Մատչելիության հղումներ

Միյատովիչին մտահոգել է Ֆրանսիայի Ազգային ժողովի որոշումը


ԵԱՀԿ-ի մամուլի ազատության գծով ներկայացուցիչ Դունյան Միյատովիչը մտահոգություն է հայտնել Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունման կապակցությամբ։

ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ` Միյատովիչը, մասնավորապես, հայտարարել է. - «Ինձ համար ամբողջությամբ ընդունելի են Ազգային ժողովի այն անդամների մարդասիրական նկատառումները, որոնք հեղինակել եւ սատարել են տվյալ առաջարկը։ Այդուհանդերձ, ես կարծում եմ, որ այդ օրենսդրական փոփոխությունների վերջնական ընդունումը լուրջ մտահոգություններ կհարուցի արտահայտվելու ազատության միջազգային չափանիշների առնչությամբ»։

ԵԱՀԿ-ի ներկայացուցչի խոսքերով, օրենքը կարող է հրապարակային բանավեճերի` քաղաքական հողի վրա քրեական հետապնդման միջազգային նախադեպ ստեղծել, ինչը նա կառուցողական չի համարում մարդկանց միջեւ ավելի լավ փոխըմբռնման տեսանկյունից` նույնիսկ եթե խոսքը վերաբերում է «որեւէ ժողովրդի ողբերգական պահի վերաբերյալ ակնհայտորեն կեղծ եւ վիրավորական հայտարարությանը»։

Միյատովիչը տագնապ է հայտնել, թե խոսքի ազատության մեծ պատմություն ունեցող պետության կողմից նման օրենքի ընդունումը կարող է ԵԱՀԿ-ի տարածաշրջանի մյուս երկրներին մղել հետեւելու Ֆրանսիայի օրինակին եւ խախտել խոսքի ազատությունը խրախուսելու իրենց պարտավորությունները ԵԱՀԿ-ի առջեւ։

Ի վերջո, ԵԱՀԿ-ի ներկայացուցիչը հույս է հայտնել, թե Ֆրանսիայի Սենատը կմերժի օրինագիծը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG