Մատչելիության հղումներ

Հռոմում հանդիպել են Հայաստանի եւ Իտալիայի արտգործնախարարները


Հայաստանի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում Հռոմում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը այսօր հանդիպել է Իտալիայի արտգործնախարար Ջուլիո Տերցիի հետ:

«Ես ուրախ եմ հանդիպել Ձեզ Հռոմում եւ անձամբ շնորհավորել արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կկարողանանք առավել խորացնել մեր երկու երկրների միջեւ փոխշահավետ համագործակցությունը», - ասել է Նալբանդյանը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման մասնակիցներն անդրադարձել են հայ - իտալական քաղաքական, առեւտրատնտեսական եւ մշակութային հարաբերությունների զարգացմանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերի։

Մշակութային փոխանակումների տեսանկյունից Էդվարդ Նալբանդյանը կարեւորել է Հռոմում «Դվին. Հայաստանի մայրաքաղաքը Եվրոպայի եւ Ասիայի միջեւ» եւ Վենետիկում «Հայաստան. Քաղաքակրթության դրոշմներ» ցուցահանդեսների անցկացումը եւ շնորհակալություն հայտնել Իտալիայի կառավարության աջակցությամբ Հայաստանում մշակութային արժեքների վերականգնողական կենտրոնի հիմնադրման համար:

Քննարկվել են Հայաստան - Եվրամիություն համագործակցության տարբեր ուղղությունները, Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերություն ծրագրի շրջանակներում իրականացվող նախագծերը, միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներ:

Հայաստանի արտգործնախարարը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG