Մատչելիության հղումներ

Անպատասխան հարցեր` Դինքի գործով դատավարությունում


Հրանտ Դինքի սպանության գործով շաբաթասկզբին վերսկսված դատական պրոցեսը կրկին մի շարք անպատասխան հարցեր է թողնում նախեւառաջ տուժող կողմի եւ ազատական հայացքների տեր թուրք մտավորականների շրջանում:

Երկուշաբթի օրը կրկին հարյուրավոր մարդիկ էին հավաքվել Բեշիքթաշի քրեական դատարանի մոտ` «Ակոս»-ի խմբագրի սպանության ամբողջական բացահայտում պահանջելով: Դինքի ընտանիքին աջակցող մտավորականներից մեկը` Գյուլթեն Կայան, նախ հրապարակեց կառավարությանն ուղղված իրավապաշտպանների համատեղ հայտարարությունը:

«Մի ծաղրեք մեզ: Արձագանքեք մեր պահանջներին: Որտե՞ղ են Դինքի մարդասպանները: Որտե՞ղ եք դուք թաքցնում նրանց` ոստիկանության բաժանմունքներո՞ւմ, խորհրդարանի միջանցքներո՞ւմ, թե՞ զինված ուժերի հրամանատարական կետերում», - նշված էր հայտարարության մեջ:

Դինքի սպանության բացահայտման պահանջով կազմակերպված հերթական այս ցույցն աչքի ընկավ ոչ միայն մասնակիցների համեմատաբար մեծ թվաքանակով` շուրջ 200 մարդ, այլեւ քաղաքական ազդեցիկ ուժերի ներկայացվածության մակարդակով: Բողոքի ակցիային ներկա էին ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրիկուլուն, քրդամետ «Խաղաղություն եւ Ժողովրդավարություն» կուսակցության անդամներ, դատարանի մերձակա հրապարակում էր նաեւ երկրի խոշորագույն արհմիություններից մեկի` շուրջ 300 հազար ակտիվ անդամ ունեցող «Հեղափոխական բանվորների համադաշնության» (DISK) նախագահ Թայֆուն Գորգյունը:

Չնայած քաղաքական այս ճնշմանը, դատական գործընթացում որեւէ էական տեղաշարժ կրկին չարձանագրվեց: Հիմնական ինտրիգը շարունակում են մնալ Դինքի սպանության կազմակերպիչներից մեկի` Յասին Հայալի ցուցմունքները:

«Հյուրիեթ»-ին տված հարցազրույցում Դինքի շահերը ներկայացնող փաստաբաններից մեկը` Ֆեթհիյե Չեթինն ասել էր. - «Հայալի նկատմամբ լուրջ ճնշում են գործադրում, որպեսզի նա դատարանի հետ չկիսվի մի շարք կարեւոր տեղեկություններով: Հայալի նկատմամբ ճնշումները տարբեր կողմերից են, եւ եթե նա ի վիճակի լիներ խոսել, ապա շատ ասելիք կունենար»:

Նախորդ դատական նիստերի ընթացքում տեղեկություններ հայտնվեցին, որոնց համաձայն թուրքական ոստիկանությունը հենց Յասին Հայալի միջոցով էր կարողացել տեղեկություններ ստանալ Դինքի ծրագրվող սպանության մասին, սակայն այդպես էլ որեւէ կանխարգելիչ քայլի չէր դիմել:

«Դատավարությունը գրեթե չորս տարի է արդեն ինչ շարունակվում է, սակայն որեւէ առաջընթաց չկա», - արձանագրել է Ֆեթհիյե Չեթինը:

Դատարանի շենքի մոտ կազմակերպված ցույցի մասնակիցներից մեկը` լրագրող Գարո Փայլանը նշում է, որ 2007 թվականից ի վեր իշխանություններն այդպես էլ չկարողացան հստակորեն ապացուցել, որ կապ չունեն սպանության հետ:

«Պետությունն ինքը չի կարողանում տարանջատել իրեն մարդասպաններից ու Դինքի սպանությունը հրահրած անձանցից», - նշել է Փայլանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG