Մատչելիության հղումներ

2012-ը պետք է դառնա «լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի»


ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյան
Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանի խոսքով, 2012 թվականին իշխանությունները կամ պետք է անցկացնեն արդար ու թափանցիկ ընտրություններ, կամ այլընտրանքը կլինի հեղափոխությունը:

«Մենք համարում ենք, որ 2012 թվականը պետք է դառնա լեգիտիմ իշխանության ձեւավորման տարի», - այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Զուրաբյանը։ - «Իշխանությունները որեւէ պատրանք այս առումով չպետք է ունենան։ Այլընտրանքը իսկապես այդպիսին է․ կա՛մ նրանք անցկացնում են արդար, թափանցիկ, օրինական ընտրություններ, կա՛մ երկիրը նետում են ցնցումների մեջ»։

Ընդդիմադիր Կոնգրեսի ներկայացուցիչը ընդգծեց, որ եթե նույնիսկ իշխանություններին «հաջողվի խուսափել արտահերթ ընտրություններից», հերթական ընտրություններից նրանք խուսափել չեն կարող։

«Եվ ուրեմն, արտահերթ, թե հերթական՝ 2012-ին լինելու են համապետական ընտրություններ, եւ զուգորդելով մեր ավանդական փետրվար-մարտյան ալիքը ժողովրդի նախընտրական ակտիվացման հետ՝ մենք պետք է վերածենք ընտրությունները Սերժ Սարգսյանի ռեժիմին հեռացնելու գործիքի», - հավելեց Լեւոն Զուրաբյանը։

Լրագրողներից մեկի այն հարցին, թե տարիներ շարունակ ՀԱԿ-ը խոսում է իշխանափոխությունից, սակայն այն տեղի չի ունենում, ուստի` գալիք տարում Կոնգրեսը պատրաստվո՞ւմ է իշխանափոխություն իրականացնելու համար դիմել նոր քայլերի կամ կիրառել նոր գործիք, Լեւոն Զուրաբյանն արձագանքեց. - «Իսկ դուք առաջարկում եք մենք դո՞ւրս գանք սահմանադրական շրջանակներից։ Նոր գործիք, այդ առումով, չի լինելու՝ մենք ո՛չ տեռորիզմի ենք դիմելու, ո՛չ զինված ապստամբության։ Եթե նոր գործիք ասելով դա նկատի ունեք՝ մենք նոր գործիք չենք գործածելու։ Բայց մեծ հաշվով՝ մենք անելու ենք հետեւյալը․ մենք կազմակերպելու ենք ժողովրդի ուղիղ ճնշումը այնպես, ինչպես դա արեցին բազմաթիվ երկրներում եւ հասան իշխանության հրաժարականին»։

Այն դիտարկմանը, թե աշնանը ՀԱԿ-ի կողմից Ազատության հրապարակում կազմակերպված շուրջօրյա բողոքի ակցիաներից հետո իշխանության ու քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների կողմից կասկածի տակ է դրվել հեղափոխություն իրականացնելու՝ Կոնգրեսի կարողությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց․ - «Իշխանությունները շուրջօրյա հանրահավաքներին դիմեցին ամենախայտառակ միջոցների, 8 օր շարունակ մայրաքաղաքը կտրված էր Հայաստանից, եւ եթե այդ դրակոնյան միջոցներից հետո քննադատներ են գտնվում, որոնք ասում են, որ ժողովուրդ չհավաքվեց, այդ մարդիկ ուղղակի այս ռեժիմի օգնականներն են»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե այդ դեպքում Կոնգրեսը ինչպե՞ս է պատրաստվում հեղափոխություն անել, ՀԱԿ համակարգողը պատասխանեց, թե Պինոչետը ավելի դրակոնյան միջոցներ էր գործադրում, բայց նա էլ, ի վերջո, ստիպված էր զիջել։

«Որովհետեւ ռեժիմները սպառվելու սովորություն ունեն, եւ այս ռեժիմը գնալով սպառում է իր պահպանման ռեսուրսները», - ասաց Զուրաբյանը։

Հարցին, թե մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո, եթե Ազգային ժողովում ՀԱԿ-ը մեծամասնություն չի նվաճում, պատգամավորական մանդատները վա՞յր են դնելու, Կոնգրեսի ներկայացուցիչը պատասխանեց․ - «Հիմա եթե մենք փետրվար-մարտին օրինակ հասնենք Սերժ Սարգսյանի հրաժարականին եւ արտահերթ ընտրություններին, չե՞ք կարծում, որ ձեր հարցը մի քիչ ժամանակավրեպ է»։


please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG