Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի՝ Մխիթարյան միաբանության Մայրավանք, հանդիպում է ունեցել Մխիթարյան միաբանության անդամների եւ Իտալիայի հայ համայնքի հոգեւոր, մշակութային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Միաբանության Մայրավանքում նախագահը մոմ է վառել Հայաստանի, հայկական սփյուռքի եւ Լեռնային Ղարաբաղի համար:

Սերժ Սարգսյանի խոսքով` հպարտություն եւ մեծ պատիվ է Մխիթարյան միաբանության անդամների հետ Վենետիկում ազդարարել հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումների սկիզբը:

Նախագահը բարձր է գնահատել Սուրբ Ղազար կղզում իր հայրենանվեր առաքելությունն իրականացնող Միաբանության նվիրյալների գործունեությունը:

«Մենք՝ որպես պետություն, որպես մեր ժողովրդի ներկայացուցիչներ, մշտապես պատրաստ ենք օժանդակելու Մխիթարյան միաբանությանը, բոլոր հայկական կազմակերպություններին եւ նրանց, ովքեր իրենց ավանդն են բերում Հայրենիքին եւ հայ - իտալական բարեկամությանը», - նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` ասել է Սերժ Սարգսյանը։

Նրա համոզմամբ` հայի առանձնահատկությունն այն է, որ դարերի ընթացքում կարողացել է տեսնել եւ յուրացնել ամենայն առաջավորը: Եվ հենց դրանով է պայմանավորված աշխարհում առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունելը, շատ-շատ ժողովուրդներից առաջ այբուբեն, գիր, գրականություն, իսկ տպագրության գյուտից կարճ ժամանակ անց հայատառ գիրք ունենալը:

Նախագահը նշել է, որ տեղյակ է Միաբանության խնդիրներին, այդ թվում՝ գրադարանի թվայնացման խնդրին, եւ հավաստիացրել է, որ Հայաստանի կառավարությունն անհրաժեշտ գումարը կհատկացնի Միաբանությանը այդ խնդրի լուծման նպատակով: Սերժ Սարգսյանը նշել է, որ արժեքավոր այդ գրադարանի պահպանման լավագույն ձեւը թվայնացումն է, ինչպես արվում է Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտում՝ Մատենադարանում:

Նույն օրը Վենետիկի «Կոռեր» թանգարանում նախագահը մասնակցել է «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացմանը, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին:

Ցուցահանդեսից հետո Սերժ Սարգսյանը այցելել է Վենետիկի Սան Մարկո տաճար, ունկնդրել հայ հոգեւոր երաժշտության համերգ:

Երեկոյան Հայաստանի նախագահի անունից «Կոռեր» թանգարանի «Նապոլեոն» դահլիճում տրվել է պաշտոնական ընթրիք, որին մասնակցել են «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսի բացման առիթով աշխարհի տարբեր երկրներից Իտալիա ժամանած հայագետներ, տեղական իշխանությունների ներկայացուցիչներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG