ոսկե գնդակը»