Մատչելիության հղումներ

Սամվել Ալեքսանյանն ընտրվեց «Նիգ-Ապարանի» նախագահ


Սամվել Ալեքսանյան
Սամվել Ալեքսանյան
Շաբաթ օրը Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած «Նիգ-Ապարան» հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպության 5-րդ համագումարում Ազգային ժողովի պատգամավոր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը միաձայն ընտրվեց կազմակերպության նախագահ:

Համագումարում Ալեքսանյանի թեկնածությունն անձամբ ներկայացրեց գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ով «Նիգ-Ապարան»-ի պատվավոր նախագահն է (կազմակերպության պատվավոր նախագահն է նաեւ «Տիգրան Մեծ» հրատարակչության սեփականատեր Վրեժ Մարկոսյանը) եւ, ըստ էության, նախագահում էր այսօրվա համագումարը:

Համագումարի ավարտից հետո, պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե «Նիգ-Ապարան»-ի նախագահ ընտրվելով` ի՞նչ նպատակներ ունի, Սամվել Ալեքսանյանը պատասխանեց. - «Դա հասարակական կազմակերպություն է, ու մեր ապարանցիք որոշեցին, ընտրեցին: Իրենց հարցրեք»:

Ալեքսանյան ասաց` իր ընտրությունը չի կարող հիմք դառնալ իր քաղաքական գործունեության համար, քանի որ, նրա խոսքով, կազմակերպությունը քաղաքականությամբ չի զբաղվում:

«Նիգ-Ապարան» հայրենակցական, բարեգործական, հասարակական կազմակերպությունը ստեղծվել է ինը տարի առաջ: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կազմակերպության նախագահի պաշտոնում փոխարինեց Երեւանի ֆիզմաթ դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ որոշվեց Սամվել Ալեքսանյանի թեկնածությունը առաջադրել կազմակերպության նախագահի պաշտոնում, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատասխանեց. - «Դա որոշեց համագումարը, իսկ մինչ համագումարը քննարկվել էր նախագահության նիստում, խորհրդի նիստում: Սամվել Ալեքսանյանը այս ինը տարիների ընթացքում մշտապես մասնացել է հայրենակցական բոլոր բարեգործական, կրթական, մշակութային, քաղաքաշինական աշխատանքներին եւ դրսեւորել է կազմակերպչական հմտություններ»:

Արձագանքելով այն դիտարկմանը, թե արդյո՞ք Ալեքսանյանի ընտրությունը նպատակ ունի առաջիկա ընտրություններին ընդառաջ ավելի «ամրացնել» կազմակերպությունը, գլխավոր դատախազը ասաց, թե «Նիգ-Ապարան»-ը երբեք «քաղաքական գործառույթներ չի իրականացրել եւ չի իրականացնելու»:

«Նման պնդումներ անողները ուղղակի դրսեւորում են ավանակի համառություն, որովհետեւ այդքան բացատրում ենք, որ մենք չենք մասնակցելու քաղաքական գործընթացներին, ինչը ես իմ ելույթի մեջ նույնպես նշեցի, որ մենք քաղաքական գործառույթներ չենք իրականացրել եւ չենք իրականացնելու: Իսկ պետականություն, հայրենասիրություն քարոզելու գործառույթներ մենք մշտապես ենք իրականացրել», - ասաց Հովսեփյանը:

Նշենք, որ համագումարի մասնակիցները «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցներում դրական էին գնահատում Ալեքսանյանի ընտրությունը կազմակերպության նախագահի պաշտոնում:

please wait

No media source currently available

0:00 0:05:21 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG