Մատչելիության հղումներ

Հայաստանում երեխաների 41 տոկոսը աղքատ է համարվում


Ազգային վիճակագրական ծառայության «Հայաստանի սոցիալական պատկերը եւ աղքատությունը» խորագրով զեկույցի տվյալներով` Հայաստանում աղքատ է երեխաների ավելի քան 41 տոկոսը:

Ըստ զեկույցի` 300 հազար աղքատ երեխաների շարքում ծայրահեղ աղքատ է համարվում 27 հազարը: 4 եւ ավելի երեխա ունեցող ընտանիքների 71 տոկոսը Հայաստանում աղքատ են համարվում:

Երկրի սոցիալական պատկերը եւ աղքատության մակարդակը պարզելու համար անցկացված հետազոտությունում, որի տվյալները վերաբերում են 2010 թվականին, ԱՎԾ-ն առաջին անգամ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի (ՈՒՆԻՍԵՖ) խնդրանքով ու աջակցությամբ առանձնացրել է երեխաների հանգամանքը: ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը կոչ է անում Հայաստանի կառավարությանը կոնկրետ քայլեր ձեռնարկել երեխաների աղքատության խնդրի լուծման ուղղությամբ: Գրասենյակի հաղորդակցման ծրագրի ղեկավար Էմիլ Սահակյանի խոսքով` հակառակ դեպքում ապագա հասարակությունը, որը կազմված կլինի նաեւ աղքատ երեխաներից, լուրջ խնդիրներ կունենա:

«Հետեւանքները կանխատեսելի են: Եթե երեխան ապրում է աղքատության, մանավանդ ծայրահեղ աղքատության մեջ, ուրեմն զրկված է իր հիմնական իրավունքներից, այսինքն նրա համար մատչելի չեն առողջապահական ծառայությունները, կրթությունը եւ այլն: Իսկ եթե երեխան զրկված է այդ բոլոր իրավունքներից, ուրեմն մեծանալով շատ քիչ շանսեր ունի հաջողակ դառնալու այս կյանքում, այսինքն նորմալ գործ գտնել եւ այլն, եւ այդ աղքատության շղթան ապագայում կշարունակվի նաեւ նրա ընտանիքի համար», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Սահակյանը:

Էմիլ Սահակյանն ասում է, որ իրենք կառավարությանն առաջարկում են ընտանեկան նպաստի համակարգում ներառել ծայրահեղ աղքատ բոլոր ընտանիքներին: Ըստ ԱՎԾ-ի զեկույցի` ընտանեկան նպաստ է ստանում ծայրահեղ աղքատների 67 տոկոսը: 33 տոկոսը տարբեր պատճառներով զրկված է սոցիալական այս օգնությունից:

«Մենք ասում ենք, որ կառավարությունը պետք է ավելի շատ ուշադրություն դարձնի ամենախոցելի երեխաների խմբերի վրա, որոնց մենք պարզել ենք այդ ուսումնասիրության շնորհիվ: Դրանք ընտանիքներ են, որոնք 4 եւ ավելի երեխաներ ունեն, հաշմանդամ երեխաներ կամ այլ հաշմանդամ անդամ ունեցող ընտանիքներն են, կամ այն ընտանիքներ, որտեղ ընտանիքի գլխավորը կինն է», - ասաց Սահակյանը:

ԱՎԾ-ի Տնային տնտեսութունների բաժնի պետ Դիանա Մարտիրոսովան «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց, որ հետազոտությունն անց է կացվել Հայաստանի 46 քաղաքներում ու 307 գյուղերում: Մարտիրոսովան ասում է, որ երեխաներ ունեցող ընտանիքների շրջանում աղքատությունն ավելի մեծ է, քանի որ ընտանիքի աշխատող ձեռքի գումարն այդ դեպքում բաժանվում է մի քանի մասի, իսկ երեխաները միայն սպառող են:

«Տնային տնտեսություններն են աղքատ, ուղղակի երբ մենք նայում ենք ըստ տարիքային խմբերի, դուրս է գալիս, որ այն տնային տնտեսությունները, որտեղ երեխաներ կան, ավելի աղքատ են, քան այն տնային տնտեսությունները, որտեղ մի երեխա կա կամ ընդհանրապես երեխա չկա: Պարզ է` երեխան «բեռ» է այն առումով, որ եկամուտ չի բերում, բայց սպառում է», - ասաց Մարտիրոսովան:

Մխիթար Մխիթարյանն ապրում է Երեւանի Արցախի փողոցի հանրակացարաններից մեկում: Գործազուրկ Մխիթարյանի ընտանինքում երեք անչափահաս երեխա կա, սակայն նրանք նպաստ չեն ստանում, քանի որ ավտոմեքենա ունեն:

«Մի հատ «Ռաֆ» ունեի, էն էլ ծառն ընկավ վրան, ջարդվեց, ոչ մեկ` ոչ մի բան… ասում են` մեքենա ունենք, դրա համար նպաստ չեն տալիս: Մեքենան էլ ի՞նչ, սաղ ծախս է, ապահովագրական ընկերությունը էկել է, ասում է, ծառը հո՞ ԱՊՊԱ չունի, որ փոխհատուցենք», - «Ազատություն» ռադիոկայանին պատմեց Մխիթարյանը:

Մխիթարը միջնակարգ կրթություն ունի, ու հիմնական աշխատանք գտնելը նրա համար առավել դժվար է: Ընտանիքը պահում է պատահական գտած աշխատանքներով:

«Ոչ մի գործ, տունը նստած եմ, բանվորի գործ էլ չկա, սաղ օրը տանում են, չլում են, 2-3 հազար փող են տալիս, դրանով երեխա կպահե՞ս: Հիմնական գործ չկա, որ գնաս աշխատես», - դժգոհում է տղամարդը:

Մխիթարի կինը` Նինան ասում է, որ հազիվ հասցնում է երեխաների սննդի հարցը լուծել, այն էլ ոչ բավարար ու հարուստ սննդամթերքներով: Նրանց երեխաների սննդակարգում մրգեր, մսեղեն կամ քաղցրեղեն գրեթե չի լինում:

«Ինչ եփում ենք մեր համար, նույնն էլ էրեխեքն են ուտում, հատուկ երեխաների համար չենք եփում, միրգ, միս չի լինում: Դե օրական գոնե 1000-1500 դրամ պետք է, որ առնես…», - ասում է Նինան:

please wait

No media source currently available

0:00 0:05:15 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG