Մատչելիության հղումներ

Զինվորի մի աչքը կուրացել է միջադեպի հետեւանքով


Զինծառայող Նարեկ Ավետիսյանը Մալայանի անվան հիվանդանոցում աչքի վիրահատությունից հետո, 16 դեկտեմբեր, 2011
Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում դեկտեմբերի 14-ին տեղի ունեցած միջադեպի հետեւանքով 18-ամյա շարքային զինծառայող Նարեկ Ավետիսյանի աջ աչքը կուրացել է: Նա այժմ գտնվում է Երեւանի Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում:

Կլինիկայի անոթային պաթոլոգիայի բաժնի վարիչ Գեորգի Գրիգորյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց, որ զինծառայողը դեկտեմբերի 14-ի գիշերը իրենց մոտ է տեղափոխվել է հարվածի հետեւանքով ստացած ծանր վնասվածքով, աջ աչքի տեսողության կորստով, եւ տեսողությունը վերականգնելու մասին խոսք լինել չէր կարող ի սկզբանե: Զինծառայողի աչքը վիրահատել են զուտ արտաքին տեսքը վերականգնելու համար:

«Շատ ծանր, մեծ վնասվածք, բնական է, տեսողության վերականգման մասին խոսք լինել չէր կարող, որովհետեւ ամբողջ աչքի պարունակությունը թափված էր: Այն ինչ կապված էր տեսության հետ, թափվել էր դուրս աչքից: Անշուշտ այդ բոլորը հարվածի հետեւանք է», - ասաց բժիշկը:

Այսօր լրանում է Նարեկ Ավետիսյանի ծառայության 7-րդ ամիսը: Նա մայիսի 16-ին է Էջմիածնի զինկոմիսարիատից զորակոչվել բանակ: Հիվանդանոց «Ազատություն» ռադիոկայանի այցելության պահին նա չցանկացավ կատարվածի մասին խոսել: Զինվորի հայրը` Անդրանիկ Ավետիսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պատմեց, որ որդու աչքին խփել են երկաթե շղթայով զորամասի ճաշարանում:

«14 օր դիրքերում է եղել: 20 կմ ոտքով դիրքերից իջեցրել են ներքեւ ու միանգամից տարել են ճաշարան նարյադի (հերթապահության): Ճաշարանի նաչալինիկը ասել է եսիմ ինչ արա, չի ենթարկվել, ժնջիլով խփել ա, աչքը լրիվ տրաքացրել է, աչքը չկա, հաշմանդամ է սարքել: Արմեն Թովմասյան է անունը», - ասաց զինվորի հայրը:

Անդրանիկ Ավետիսյանը պատմեց, որ դեպքից անմիջապես հետո զորամասում որդուն հորդորել են չասել ճշմարտությունը, ներկայացնել, թե իբր վիճել են, ճաշարանի պետը ձեռքի բանալին նետել է ինչ-որ ուղղությամբ եւ այն պատահաբար կպել է զինվորի աչքին: Հայրն ու մայրն ասում էին, որ իրենց էլ են սկզբում այդպես ասել:

«Մեր Էջմիածնի վայենկոմի ասածն եմ ասում` բանալիները շպրտել է, կպել է աչքին, վնասվել է, թեթեւ ճղվել, բայց ի՞նչ թեթեւ ճղվել, աչքը գոյություն չունի: Սկի չի էլ պատկերացրել էրեխեն, որ իրեն խփում են, հետեւի կողմից են խփել, եկել-հասել է աչքին, հատիկներով ժնջիլ է եղել, տեղը երեւում է: Երեւի հատուկ պատժամիջոց է, զինվորը չի ենթարկվում, խփում են, ճորտատիրական պետություն», - ասաց զայրացած հայրը:

Զինվորի հարազատները նաեւ զարմացած էին, որ դեռեւս ոչ Ռազմական ոստիկանությունից, ոչ զորամասից որեւէ մեկը հիվանդանոց չի եկել:

«Երրորդ օրն է մենք հիվանդանոցում ենք, Ռազմական ոստիկանությունից ոչ եկել են, ոչ տեսել: Եթե իմ տղան զորամասից կես ժամ բացակայեր, քանի՞ ռազմական ոստիկան հետեւից գնացած կլինեին: Բայց տեսեք, որ երրորդ օրն է, ոչ մեկը չի եկել: Ես տեղեկություն ունեմ, որ ինքը [հարվածող] չաստում ֆռֆռում է, իր աշխատանքին է, ուրեմն ինչ դուխ ունի, որ կարողացել է էդքան բանը անի ու իրա համար ֆռֆռա», - ասաց հայրը:

Այսօր կեսօրին, երբ «Ազատություն» ռադիոկայանը այցելել էր հիվանդանոց, զինվորի աչքը կուրացնելու դեպքի առիթով դեռ քրեական գործ էլ հարուցված չէր: Ավելի ուշ պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից փոխանցեցին պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ իշխանազանցության հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին (Քրեական օրենսգրքի 375 հոդվածի 1-ին մաս): Նախարարությունից հաստատեցին, որ ըստ նախնական տեղեկությունների, «դեկտեմբերի 14-ին, ժամը 07:20-ի սահմաններում Լեռնային Ղարաբաղի N զորամասի ճաշարանի պետ, ենթասպա Արմեն Թովմասյանը իր հանձնարարությունները կատարելուց հրաժարվելու պատճառով զորամասի ճաշարանում մեկ անգամ ձեռքով եւ մեկ անգամ էլ ձեռքին գտնվող երկաթյա շղթայով հարվածել է նույն զորամասի զինծառայող, շարքային Նարեկ Ավետիսյանի դեմքին, վերջինիս պատճառելով մարմնական վնասվածք ` աջ ակնագնդի ջնջխմամբ, վերին կոպի հեմատոմայի տեսքով» : Գործով ձերբակալվածներ դեռ չկան:

Երիտասարդի հայրը պահանջում է արժանի պատիժ տալ մեղավորներին:

«Մի տղա եմ ունեցել, էն էլ սարքել է հաշմանդամ: Սահման են պահել տալիս, վերջում էլ սպանում են, հաշմանդամ են դարձնում, ճամփու են դնում: Պահանջում եմ, որ օրենք լինի, կարգուկանոն լինի, որ ինքը իրա պատիժը ստանա», - ասաց Ավետիսյանը:

Ձեր կարծիքը

Ցույց տալ մեկնաբանությունները

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG