Մատչելիության հղումներ

Ֆրանսիայի հարցը հասավ Թուրքիայի Անվտանգության խորհուրդ


Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում Անկարայում` «Չանկայա» նախագահական պալատում, արխիվային լուսանկար
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում Անկարայում` «Չանկայա» նախագահական պալատում, արխիվային լուսանկար
Թուրքիան չորեքշաբթի օրը զգուշացրել է, որ նոր գործողություններ կձեռնարկի պաշտոնական Փարիզի դեմ, եթե Ֆրանսիայի Սենատը ընդունի Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագիծը։

Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` նման հայտարարությամբ է հանդես եկել Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, հույս հայտնելով, թե Ֆրանսիայում «առողջ բանականությունը» կհաղթանակի, եւ պաշտոնական Փարիզը կհրաժարվի «իր սխալից»։

Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը, որում ընդգրկված են նախագահ Աբդուլա Գյուլը, վարչապետ Ռեջեփ Էրդողանը, բարձրաստիճան գեներալներ եւ կառավարության անդամներ, չորեքշաբթի օրը շուրջ հինգ ժամ տեւած նիստի ավարտին հրապարակած հայտարարությունում նշել է նաեւ, թե ձեռնարկվելիք հավելյալ միջոցները կհրապարակվեն` «կախված Ֆրանսիայի քայլերից»։

«Եթե առաջարկը վերածվի օրենքի` կլինի այս անարդարացի նախաձեռնության դեմ առարկություն բոլոր եղանակներով», - ասված է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հայտարարությունում։

Հայոց ցեղասպանության ուրացման համար մեկ տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրոյի տուգանք սահմանող օրինագծին ֆրանսիական խորհրդարանի ստորին պալատը` Ազգային ժողովը հավանություն տվեց մեկ շաբաթ առաջ։

Նախագծի ընդունմանը անմիջապես հաջորդեցին պաշտոնական Փարիզի դեմ մի շարք «պատժամիջոցների» մասին Անկարայի հայտարարությունները, մասնավորապես` Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը դադարեցնելու եւ Փարիզից իր դեսպանին հետ կանչելու մասին։ Դա, ըստ Էրդողանի, «պատժամիջոցների առաջին փուլն է միայն»։

Reuters-ը նշում է, որ Ֆրանսիան Թուրքիայի արտահանման` մեծությամբ հինգերորդ շուկան է, եւ ներկրման` մեծությամբ վեցերորդ աղբյուրը, երկու երկրների միջեւ ապրանքաշրջանառությունը այս տարվա առաջին 10 ամիսներին կազմել է 14 միլիարդ դոլար։

Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը ասել է, որ ֆրանսիական ներդրումները իր երկրում ապահով են, սակայն հավելել է, թե «սպառողները կարող են իրենք որոշում կայացնել»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG