Մատչելիության հղումներ

Օմբուդսմենը առաջընթաց է տեսնում մարդու իրավունքների ոլորտում


Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի խոսքով, մարդու իրավունքների պաշտպանության առումով իրավիճակը Հայաստանում «չի կարող բավարար գնահատվել», սակայն «կա նաեւ առաջընթաց»:

«Մեր երկրում առաջընթացներ լինելով հանդերձ, բազում, բազմաթիվ են խնդիրները: Ինձ համար վիճակը ընդհանուր առմամբ գոհացուցիչ լինել չի կարող, քանի դեռ կա թեկուզ մեկ խախտում կամ մեկ ցավալի դեպք որեւէ ատյանում», - շաբաթ օրը Մարդու իրավունքների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսում լրագրողներին ասաց Անդրեասյանը:

Ցուցահանդեսին ներկա էր նաեւ Ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը:

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե իր կարծիքով ինչքանով են պաշտպանված մարդկանց իրավունքները Հայաստանում, Օսիկյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, համապատասխան մարմինները` ոստիկանությունը, դատական համակարգը իսկապես իրենց պարտականությունները կատարում են մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված: Բայց, իհարկե, լինում են դեպքեր, երբ լիարժեք պաշտպանություն չի լինում: Ամենաբարձր ժողովրդավարական երկրում անգամ միշտ էլ լինում են անգամ ոստիկանների կողմից համապատասխան ոչ իրավաչափ գործողություններ, անգամ մարդու իրավունքների խախտման դեպքեր: Ոստիկանության խնդիրն է, որ արագ արձագանքի նման դեպքերին»:

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանը մարդու իրավունքների պաշտպանության վիճակը «վատ» է գնահատում. - «Որեւէ փոփոխություն չեմ տեսնում հատկապես ոստիկանության, զինվորական համակարգի հետ կապված: Ես չեմ տեսնում որեւէ բարելավում: Եթե մարդուն երկու օր առաջ որպես վկա Ազգային անվտանգության ծառայություն հրավիրելու համար յոթ հոգով ներխուժում են բնակարան, մարդուն չեն ասում, թե ինչու են եկել… Սա նշանակում է, որ դեռ այդ բռի բարքերն են»:

Ալեքսանյանը նկատի ուներ երկու օր առաջ ոստիկանության կողմից հարկադրանքի միջոցով բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի անդամ, «Բանակն իրականում» խմբի ակտիվիստ Արմեն Օհանյանի դեպքը:

Իրավապաշտպան, Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանի համոզմամբ, մարդու իրավունքների առումով իրավիճակը Հայաստանում «խիստ բացասական է». - «Որովհետեւ իշխանությունները չեմ ուզում պաշտպանել մարդու իրավունքները: Իսկ հիմնական պաշտպանողը եւ հիմնական ոտնահարողը դա պետությունն է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի ներկայացմամբ, Հայաստանում մարդու իրավունքները ոչ միայն պաշտպանված չեն, այլեւ այդ իրավունքների խախտումներն ունեն համակարգային բնույթ:

«Որովհետեւ ոչ միայն խախտվում են, այլ նաեւ խախտված իրավունքների վերականգման համար որեւէ մեխանիզմ արդյունավետ չի գործում: Ավելին` դատարանները, որոնց միջոցով պետք է իրականացվի խախտված իրավունքի վերականգնումը, որպես այդպիսին, չեն գործում: Դրանք ավելի շատ ամրագրում են խախտումները, իրավական տեսք են տալիս, խախտումներին, քան իրենց գործառույթը իրականացնում», - փաստարկեց նա:
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG