Մատչելիության հղումներ

Մարգար Օհանյանի գործը ուղարկվել է դատարան


Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան
Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյան
Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը ավարտել է Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանի գործով նախաքննությունը։ Գործը արդեն իսկ ուղարկվել է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու նպատակով։

Մարգար Օհանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի երկու հոդվածներով` պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ։ Մասնավորապես, ըստ մեղադրանքի, Ճանապարհային ոստիկանության նախկին պետը յուրացրել է մարզային ճանապարհային ոստիկանությանը հատկացված բենզինի զգալի մասը` պետությանը պատճառելով մեծ չափերի վնասներ։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` մեղադրյալների գործողությունների հետեւանքով պետությանը պատճառված վնասը կազմել է մոտ 217 միլիոն դրամ (շուրջ 571 հազար դոլար), որից նախաքննության փուլում վերականգնվել է 198 միլիոնը։

Բենզինի յուրացման գործով, Մարգար Օհանյանից բացի, մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության եւս երեք աշխատակիցների, այդ թվում` տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանին, տեխնիկ Սամվել Մախմուրյանին եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանին։ Հենց վերջինիս ցուցմունքների հիման վրա էլ կալանավորվել է Մարգար Օհանյանը։ Նախաքննության ընթացքում Օհանյանը, ով թեեւ չի ընդունում իրեն վերագրված մեղադրանքները, իբրեւ վնասի փոխհատուցում պետբյուջե վճարել է մոտ 177 միլիոն դրամ (մոտ 500 հազար դոլար), իսկ Կարախանյանը` 20 միլիոն դրամ (մոտ 53 հազար դոլար): Եվս 20 միլիոն դրամը մնում է դեռեւս չփոխհատուցված: Ի տարբերությունը Ճանապահային ոստիկանության նախկին պետի` մյուս երեք մեղադրյալները կալանավորված չեն. նրանց նկատմամբ ստորագրությամբ չհեռանալու խափանման միջոցն է ընտրվել։

«Վնասը վերականգնվել է իմ պաշտպանյալի հարազատների կողմից։ Ապրած մարդ է այս քաղաքում, երեսուն տարիների իրավապահ մարմիններում աշխատող ոստիկանության գնդապետ, արդեն ունի քեռու, եղբոր, մորաքույր, բազմաթիվ ընկերներ, այսինքն` նա ինչ-որ պատահական մարդ չէր, բոլորն էլ օգնել են, որպեսզի այդ վնասը վերականգնվի, եւ վերականգնվել է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Օհանյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը:

«Բոլորի մոտ տարակուսանք է առաջացնում, որ մարդը, ով իրեն մեղավոր չի ճանաչում, 500 հազար դոլար է վճարում, փոխանցում պետական բյուջե», - այս հարցադրմանը Վասակյանը արձագանքեց. - «Այո, այդ հիմնավորման հետ կապված` ասեմ. ուրեմն, Մարգար Օհանյանը, լինելով ոստիկանության գնդապետ, քանի որ նախաքննության ընթացքում պարզվեց, որ այդ յուրացումները կատարվել է իր ղեկավարած հիմնարկում, ստրուկտուրայում, նա իր պատվի եւ արժանապատվության համար, որպեսզի հետագայում ինքը իր խղճի առաջ, իր պատվի եւ արժանապատվության առաջ երբեւիցե չարատավորված անձնավորություն հանգիստ լինի, նա որոշեց, որպեսզի այդ գումարը վերականգնվի»։

«Բացի դա` պետության պատճառված վնաս է, մենք այդ վնասը վերականգնեցինք` նաեւ այն ակնկալիքով, որ նրա նկատմամբ գոնե խափանման միջոց կալանավորումը կվերացվի», - ամփոփեց Մարգար Օհանյանի փաստաբանը։

Ճանապարհային ոստիկանության նախկին պետը անազատության մեջ է այս տարվա օգոստոսի վերջից։ Չնայած Օհանյանը, իր մեղքը չընդունելով, պետբյուջե մոտ 500 հազար դոլար է փոխանցել, սակայն նրա խափանման միջոցը չի փոխվել: Մինչդեռ նրա փաստաբանի փոխանցմամբ` հիմնավոր ապացույցներ չկան Օհանյանին որեւէ մեղադրանք ներկայացնելու համար:

«Մենք համարում ենք, որ առաջադրված մեղադրանքները անհիմն են եւ անօրինական: Մարգար Օհանյանը ասում է, որ «ես չեմ մասնակցել այդ [բենզինի] յուրացմանը, եթե եղել է բենզինի յուրացման փաստ, տեղյակ չեմ եղել այդ յուրացման մասին»: Իսկ ես կարծում եմ, որ եթե վնասը վերականգնված է, ուրեմն դատավորը կարող է վերացնել կալանքը եւ նրա նկատմամաբ խափանման միջոց ընտրել ստորագրությունը: Բացի այդ այստեղ կա մրցակցության սկզբունք, օրենքի առաջ բոլորը հավասար են: Գործով կան այլ մեղադրյալներ, այսօր նրանց նկատմամբ ստորագրությամբ չբացակայելու խափանման միջոցն է կիրառվել, իսկ Մարգար Օհանյանը անազատություն մեջ է», - ասաց Վասակյանը:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ են բենզինի յուրացման գործով երեք մեղադրյալները գտնվում ազատության մեջ, իսկ Մարգար Օհանյանը օգոստոսից կալանավորված է, Գլխավոր դատախազության մամլո խոսնակ Սոնա Տռուզյանն ասաց, թե նկատի ունենալով Մարգար Օհանյանի զբաղեցրած դիրքը, պաշտոնը, վկաների եւ մյուս մեղադրյալների նկատմամբ նրա հնարավոր ազդեցությունը եւ ելնելով գործի շահերից` նախաքննական մարմինը նպատակահարմար է գտել նրա նկատմամբ խափանման միջոց ընտրել կալանքը:

«Հնարավոր է, որ ազատության մեջ գտնվելով կարող էր ազդել քննության ընթացքի վրա», - ասաց Տռուզյանը:

«Ազատություն» ռադիոկայանը փորձեց նաեւ ճշտել, թե իրավական ի՞նչ հիմնավորմամբ է Ճանապարհային ոստիկանության նախկին պետը մոտ 500 հազար դոլար փոխանցել պետբյուջե, եւ եթե նա չի ընդունում իր մեղքը, ինչո՞ւ է այդ դեպքում նախաքննական մարմինը ընդունել նրա կողմից վճարված վնասի փոխհատուցումը: Սոնա Տռուզյանն ասաց, թե մեղադրյալներն իրենք են որոշում իրենց պաշտպանական մարտավարությունը:

«Սա կարծում եմ, թերեւս, միայն վկայում է այն հանգամանքի մասին, որ իրենք գուցե եւ չեն վիճարկում, որ պետությանը պատճառվել է այսքան դրամի վնաս, իսկ մնացածը արդեն դատարանում պարզ կլինի: Գումարը փոխանցվել է դատախազության դեպոզիտ հաշվին, եւ եթե դատարանում հիմնավորվեն առաջադրված մեղադրանքները, գումարը կփոխանցվի բյուջե, իսկ չհիմնավորվելու դեպքում կվերադարձվի մեղադրյալներին», - ասաց Տռուզյանը:

please wait

No media source currently available

0:00 0:05:35 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG