Մատչելիության հղումներ

Ռուսաստանյան ընդդիմությունը խոշոր բողոքի ցույց անցկացրեց


Ռուսաստանի մայրաքաղաքում շաբաթ օրը տեղի ունեցավ երկրի նորագույն պատմության մեջ խոշորագույն բողոքի ցույցը:

Բոլոտնայա հրապարակում հավաքվել էր, տարբեր գնահատականներով, 35-85 հազար մարդ: Արտոնված հանրահավաքը տեւեց գրեթե 4 ժամ:

Ընդդիմադիրները դեռ նախօրեին մարդկանց կոչ էին անում հանգիստ լինել` ընդգծելով, որ ձեռնարկում են բողոքի խաղաղ ցույց:

Հանրահավաքի կազմակերպել էին անցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ մի շարք կուսակցություններ ու շարժումներ:

Հանրահավաքում այսօր ելույթներ ունեցան Բորիս Նեմցովն ու Միխայիլ Կասյանովը: Մասնակցել են Ռուսաստանի Դաշնության կոմկուսի, «Սպրավեդլիվայա Ռոսիա» կուսակցության ներկայացուցիչները, քաղաքական այլ ուժերի ու հասարակական շարժումների ակտիվիստներ:

Դեկտեմբերի 4-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում անկախ դիտորդները բազմաթիվ խախտումներ էին արձանագրել ու դրանց տեսագրությունները տեղադրել էին ինտերնետում: Անցկացված ընտրությունները քննադատել էր նաեւ Միացյալ Նահանգները:

Այս բողոքի ակցիան կազմակերպվել էր սոցիալական ցանցերի միջոցով:

Բողոքի ակցիայի ընթացքում միջադեպեր չարձանագրվեցին: Իրավապահներ աննախադեպ անվտանգության միջոցներ էին ձեռնարկել` փակ էին Մանեժնայա եւ Կարմիր հրապարակները:

Ընդդիմությունը պահանջում է Կենտրոնական ընտրական ընտրական հանձնաժողովի նախագահ Չուրովի պաշտոնանկությունը, պահանջում է չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

Ընտրություններում անցողիկ շեմը չհաղթահարած «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկին հանրահավաքում այսօր հայտարարեց, թե իր կուսակցությունը պահանջում է նաեւ վարչապետ Վլադիմիր Պուտինի պաշտոնանկությունը:

«Հանուն արդար ընտրությունների» կարգախոսով ակցիաներն այսօր անցել են Ռուսաստանի տասնյակ քաղաքներում: Սանկտ Պետերբուրգում, որտեղ ցույցին մասնակցել է շուրջ 5 հազար մարդ, կան ձերբակալվածներ:
please wait

No media source currently available

0:00 0:04:23 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG