Մատչելիության հղումներ

Ղարաբաղյան կարգավորումը` ըստ Մեդվեդեւի եւ ըստ Ալիեւի


Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2011թ.
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը Սոչիում, 9-ը օգոստոսի, 2011թ.
Անցած շաբաթավերջին Ղարաբաղի խնդրի կարգավորմանը անդրադարձել են Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահները: Բայց եթե Դմիտրի Մեդվեդեւը համոզված է, որ խնդրի կարգավորումը հիմա հնարավոր է եւ միայն` խաղաղ ճանապարհով, Իլհամ Ալիեւը նորից խոսել է ռազմական ճանապարհով հարցը լուծելու հնարավորության մասին:

Մեդվեդեւը Ադրբեջանի հեռուստառադիոյի (AzTV) հարցազրույցում ասել է. - «Համաձայնության հեռանկարներ անտարակույս կան: Իմ կարծիքով, դա [Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը] հետխորհրդային տարածքի միակ հակամարտությունն է, որը հիմա հնարավոր է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, դիմացինի հիմնավորումները լսելու ցանկությունից»:

Նա ընդգծել է, որ կարգավորման ճանապարհը միայն մեկն է՝ համաձայնությունը. - «Որովհետեւ համաձայնությանը այընտրանք չկա: Այլընտրանքը միայն վատն է՝ պատերազմը»:

Ռուսաստանի նախագահը նշել է, որ համաձայնությունը հնարավոր է միայն փոխզիջումների հիմքով, յուրաքանչյուրը պետք է անցնի իր ճանապարհը, եւ նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը հետագայում եւս կօժանդակի դրան:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, մինչդեռ, հայտարարել է. - «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, բոլոր տեղահանվածները պետք է վերադառնան իրենց հայրենի հողերը: Լեռնային Ղարաբաղում, այդ թվում Շուշիում, Ադրբեջանի ինքնիշխանությունը պետք է ամբողջությամբ վերականգնվի»:

APA լրատվական գործակալությունը հայտնում է, որ Ադրբեջանի նախագահը այս հայտարարությունը արել է Լաչինից տեղահանված 500-ից ավելի ընտանիքների համար նոր բնակավայրի բացման ժամանակ:

Իր խոսքում Ալիեւը նաեւ ասել է. - «Հիմա դիվանագիտական ջանքեր ենք գործադրում, բայց եթե տեսնենք, որ դա արդյունք չի տալիս, ապա ցանկացած պահի մենք պետք է պատրաստ լինենք ռազմական ճանապարհով վերադարձնելու մեր հողերը»:

«Անհրաժեշտ պահին ադրբեջանական բանակը կասի իր խոսքը: Միջազգային իրավունքի նորմերը մեզ այդ իրավունքը տալիս են, պարզապես մենք ցանկանում ենք առայժմ դա կատարել բանակցությունների միջոցով` միաժամանակ ավելացնելով մեր հզորությունը: Այս տարիների ընթացքում մենք շատ ավելի ուժեղ ենք դարձել, մենք ռազմական հզոր ներուժ ենք ստեղծել», - հայտարարել է Ալիեւն ու նորից կրկնել, թե խնդրի արդարացի լուծումը միայն մեկն է՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումը»։

Ադրբեջանի նախագահը ասել է, թե ինքն անձամբ լիովին համոզված է, որ դա կկատարվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG