Մատչելիության հղումներ

Ամերիկահայ բարերարը կալանավորված է` հարկերից խուսափելու մեղադրանքով


Ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյան
Ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյան
Ամերիկահայ բարերար, «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր նախագահ եւ GH Storage Enterprise ընկերության տնօրեն Նարեկ Հարթունյանը կալանավորվել է` հարկերից խուսափելու մեղադրանքով:

Պետեկամուտների կոմիտեն Նարեկ Հարթունյանի ընտանիքին պատկանող GH Storage Enterprise ընկերությունում իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերել է 111 միլիոն դրամի չափով չկատարված հարկային պարտավորություններ: Օգտվելով օրենքով իրեն վերապահված իրավունքից` GH Storage Enterprise ընկերությունը վարչական դատարանում բողոքարկել է վերստուգման արդյունքները, բայց ընդհանուր իրավասության դատարանը, չսպասելով վարչական դատարանի որոշմանը, դեկտեմբերի 10-ին Նարեկ Հարթունյանին, ինչպես նաեւ ընկերության փոխտնօրեն Անի Մնացականյանին եւ հաշվապահ Արթուր Գալստյանին երկու ամիս ժամկետով կալանավորելու մասին որոշում է կայացրել:

«Եթե պարզվի, որ վարչական ակտը ամբողջովին կամ մասամբ անվավեր է եւ այդպիսին ճանաչվի վարչական դատարանի կողմից, ստացվում է, որ քրեական մեղադրանքը եւս անհիմն է, հետեւաբար խափանման միջոցը կալանքի տեսքով, որն այժմ կիրառվում է, եւս անօրինական է», - այսօր հրավիրած ասուլիսում նշեց Նարեկ Հարթունյանի փաստաբան Գեւորգ Չաքմիշյանը:

Մեղադրանքն առաջադրվել է քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասով, որն է` հարկերից, տուրքերից եւ պարտադիր վճարներից չարամտորեն խուսափելը, մինչդեռ, ըստ Գեւորգ Չաքմիշյանի, դեռ ապացուցված չէ` ի՞նչ հարկերից եւ ինչպե՞ս է խուսափել ընկերությունը:

«Նարեկ Հարթունյանը բազմիցս հայտարարել է, որ եթե վարչական դատարանը վերջնական դատական ակտ ընդունի, որով կհաստատվի, որ ընկերությանն առաջադրվող հարկային պարտավորություններն օրինական են եւ հիմնավոր, իրենք ամբողջովին կվճարեն այդ պարտավորությունները մինչեւ վերջին դրամը: Այսինքն, հարկերից խուսափելու հանգամանքը, այն էլ չարամտորեն, բացարձակապես գոյություն չունի», - ասաց Գեւորգ Չաքմիշյանը:

Նախկինում «GH Storage Enterprise» ընկերությունը ղեկավարել է մեկ այլ անձ` Սեւակ Արզարունին, ով Հարթունյանների ընտանիքին շատ մոտ կանգնած անձ էր: Նրա ղեկավարության ժամանակ եղել է ստուգում, բայց խախտումներ չեն արձանագրվել: Մինչդեռ, երբ ընկերության ղեկավարումն անցել է Նարեկ Հարթունյանին, կատարվել է վերստուգում, եւ արձանագրվել են վերը նշյալ խախտումները:

Օրվա ընթացքում «Մաքսլիբերթիին» չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Պետեկամուտների կոմիտեից:


please wait

No media source currently available

0:00 0:07:11 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG