Մատչելիության հղումներ

Տոնական օրերին «Օրինաց երկիր»-ը համալրվել է նոր անդամներով


«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:
«Օրինաց երկիր» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի շուրջ հարյուր ընտանիքներ անցած տոների ընթացքում անդամագրվել են «Օրինաց երկիր» կուսակցությանը:

Կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ այս եւ մի շարք այլ գյուղերում «Օրինաց երկիր»-ը սննդամթեր է բաժանել իր կուսակիցներին ու համախոհներին:

«Համախոհներին, կուսակցականներին` ում ուզել են, իրենց տարածքներում տվել են», - հավելեց նա:

Ընտրական եւ քաղաքական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում չցանկացավ որեւէ որակում տալ կուսակցության այս քայլին:

Բադալյանի կարծիքով, կարեւոր չէ` ընտրակաշա՞ռք է սա, թե՞ ոչ. - «Ինչքան էլ ինչ էլ բաժանի, նա այլեւս չի կարող պառլամենտում հայտնվել… «Օրինաց երկիր»-ը մահացած կառույց է` 2008 թվականի մարտի 1-ից հետո մահացել է: Իսկ մահացած կառույցը, ինչքան էլ ինքը բաժանի, այլեւս խորհրդարան չի մտնելու: Դա ցույց տվեցին Երեւանի ավագանու ընտրությունները»:

Էջմիածնից ոչ հեռու գտնվող Աղավնատուն գյուղում երկու ընտրատեղամաս կա: «Օրինաց երկիր»-ից որպես ամանորյա նվեր սուրճ, օղի եւ հյութեր ստացած մի ընտանիքում «Ազատություն» ռադիոկայանին ասացին, թե իսկապես այդ կուսակցության անդամների թիվն ավելացել է. մարդիկ տվել են իրենց անձնագրային տվյալները` փոխարենը ստանալով ամանորյա նվերներ:

Ընտրատեղամասերից մեկի հանձնաժողովի նախագահ, «Օրինաց երկիր» կուսակցության անդամ Սուրեն Նիկողոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ միայն Ամանորի օրերին կուսակցությանն անդամագրվել է 83 նոր անդամ` 44 ընտանիք միայն իր ընտրատեղամասից: Նրա տեղեկություններով` գրեթե այդքան էլ անդամագրվել են մյուս ընտրատեղամասի բնակիչներից:

«Ում հասանելի է, նրանց եմ տվել: Ով որ անդամագրվել է, նրանց եմ նվեր բաժանել., - ասաց նա:

Հարցին, թե մտավախություն չունի, որ հենց սննդամթերքը ստանալու համար են մարդիկ անդամագրվել, Նիկողոսյանը պատասխանեց. - «Այդպիսի անդամ ինձ պետք չէ… Ավելի լավ է չխաբենք միմյանց: Եթե պետք է խաբենք մի նվերի համար կամ մի բանի համար, ուրեմն կխաբնվենք ընդմիշտ»:

Կուսակցությունը համալրած նոր անդամները, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում դժվարացան բացատրել իրենց ընտրությունը:

please wait

No media source currently available

0:00 0:03:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG