Մատչելիության հղումներ

Առանցքային վկային կպաշտպանեն նաեւ զորացրումից հետո


Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստում այսօր դատավորը որոշեց առանցքային վկայի` Արման Մնացականյանի նկատմամբ կիրառել պաշտպանական միջոց նաեւ նրա զորացրումից հետո:

Արտակ Նազարյանի մահվան գործով դատական նիստում այսօր դատավորը որոշեց առանցքային վկայի` Արման Մնացականյանի նկատմամբ կիրառել պաշտպանական միջոց նաեւ նրա զորացրումից հետո:

Արման Մնացականյանը, հիշեցնենք, դատարանում ցուցմունք էր տվել, որ Նազարյանը մահացել է հուլիսի 26-ին եւ ոչ թե մեկ օր ուշ` ինչպես նշված է մեղադրական եզրակացությունում: Վկայի անվտանգությունն ապահովելու համար Նազարյանի մահից հետո նրան տեղափոխել էին ռազմական ոստիկանություն:

Գործը քննող դատավորը` Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սամվել Մարդանյանը հրապարակեց Արման Մնացականյանի պահման վայրի` ռազմական ոստիկանության զորամասերից մեկի հրամանատարի գրությունը: Հրամանատարը նշել էր, թե քանի որ լրացել է վկայի ծառայության ժամկետը, ապա նրան զորացրելուց հետո, ըստ օրենքի, նրա նկատմամբ սահմանված պաշտպանական միջոցը պետք է փոփոխվի:

Վկայի ծառայության ժամկետը լրացել է դեկտեմբերի 4-ին, եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին ասել էր Պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Դավիթ Կարապետյանը, մինչեւ տարեվերջ նրան պետք է զորացրեին: Եվ քանի որ Արման Մնացականյանը դատարանում եւս պնդել էր, որ զորացրվելուց հետո պաշտպանության կարիք կունենա, դատարանը որոշեց նրա պաշտպանությունը հանձնել ոստիկանությանը:

Վկան մատնացույց արեց դատարանի դահլիճում նստածներին` ասելով, թե պաշտպանվում է նրանցից: Նա նկատի ունի այս գործով մեղադրյալներին, նրանց պաշտպաններին ու հարազատներին:

Մնացականյանի ցուցմունքների հիման վրա, հիշեցնենք, մեղադրանք է առաջարդվել Նազարյանի 5 ծառայակիցներին:

Տուժող կողմն ու մեղադրվողների փաստաբանները չառարկեցին վկային նոր պաշտպանության միջոց տրամադրելու դեմ: Սակայն տուժող կողմի փաստաբան Մուշեղ Շուշանյանը հայտարարեց, որ վկան սեփական կամքով չէ, որ խնդրում է ապահովել իր անվտանգությունը. - «Մենք համոզված ենք, որ այդ հայտարարությունն արվում է ճնշման տակ»:

Տավուշի մարզի «Մեհրաբներ» զորամասի հենակետերից մեկի ավագ, 30-ամյա լեյտենանտ Արտակ Նազարյանի մահվան գործով կարեւոր վկան դատարանին գրավոր խնդրել է հիմք ընդունել իր նախաքննական ցուցմունքները:

Դատավորն այսօր ընթերցեց նրա դիմումը: Իր դիմումում Մնացականյանը նշել է, թե դեպքից մեկուկես տարի անցնելու պատճառով ինքը հստակ չի կարող հիշել կատարվածը: Միեւնույն ժամանակ, վկան պնդել է, որ դատարանում ինքը ճնշումների է ենթարկվել մեղադրվողների կողմից:

Վկայի գրությունը կասկած հարուցեց մեղադրվողների պաշտպանների շրջանում: Նրանք պնդում են, որ միջնակարգ կրթությամբ վկան «չէր կարող նման գրագետ տեքստ գրել»:

Վկայի այս գրության վերաբերյալ դատարանը դեռեւս որոշում չի կայացրել, նրա հարցաքննությունն այսօր կիսատ մնաց: Դատական նիստը կշարունակցվի արդեն 2012 թվականի հունվարին:

please wait

No media source currently available

0:00 0:03:32 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG