Մատչելիության հղումներ

«Ղարաբաղի հարցի սառեցումը ձեռնտու է Արեւմուտքին»


Միջազգայնագետ Ալեքսանդր Ռար, արխիվային լուսանկար
Միջազգայնագետ Ալեքսանդր Ռար, արխիվային լուսանկար

Գերմանիայի արտաքին քաղաքականության խորհրդին կից Բերթոլդ Բեյցի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն, միջազգայնագետ Ալեքսանդր Ռարի խոսքերով` Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տվյալ պահին չի գտնվում աշխարհի առաջատար տերությունների ուշադրության կենտրոնում, քանի որ կան առավել հրատապ այնպիսի խնդիրներ, ինչպիսին են Իրանի, Հյուսիսային Կորեայի, Հյուսիսային Աֆրիկայի իրադարձությունները։

«Կարծում եմ, Արեւմուտքին, այդ թվում` ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահող պետություններին, ձեռնտու է հարցը սառեցված վիճակում պահպանելը։ Բացառությամբ Ադրբեջանի` դա բոլոր կողմերի տեսակետից հարմար տարբերակ է», - ադրբեջանական Day.az ինտերնետային պարբերականին ասել է Ռարը եւ ավելացրել. - «Ոչ ոք Արեւմուտքում մտադիր չէ ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը կամ հավանություն տալ Հայաստանի դիրքորոշմանը, բայց եւ ոչ ոք այս պահին պարզապես չգիտի, թե որն է կարգավորման տարբերակը»։

«Փոխզիջում չկա, ոչ ոք չի ընդունում կոնֆեդերացիայի գաղափարը, համատեղ տնօրինումը, Արեւմուտքում դա բոլորն են գիտակցում, եւ խնդրի սառեցված վիճակը հարմար է բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ Հարավային Կովկասը լինի այդ տարածաշրջանից Արեւմուտք էներգակիրների փոխադրման գլխավոր ուղին», - մանրամասնել է փորձագետը։

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավո՞ր է, որ կողմերից մեկը 2012-ին ռազմական գործողություններ նախաձեռնի, Ալեքսանդր Ռարն ասել է, որ պատերազմի հավանականությունը, իհարկե, բացառել չի կարելի, «սակայն Արեւմուտքում հուսով են, որ նման բան չի լինի, Ադրբեջանը չի գնա այն ճանապարհով, որը 2008-ի ամռանը Հարավային Օսիայի հարցը լուծելու համար Վրաստանն էր ընտրել»։

«Վրաստանը այդ քայլին դիմելով չի շահել։ Ուստի Արեւմուտքը ենթադրում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորումը պետք է իրականացվի միայն խաղաղ եղանակով, նույնիսկ այն դեպքում, եթե պարզվի, որ դա պետք է անի արդեն գալիք սերունդը»,- ասել է Բերթոլդ Բեյցի անվան վերլուծական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ռարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG