Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել ԱՊԼ-ի առաքելությանը Սիրիայում


ՄԱԿ-ը պատրաստ է տեխնիկական աջակցություն ցուցաբերել Սիրիայում աշխատող Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) դիտորդական առաքելությանը:

Քաթարի վարչապետ շեյխ Համադ ալ Թանին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի-մունի հետ քննարկել է այն հիմնախնդիրները, որոնք Սիրիայում ծառացել են առաքելության դիտորդների առջեւ: Նրա խոսքով, ԱՊԼ-ի դիտորդական առաքելությունը թույլ է տվել «մի շարք սխալներ», ինչի պատճառը փորձի բացակայությունն է, եւ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը թույլ կտա հետագայում խուսափել նման սխալներից:

Սիրիա, որտեղ շարունակվում է անվտանգության ուժերի եւ Բաշար ալ Ասադի ռեժիմի հակառակորդների դիմակայությունը, ԱՊԼ-ի դիտորդական առաքելություն ուղարկելու նախաձեռնողներից մեկը Քաթարն էր:

Սիրիական ընդդիմությունը խիստ քննադատության է ենթարկում առաքելության աշխատանքը` պնդելով, թե իշխանությունները դիտորդներին դրել են այնպիսի պայմաններում, որ նրանք անկարող են օբյեկտիվորեն արտացոլել երկրում տիրող իրավիճակը:

Արաբական պետությունների լիգան խոստովանում է, որ դիտորդական առաքելության աշխատանքը չի հանգեցրել բռնությունների դադարեցմանը: Սիրիայում ամեն օր մարդիկ են զոհվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG