Պաշտոնական Վաշինգտոնի եւ Թեհրանի հարաբերությունները օրըստօրե սրվում են։ Իրանի բարձրաստիճան զինվորականները սպառնում են ռազմական բախման դեպքում փակել Հորմուզի նեղուցը։
Այդ նեղուցով, որով միանում են Պարսից եւ Օմանի ծոցերը, իրականացվում է նավթի համաշխարհային փոխադրումների ավելի քան 30 տոկոսը։
Դեռ անցած տարեվերջին Իրանի ռազմական նավատորմի հրամանատար Հաբիբոլահ Սայարին ասել է, թե նեղուցը փակելը մեծ խնդիր չէ։
«Մենք այսօր հանգիստ կարող ենք փակել նեղուցը, ինչպես իրանցիներն են ասում, դա մեկ բաժակ ջուր խմելու պես հեշտ բան է», - հայտարարել է Սայարին։
Իրանի զինված ուժերը Պարսից ծոցում զորավարժություններ են անցկացնում եւ փորձարկում նոր հրթիռներ` այդպես նկատել տալով, որ Արեւմուտքի հետ հնարավոր հակամարտությունից բնավ չեն սարսափում։
Կիրակի օրը Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Լեոն Փանեթան ասել է, որ կա մի սահման, «կարմիր գիծ», որը հատելու դեպքում Իրանը խստորեն կպատժվի։
«Մենք հստակ հայտնել ենք, որ Միացյալ Նահանգները չի հանդուրժի Հորմուզի նեղուցի շրջափակումը. դա եւս մեկ կարմիր գիծ է», - CBS հեռուստակայանին ասել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը։
Այդ հարցազրույցում նա նշել է, թե մյուս կարմիր գիծը միջուկային ռումբի ստեղծումն է, ինչը Վաշինգտոնը կկանխի բոլոր հնարավոր միջոցներով։
Լեոն Փանեթան նաեւ նկատել է տվել, թե այս վտանգավոր իրավիճակում ԱՄՆ-ը հորդորում է Իսրայելին չդիմել որեւէ միակողմանի գործողության, քանի որ այն է՛լ ավելի կսրի կացությունը։
Նախարարի հետ այդ հեռուստածրագրին մասնակցել է նաեւ ԱՄՆ-ի զինված ուժերի միացյալ շտաբերի նախագահ գեներալ Մարթին Դեմփսին, ով իրանցիներին հորդորել է ամենայն լրջությամբ վերաբերվել Վաշինգտոնի նախազգուշացումներին եւ գիտակցել, որ հարվածը ջախջախիչ կլինի։