Մատչելիության հղումներ

«Թող լինի հույսի եւ լույսի տարի»


Մեր վաստակաշատ, ամենասիրված դերասանուհիներից Վարդուհի Վարդերեսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ոչ միայն ամանորյա իր մաղթանքն է հղում աշխարհի բոլոր հայերին, այլեւ անկեղծությամբ խոսում է այն ամենի մասին, ինչը մտահոգում է իրեն:

«Նոր տարին սիրելի տոն է, մանկությունը հիշեցնող, ապագայի երազների տոն: Նոր տարին ոչ միայն գեղեցիկ խոսքերի տոն է, այլեւ` հանրագումարի բերելու արածն ու չարածը, չվախենալու բացերի մասին խոսել: Մեր երկրում ոչինչ չի փոխվի, մինչեւ որ իրերն իրենց անունով չկոչվեն», - ասաց նա` շարունակելով. - «Նայում եմ հեռուստացույց, կարդում եմ թերթերը` ամենուր քողարկում, ոչ մի ճշմարիտ խոսք: Մտավորականները ժպտում են` ամեն ինչ շատ լավ է… Ի՞նչն է լավ… Մշակո՞ւյթը, քաղաքականությո՞ւնը, տնտեսությո՞ւնը, արդարադատությո՞ւմը, արտագա՞ղթը…»:

«Ես լավատես մեկն եմ, բայց վերջին տարիներին կորցրել եմ հավատս շատ բաների նկատմամբ: Ես 62 տարվա բեմական կյանք ունեմ, բոլոր կոչումները, բայց այս պետություն համար գոյություն չունեմ… Որովհետեւ ատում եմ կեղծիքը, որովհետեւ հիշում եմ 10 զոհերի չբացահայտված սպանությունները, բանակում զոհված ջահելներին, մարդկանց, ովքեր Նոր տարուն սեղանին դնելու բան չունեն», - ցավով ասաց Վարդուհի Վարդերեսյանը:

Եվ սիրված դերասանուհու ամանորյա մաղթանքը. - «Ես ուզում եմ, որ իմ ժողովրդը արդար, բարեկերթ, ազատ երկրում ապրի, չթալանվի, չարհամարհվի, չվախենա: Ես ուզում եմ, որ մեր մտավորականության ճակատին մտահոգության կնճիռներ հայտնվեն, բոլոր ժամանակներում նրանք են եղել տվյալ երկրի առաջատար ուժը, ըմբոստ ուժը… Ես ինչ եմ մաղթում` թող լինի հույսի եւ լույսի տարի»:

please wait

No media source currently available

0:00 0:07:14 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG