Մատչելիության հղումներ

ԲՀԿ-ն պաշտոնապես չի պատասխանի ՀԱԿ-ի առաջնորդի հայտարարություններին


Ծառուկյանը «ի գիտություն» է ընդունել Տեր-Պետրոսյանի վերլուծությունը:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պաշտոնապես չի պատասխանի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարություններին: ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խոսնակ Խաչիկ Գալստյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իրենք ոչինչ չունեն ասելու, բացի այն, որ «այդ քաղաքագիտական վերլուծությունը ընդունված է ի գիտություն»:

Հիշեցնենք` ԲՀԿ-ի առաջնորդը Հայաստանից բացակայում էր, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը նոյեմբերի 25-ի հանրահավաքում հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը պետք է պատրաստ լինի լրջորեն քննարկել ԲՀԿ-ի հետ համագործակցելու հնարավորություններն ու հեռանկարները, եթե «Բարգավաճ Հայաստանն» անկեղծորեն մտադիր է դուրս գալ կոալիցիայից եւ պայքարել օրինական ընտրությունների համար:

Խաչիկ Գալստյանը տեղեկացրեց, որ Գագիկ Ծառուկյանի` Հայաստան վերադառնալուն պես «նրան զեկուցվել է նրա բացակայության օրերին ներքաղաքական զարգացումների, տարաբնույթ առաջարկների եւ վերլուծությունների մասին, եւ այդ ամենը Ծառուկյանն ի գիտություն է ընդունել»: «Ազատություն» ռադիոկայանի ճշտող հարցին ի պատասխան, Գալստյանը տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդը որեւէ բան չի ասել Տեր-Պետրոսյանի հայտարարությունների վերաբերյալ:

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ իրենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պաշտոնական արձագանք չեն էլ սպասել:

«Քաղաքագիտական վերլուծությունը չի ենթադրում պատասխան», - ասաց Զուրաբյանը:

Իսկ ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունն «ի գիտություն ընդունելուն», ՀԱԿ-ի համակարգողն ասաց. - «Այդ պատասխանը համարում եմ նորմալ եւ ադեկվատ` ստեղծված քաղաքական իրավիճակում»:

Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստանի» դեմ սկսված ճնշումներն ակնհայտ են, դա այսօր հերքում են միայն ոստիկանապետն ու իշխող Հանրապետական կուսակցությունը:

«Նույնիսկ ԲՀԿ-ի պատգամավորներն են ուղիղ տեքստով խոսել այդ մասին», - ասաց Զուրաբյանը` կարծիք հայտնելով, որ Սերժ Սարգսյանը հստակ նպատակ է դրել ճնշումների միջոցով հնազանդեցնել Գագիկ Ծառուկյանին եւ հարկադրել ՀՀԿ-ի հետ միասնական ցուցակով գնալ ընտրությունների, որպեսզի ԲՀԿ-ի ռեսուրսն ուղղվի իշխանությունների եւ ՀՀԿ-ի հաղթանակին, իսկ եթե դա չստացվի` ոչնչացնել ԲՀԿ-ի ռեսուրսները: Եթե «Բարգավաճ Հայաստանը» կարողանա դիմակայել այդ ճնշումներին եւ իր մեջ ուժ գտնել ընդդիմություն դառնալու համար, ապա ԲՀԿ-ի հետ ՀԱԿ-ի համագործակցելու հեռանկարը, ըստ Լեւոն Զուրաբյանի, կարող է իրական դառնալ:

Նա հերքեց մամուլի այն հրապարակումները, թե «Բարգավաճ Հայաստանի» հետ Կոնգրեսը հեռակա շփումներ է ունեցել, «ապատեղեկատվություն» որակեց նաեւ այն լուրերը, թե դիտարկվել է ընտրություններին երկու ուժերի առանձին գնալու, իսկ քվեարկությունից 3 օր առաջ՝ վերջին պահին, խորհրդարանում ՀԱԿ-ԲՀԿ կոալիցիա կազմելու իրենց որոշման մասին համատեղ հայտարարելու տարբերակը:

Ինչ վերաբերում է Կոնգրեսի առաջիկա անելիքներին. Լեւոն Զուրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանին հեռացնելու նպատակի իրագործման համար պայքարը փետրվար-մարտ ամիսներին ավելի կթեժանա: Առաջիկա հանրահավաքների օրերը կորոշվեն հունվարին, եթե մինչեւ տարեվերջ անսպասելի զարգացումներ չլինեն: Մինչ այդ` վաղը Կոնգրեսը երթ է անցկացնելու:

Խորհրդարանական ընդդիմությունը կասկածի տակ է առնում Հայ ազգային կոնգրեսի անկեղծությունը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը կարծում է, որ Կոնգրեսը այսօր ապագա խորհրդարանում իր մանդատների հարցն է ընդամենը փորձում լուծել` իշխանական ուժերի հետ համագործակցության պատրաստակամություն ցուցաբերելով:

«Ես այս պահին ուրիշ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ այն քաղաքական գործընթացները, որոնք իրականացվում են, բացի խորհրդարանական ընտրապայքարից, ուրիշ որեւէ գործընթացի միտված չեն», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Արմեն Մարտիրոսյանը` մանրամասնելով. - «Որովհետեւ ցանկացած քաղաքական ուժ, որը ձգտում է իշխանափոխության, ինքը ուղղակի կատարում է քայլեր ընդդիմադիր դաշտի համախմբման համար եւ ոչ թե տարանջատման: Բայց Հայ ազգային կոնգրեսի մեր գործընկերների համար շատ ավելի լավ գործընկերներ են իշխանության ներկայացուցիչները»:

ՀԱԿ-ը համաձայն չէ այս կարծիքի հետ. Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ իրենց ուղեգիծը ժողովրդավարության կառուցումն է եւ այդ նպատակին հասնելու համար, որպես ոչ դոգմատիկ ուժ, իրենք պետք է փորձեն տարբեր ուղիներ եւ մարտավարություն:

ԲՀԿ-ն պաշտոնապես չի պատասխանի ՀԱԿ-ի առաջնորդի հայտարարություններին
please wait

No media source currently available

0:00 0:05:13 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG