Մատչելիության հղումներ

Ղարաբաղում տուրիզմի «ռեկորդային» աճ է գրանցվել


Լեռնային Ղարաբաղ – Լեռնանցք Հադրութի շրջանում, 7-ը հուլիսի, 2011թ.
Լեռնային Ղարաբաղ – Լեռնանցք Հադրութի շրջանում, 7-ը հուլիսի, 2011թ.
Լեռնային Ղարաբաղ այցելող օտարերկրյա զբոսաշրջիկների թիվը տարվա 9 ամիսների կտրվածքով աճել է 50 տոկոսով` 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:

«Այս տարի զբոսաշրջիկների թվաքանակի աճը ռեկորդային էր` 50 տոկոս աճ նախորդ տարվա համեմատ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը: - «Դա շատ մեծ թիվ է` հատկապես հաշվի առնելով միջազգային ճգնաժամային իրավիճակը, երբ որ ամեն տեղ զբոսաշրջային այցելությունների քանակները նվազում են»:

Շահվերդյանը կոնկրետ թվեր չհրապարակեց, սակայն ընդգծեց, որ վերոնշյալ ցուցանիշները վերաբերում են «հաշվառման ենթակա» զբոսաշրջիկներին, կամ այլ կերպ ասած, այն օտարերկրյա քաղաքացիներին, ովքեր Ղարաբաղ մուտք գործելու համար պետք է մուտքի արտոնագիր` վիզա ստանան: Մինչդեռ, ոլորտի պատասխանատուները նաեւ Հայաստանից զբոսաշրջության զգալի աճ են արձանագրում:

Նշենք, որ 2010 թվականին Լեռնային Ղարաբաղ էր այցելել շուրջ 8 հազար օտարերկրյա զբոսաշրջիկ:

ԼՂ Զբոսաշրջության վարչության պետի կարծիքով, զբոսաշրջիկների մեծ հոսքին նպաստել է հատկապես Ղարաբաղի «դրական իմիջը եւ երկրի արտաքին տեսքը»: Իսկ վերջին տարիներին Ղարաբաղը սկսել է նաեւ ակտիվորեն մասնակցել արտերկրում կազմակերպվող զբոսաշրջային ցուցահանդեսներին, ինչը մի շարք դեպքերում հարուցել է Ադրբեջանի զայրույթը:

«Մեծ ազդեցություն է ունեցել նաեւ երկրի ընդհանրապես կարգավորումը` ճանապարհաշինությունը, հրապարակների բարեկարգումը, մայրաքաղաքի կանաչապատումը», - կարծիք հայտնեց Սերգեյ Շահվերդյանը:

Զբոսաշրջության վարչությունն ավարտել է հյուրանոցների հաշվառման գործընթացը: Այս տարի Ստեփանակերտում բացվել է 1 հյուրանոց: Եվս 2 հյուրանոց էլ բացվել է Շուշի քաղաքում: Ղարաբաղում գործում է 32 հյուրանոց:

Լեռնային Ղարաբաղ – Ամարասի վանքը, 7-ը հուլիսի, 2011թ.
Լեռնային Ղարաբաղ – Ամարասի վանքը, 7-ը հուլիսի, 2011թ.
«Մենք կարող ենք գոնե հստակ ասել, որ ունենք Ղարաբաղում մոտավորապես 800 ննջատեղ` բոլոր տեսակի հյուրանոցային տնտեսության օբյեկտներում եւ ունենք արդեն 1 հատ որակավորում անցած հյուրանոց», - նշեց Սերգեյ Շահվերդյանը:

Տարվա ընթացքում Զբոսաշրջության վարչությունը հաշվառել, վերականգնել կամ ցանկապատել է Ղարաբաղի տարածքում գտնվող ինչպես քրիստոնեական, այնպես էլ մահմեդական հուշարձանները: Իսկ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, Շահվերդյանի խոսքերով, եղել է Ստեփանակերտի հարեւանությամբ գտնվող միջնադարյան քաղաքի հայտնաբերումը:

«Ըստ հնագետների, դա հայտնի Կարկառ բերդաքաղաքն է, որտեղ հայտնաբերվեցին շատ հետաքրքրական կառույցներ. մի մասը քարաշեն է, մի մասը` աղյուսաշեն: Դրա կարեւորությունը ոչ միայն նրանում է, որ մենք 1 պատմական քաղաք եւս հայտնաբերեցինք, այլ նրանում, նաեւ, որ այդ քաղաքը կարելի է Ստեփանակերտի նախաքաղաքը համարել: Մի շատ սիրուն բարձրավանդակի վրա, անտառածածկ քաղաքներով այդ քաղաքը բավականին հզոր տպավորություն է թողնում», - նաեւ ասաց Զբոսաշրջության վարչության պետ Սերգեյ Շահվերդյանը:

please wait

No media source currently available

0:00 0:03:34 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG