Մատչելիության հղումներ

Կարեն Բաբակեխյանը ուզում է հասնել նրան, որ Շիրակի մարզում հարգեն ոստիկանին


Մեկ ամիս առաջ Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակված Կարեն Բաբակեխյանը երեկ մարզխորհրդի նիստից հետո պատասխանեց լրագրողների հարցերին։

Հարցին՝ ինչո՞ւ հենց իրեն նշանակեցին Շիրակի մարզի ոստիկանապետ, Բաբակեխյանը պատասխանեց․ - «Երեւի մոռանում եք՝ մենք զինվոր ենք։ Որտեղ որ կարգադրում են, մենք այնտեղ պարտավոր ենք ծառայել»։

Հիշեցնենք՝ Կարեն Բաբակեխյանը ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, Հայաստանի գլխավոր դատախազի նախկին տեղական Գագիկ Ջհանգիրյանի գործով ոստիկան վկաներից մեկն էր։ Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանն էլ ժամանակին եղել է Բաբակեխյանի պետը՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ վարչությունում աշխատած տարիներին։

Շիրակի մարզի ոստիկանապետը կոնկրետ ժամկետներ չնշեց՝ պատասխանելով այն հարցին, թե, ըստ իր կանխատեսումների, որքա՞ն ժամանակ կկարողանա պաշտոնավարել Շիրակի մարզում։ Բաբակեխյանը միայն նշեց․ - «Եթե ես կարողանամ հասնել նրան, որ շիրակցիները ինձ սիրեն՝ բավականին երկար»։

Հարցին, թե արդյո՞ք դժվար չէ ոստիկանապետին աշխատել մի քաղաքում, որն ունի կրիմինալ համբավ, Շիրակի մարզի ոստիկանապետն արձագանքեց․ - «Բավականին երկար աշխատում եմ համակարգում եւ այդ ձեր ներկայացրած կրիմինալ ուժերին բոլորին շատ լավ ճանաչում եմ»։

Թաղային հեղինակությունները փորձեր չե՞ն անում ծանոթություններ փնտրելու, մտերմանալու հարցին էլ Կարեն Բաբակեխյանը պատասխանեց, թե իրեն նմանատիպ ծանոթություններ պետք չէ։ Նա հավելեց, թե Գյումրիի «կրիմինալ համբավ» ունենալու մասին լրագրողների պնդումը «մի քիչ չափազանցված է»։

«Ես երկար ժամանակ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ եմ եղել բավականին երկար տարիներ։ Իսկ գլխավոր վարչությունը, դուք գիտեք՝ աշխատանքը կենտրոնացված չէ միայն Երեւան քաղաքում, դա ամբողջ ամբողջ հանրապետությունով մեկ է։ Եվ պարբերաբար շփվել ենք եւ տեղյակ ենք եղել Գյումրվա ե՛ւ հանցագործ աշխարհի հետ, ե՛ւ հանցավոր աշխարհի հետ», - պարզաբանեց

Անդրադառնալով Շիրակի մարզում իր անելիքներին, Կարեն Բաբակեխյանն ասաց․ - «Ես ուզում եմ մարզում այնպիսի մթնոլորտ ստեղծել, որ մեր հանրությունը սիրի եւ հարգի ոստիկանին»։

Լրագրողների խնդրանքով ոստիկանապետն անդրադարձավ նաեւ Շիրակի մարզում վերջին տարիներին թմրամոլների թվի աճին եւ մեծ տրածում ստացած՝ բենզինից պատրաստվող թրմանյութերի օգտագործման խնդրին, որը նախեւառաջ խիստ վտանգավոր է այն օգտագործողի առողջության համար։

«Առաջնային խնդիրներից մեկը դա Շիրակում, Գյումրի քաղաքում ստեղծել լաբորատորիա՝ մեր աշխատանքները (թմրամոլներին ստուգելու) հեշտացնելու համար։ Պետք է պայքարենք, պետք է հսկենք դա», - նշեց Կարեն Բաբակեխյանը՝ հավելելով, որ հանձնարարականներ է տվել նաեւ հսկողություն սահմանելու, այդ թվում՝ դեղատներում։

please wait

No media source currently available

0:00 0:04:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG